Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից». Արձագանքում են իրավաբանները

Հոկտեմբեր 21,2019 23:07

Համացանցում մի շարք գործիչներ անդրադարձել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10220403060690759

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։

Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետևում «անզեն աչքը» չի նկատի մի կարևոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ, եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետև բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։

Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։

Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»։ 

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3677530518939459

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը նշում է.

«Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։

Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։

Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են…»:

https://www.facebook.com/gohar.meloyan/posts/2437820442919718

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր Գոհար Մելոյանը գրում է.

«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի /պաշտոնեական կեղծիք/ 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երեվանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։

Հետևաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է և հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։

Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2547735365457858&id=100006642580999

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Ձերբակալումը կատարվում է`

1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.

2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:

Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:

ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում:

Հուսով եմ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի:

Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու:

Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը»:

https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2632545893470303

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ հայտնում է. «Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։
Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։
Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։

Հիմա. միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման` օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։

Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Նորից սկսվեց – ,,օրենքի այսինչ կետով, այն ստորակետով եւ այլն, ապացուցվում են …. որ միչեւ օդանավակայն այսքան է! (Ռայկինին հիշեցինք): Իսկ հարցի էությունը չափազանց պարզ է՝ այդ մարդուց (եւ այդ դատարանից) պիտի ազատվեն, որովհետեւ հարկավոր է որ ազատվեն, որովհետեւ տրամաբանական ու օգտակար կլինի որ ազատվեն, եւ մեծ սխալ են թույլ տվել որ մինչեւ հիմա չեն ազատվել: Իսկ օրենքը, կետերն ու ստորակետները մարդիկ են մշակել ու դրել՝ որպիսզի թեթեւացնեն ու հեշտացնեն խնդիրների լուծումը, եւ իրենց կյանքը: Այս դեպքում սակայն հասկանալի ,,վթար,, է տեղի ունեցել՝ կետերն ու ստորակետները սկսել են խանգարել կարեւոր խնդրի լուծմանը, քանի որ այս դեպքը ,,ծրագրի,, մեջ նախատեսված չի եղել: Կամ էլ ասենք, ի սկզբանե ,,ծրագրի,, մեջ ,,վիրուս,, է եղել եւ հիմա կոմպյուտերը կախվել է: Մնացածը պիտի հասկանալի լինի – կոմպն իր ծրագրով մի կողմ ես հրում եւ անցնում ես, այսպես ասած, ,,ձեռքային ռեժիմի,,: Այնպես որ խնդիրն ինչքան շուտ լուծվի այս դեպքում, այնքան լավ բոլորի համար, սրտաճմլիկ պատմություններ, անբուժելի ծանր հիվանդություններ ու ինֆարկտներ գոնե քիչ կլինեն ….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031