Որպեսզի հասկանանք կառավարության այսօրվա և վաղվա գործողությունները, պետք է հասկանանք նրա ծագումնաբանությունը: Մեկուկես տարի առաջ 70 տոկոս քվե ստացած ուժը ձևավորվեց ընդդեմ գործող համակարգի գաղափարի շուրջը հավաքված մարդկանցից, որոշ դեպքերում` նաև հին համակարգի ներկայացուցիչներից»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
-Անզեն աչքով էլ նկատելի է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ բազմերանգ խորհրդարանում իսկապես օրենսդրական գործունեություն ծավալողներին, օրենքներ գրողներին ու մշակողներին մատների վրա կարելի է հաշվել: Վերջապես ե՞րբ կհաջողվի ունենալ այնպիսի խորհրդարան, որտեղ մանդատ ստացածները կհասկանան՝ ուր են եկել և ինչի համար:
-Հանրության պատկերացումներին համապատասխան խորհրդարան ունենալու համար նախ պետք է ձևավորված քաղաքական կուսակցություններ ունենալ, իսկ նման կուսակցություններ ունենալու համար քաղաքական համակարգի տրամաբանությունն է պետք փոխել, որպեսզի մարդ-կուսակցությունները կամ մեկ մարդու քաղաքական-տնտեսական կարիքները հոգացող շահերի խումբը կուսակցություն չկոչվի, ընտրություններին մասնակցելու հնարավորություն էլ չունենա: Քաղաքացու շահերը սպասարկող Ազգային ժողով չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ համանման կուսակցություններ չունենք:
-Կառավարությունը, առանց գնում հայտարարելու, վարչապետի մտքերը տարածող պաստառի համար մոտ 100 հազար դոլար է ծախսել։ Նման պաստառ ունենալը խիստ անհրաժեշտությու՞ն էր։ Եթե անգամ ենթադրենք, որ արդարացված ծախս է արվել, ապա ինչո՞ւ է այն իրագործվել առանց մրցույթ հայտարարելու։
Կարդացեք նաև
-Բազմաշերտ հարց է, ու ակնհայտ է հետընթաց հեղափոխության արժեքներից: Նախ՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ձևակերպումն ինքնին հետընթաց է, քանի որ ամբողջությամբ ՀՀԿ-ի տրամաբանությանն ու արժեհամակարգին բնորոշ հայտարարություն է, որտեղ խոսք չկա Հայաստան պետության, պետականության, ինքնիշխանության, իրավական ու սոցիալական պետության մասին, ինչը կառուցելուն էր միտված հեղափոխությունը: Փոխարենը լղոզված ինչ-որ ձևակերպում ենք տեսնում, որ «օջախի» տրամաբանության մեջ պետական հարցերը կարելի է «տնավարի» լուծել: Եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանով նոր շունչ, նոր որակ հաղորդել «Հայաստան», «օջախ», «ընտանիք», «ժողովուրդ» եզրույթներին առանձին-առանձին, ապա լավագույն տարբերակը չի ընտրվել. այս տեսքով «մեսիջը» մեզ ծանոթ է ու մերժելի:
Ինչ վերաբերում է մոտ 100000 ԱՄՆ դոլարն առանց մրցույթի վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը տալուն, ապա այդ մասով քաղաքացիները հստակ հարցադրում են արել և սպառիչ պատասխան չեն ստացել: Մարդկանց ողջամիտ կասկածը՝ կոռուպցիոն ռիսկի մասով, չի փարատվել, որովհետև «օրենքի տառին համապատասխան» եզրույթին հղում անելը շատ կասկածելի է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում