Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։
Որպես թիրախային ուղղություններ՝ կողմերը նշեցին ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Զրուցակիցները կարևորեցին նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Մտքեր փոխանակվեցին երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվեց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարևորեց ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:
ՀՀ ԱԳՆ