ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողով է այցելել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ազգությամբ եզդի Միրզա Դինային: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Շիրակ Թորոսյանը, Սոս Ավետիսյանը:
ԱԺ պատգամավորները շնորհավորել են Միրզա Դինայիին «Ավրորայի» դափնեկիր դառնալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ մրցանակի Ընտրող հանձնաժողովը ճիշտ ընտրություն է կատարել: Ռուստամ Բաքոյանի հավաստմամբ՝ անչափ կարեւոր էր մրցանակի շնորհումը ազգությամբ եզդի մարդասիրական գործչին, քանի որ, ըստ նրա, Մերձավոր Արեւելքում բնակվող եզիդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը դեռ շարունակվում է: «Այս փաստը դրա արձագանքն էր եւ Միրզա Դինայիի մարդասիրական գործունեության ճշգրիտ գնահատականը»,-ասել է ԱԺ պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել մրցանակակրի գործունեությունը: Նա նշել է, որ եթե Միրզա Դինայիի նման գործիչներ չլինեին, ապա աշխարհը կգնար կործանման:
«Ես կրկնակի հպարտ եմ, որ մրցանակը ստացել եմ Հայաստանում, ցեղասպանություն ապրած ժողովրդի զավակներից»,-ասել է «Ավրորայի» դափնեկիրը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանում եզդի համայնքը եւ ազգային մյուս փոքրամասնություններն ապրում ու աշխատում են առանց որեւէ խնդիրներ ունենալու: «Ձեր երկրում եզդիները պահել են իրենց ինքնությունը»,- նշել է Միրզա Դինային: Կարեւոր է համարվել նաեւ այն, որ եզդի ժողովուրդը մեր երկրում ունի իր ազգային հոգեւոր կենտրոնը:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավորները Միրզա Դինայիին մաղթել են աննկուն կամք ու հաջողություն՝ նրա մարդասիրական առաքելության գործում:
Ազգային ժողով