Այսօր իշխանության երկրպագուներն ասում են, որ Հայաստանում ամեն ինչ փոխվել է դեպի լավը, փնթփնթան մարդիկ վստահ են, որ ոչ մի բան չի փոխվել, իսկ իշխանության հակառակորդները պնդում են, որ, այո, փոխվել է, բայց՝ դեպի վատը: Երեքն էլ, իմ կարծիքով, սխալ են:
Հայաստանում երկու բան փոխվել է դեպի լավը.
1/ իշխանությունը ձեւավորվել է օրինական ընտրությունների արդյունքում,
2/ այդ իշխանությունը կոռումպացված չէ:
Կարդացեք նաև
Այդ երկու չափանիշներն այնքան կարեւոր են, որ կարելի է խոսել ոչ միայն պարզապես «լավի», այլեւ՝ Հայաստանի համար ֆենոմենալ նվաճման մասին:
Մնացած հարցերում՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական վիճակ, կրթություն եւ այլն, առանձնապես ոչինչ չի փոխվել: Իհարկե, դրանք այնպիսի ոլորտներ են, որտեղ փոփոխությունները արագ չենք զգա «մեր մաշկի» վրա: Այստեղ պարզապես ցանկալի է իմանալ, թե ուր ենք մենք գնում, ավելի ճիշտ՝ որ ուղղությամբ է մեզ ուզում տանել կառավարությունը: Հեղափոխական-ռոմանտիկ բանաձեւերն այս պարագայում բավարար չեն:
Ինչը կարող էր արագ փոխվել եւ չի փոխվել՝ դա երեսպաշտությունն է եւ իշխանական թիմի վրա դրված՝ ամեն ինչ արդարացնելու պարտադրանքը: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ սկսած մանրուքներից: Հիշո՞ւմ եք, ժամանակին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) ակնարկում էր, որ պատրաստ է բռնաբարել հանուն Սեյրան Օհանյանի ընտանիքի: Դուք լսե՞լ եք, որ որեւէ ՀՀԿ-ական ասեր, որ նման տոնով խոսել չի կարելի: Ոչ, բոլորն արդարացումներ էին գտնում Շմայսի այդ, մեղմ ասած, ոչ ջենթլմենական պահվածքի համար:
Երբ Անդրանիկ Քոչարյանը «հիշեց» Արփինե Հովհաննիսյանի մորը եւ հանգուցյալ հորը, դա հատուկենտ «իմքայլականների» բացասական գնահատականներին արժանացավ, ընդհակառակը՝ որպես արդարացում իշխանական թիմի ներկայացուցիչները սկսեցին թվարկել Արփինեի մեղքերը:
Բայց դա մանրուք է՝ թեեւ հատկանշական: Ավելի նշանակալից է քաղաքական ծրագրերը «իրավական» պատյանի մեջ դնելը: Մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը, հավատարիմ չմնալով իր խոստմանը, որոշել էր շարունակել ղեկավարել երկիրը՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ի՞նչ էին անում հանրապետականները: Նրանք ասում էին, որ հարցին պետք է մոտենալ զուտ իրավական տեսանկյունից՝ իրավունք ունի՞, թե՞ չունի այդ գործիչը վարչապետ աշխատելու, ինչպես նաեւ կիրառում էին «չի հավակնում, բայց ցանկանում է» բառախաղը: Հիմա գործադիր իշխանությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է իրեն ենթարկվի, իսկ նախորդ իշխանությունից մնացած Հրայր Թովմասյանը դրան խանգարում է: Բայց քաղաքական այս ծրագրի մասին ուղիղ չի ասվում՝ գտնվում են տարատեսակ «իրավական» հիմնավորումներ «ՍԴ-ի ոչ լեգիտիմության», «իշխանությունը յուրացնելու», «հանցավոր սանիկների» եւ «ապօրինի գույք ունենալու» մասին: «Իմ քայլի» պատգամավորները պարտադրված են կրկնել այդ հարցում մշակված պաշտոնական բանաձեւերը:
Իհարկե, բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է. ճիշտ նույն ձեւով էին վարվում նույն Արփինե Հովհաննիսյանը եւ Հրայր Թովմասյանը՝ «իրավական տեսք» տալով նախորդ իշխանության քաղաքական ծրագրերին: Թերեւս դա անում էին ավելի արհեստավարժ կերպով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ա Իշխանությանը պակասում է իր հակակշիռ մարտավարական ընդդիմությունը, որն անկեղծորեն իշխանության հետ ունի միեւնույն ազգային ռազմավարությունը: Մենք չունենք մեր մարտավարական ընդդիմությունը իր ստվերային կառավարության հետ միասին, որին իշխանական կառավարությունն իր հետ պետք է վերցնի բոլոր արտաքին թե ներքին ռազմավարական համաձայնագրերի ստորագրման ու բանակցությունների ժամանակ: Իսկական ընդդիմություն ձեւավորելուց առաջ ազգովին պետք է հստակ ձեւակերպենք մեր ռազմավարությունն ու այն իրացնելու ճանապարհային քարտեզը տասնամյակների կտրվածքով: