Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական ցուցանիշները հեղափոխակա՞ն են, թե՞ ոչ. մեկնաբանում են տնտեսագետները

Հոկտեմբեր 21,2019 20:45

Միջազգային կառույցների՝ ՀՀ-ի տնտեսական ցուցանիշների բարելավումը կարեւոր եւ դրական ազդակ է մեր երկրում ներդրումների համար: Այս մասին այսօր «Արմենպրես» ակումբում ասացին տնտեսագետներ Արտակ Մանուկյանն ու Ինգա Ղալայանը:

Համաշխարհային բանկն ու արժույթի միջազգային հիմնադրամն Հայաստանի  տնտեսական աճի կանխատեսումները բավականին բարելավել, եւ  եթե ՀԲ-ն նախկինում կանխատեսում էր 4.2% աճ, ապա այժմ  կանխատեսում է 5.5%, իսկ արժույթի միջազգային հիմնադրամը նախկինում կանխատեսում էր 4.6%, այժմ՝ 6%:

Նշված կառույցներն իրենց կանխատեսումներն արել են հաշվի առնելով, ինչպես Ղալայանն ասաց, երկրի ներքին իրավիճակը, դիտարկում են, թե ինչ քաղաքականություն է վարվում, կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարը, հարկային բարեփոխումները. «Դիտարկվում են նաեւ գնաճային ճնշումները, որոնք բացակայում են մեր երկրում, ամենակարեւորը՝ Հայաստանի ֆինանսական շուկայում կայունություն է գրանցվում: Համաշխարհային բանկը բարելավել է նաեւ մեր մրցունակության ցուցանիշը»:

Ինգա Ղալայանն ասաց, որ այս կառույցներն անդրադարձել են  նաեւ աղքատությանն ու գործազրկությանը. ՀԲ-ն կանխատեսում է, որ մինչեւ 2021 թվականն աղքատության մակարդակը կնվազի՝ դառնալով 7%, 2017-ին 12.3% էր, արժույթի միջազգային հիմնադրամն էլ կանխատեսել է, որ գործազրկության մակարդակը կնվազի՝ կազմելով 17.5%, այսինքն 1 տոկոսային կետով կնվազի:

Հայաստանի  տնտեսական ցուցանիշների կանխատեսումը բարելավել է Ասիական զարգացման բանկը՝ նախկին 4.3%-ի փոխարեն սահմանել է 4.8%: Ղալայանն ասաց, որ այս համատեքստում կարեւոր է մեր կենտրոնական բանկի կանխատեսումը՝ տարին կփակենք 6.9 % տնտեսական աճով:

Ասուլիսի մեկ այլ բանախոս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նկատեց՝ եթե դիտարկենք աշխարհի զարգացումները, ապա դրանց հետ կապված այս բոլոր կառույցներն ավելի վատատեսական կանխատեսումներ են արել. «ԱՄՆ-Չինաստան հնարավոր առեւտրային պատերազմները, տարբեր տարածաշրջաններում որոշակի բացասական զարգացումները՝ աշխարհի մակարդակով զարգացման ավելի նվազ սցենար է դրված, մոտավոր 3%: Հայաստանն ավելի բարելավել է իր դիրքերը»:

Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի դրական միտումները, Մանուկյանը պատասխանեց՝ դրանք պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ արտաքին շուկաներում պահանջարկի որոշակի նվազումը բերում է նրան, որ այն երկրները, որոնք հանքահումքային ռեսուրսներից են շատ կախված, դրանք ավելի մեծ չափով են զգում այս ազդեցությունը, իսկ այն երկրները, որտեղ ծառայություններն են ավելի կարեւորվում, ապա ավելի անցնցում են տանում: Ըստ տնտեսագետի, նաեւ կարեւոր են տվյալ երկրի կատարած, օրինակ՝ ենթակառուցվածքներում ներդրումները. «Զարգացող երկրներն ավելի մեծ հնարավորություն ունեն այդ նույն ներդրումների դիմաց ավելի մեծ տնտեսական աճ գրանցել, քան զարգացած երկրները, որովհետեւ այստեղ ավելի մեծ է չօգտագործված ներուժը»:

Տնտեսագետի կարծիքով՝ մենք ունենք չօգտագործված ներուժ. «Վարչապետը պարբերաբար ասում է, որ երկնիշ տնտեսական աճը միֆերից չէ, բայց դրա համար չափազանց կարեւոր է, որ մենք ստեղծենք նախադրյալներ, իսկ դրանք առանց ենթակառուցվածքներում ներդրումների դժվար կլինի»:

Արդյոք նշված ցուցանիշներն ու կանխատեսումները տնտեսական հեղափոխության ցուցանիշներ են, եւ ինչպես տնտեսագետներն են ասում՝ հեղափոխական տնտեսական  մոդելի մասին խոսք լինել չի կարող: Այս առնչությամբ էլ Արտակ Մանուկյանն ասաց, որ ամեն մարդ կարող է, կախված իր մասնագիտական ունակություններից, կամ կարդացվածությունից, կամ հարցին տիրապետելուց՝ տարբեր գրառումներ անել, բայց որպեսզի հասկանանք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, կան վիճակագրական կոմիտեի զեկույցներ, կա մեթոդաբանություն, ըստ որի էլ վերանայվում են այդ ցուցանիշները:

«Հիմա եթե մենք դիտարկում ենք՝ 4.9%-ն արդյոք թռիչքային զարգացում է կամ տնտեսական հեղափոխություն է, թե՞ ոչ, իհարկե, կախված է, թե ինչի հետ ենք համեմատում: Եթե համեմատում ենք մեր այն բաղձալի տնտեսական աճի ցուցանիշի հետ, իհարկե, սա չի հանդիսանում այն ցուցանիշը, որը մենք կարող ենք ակնկալել: Բայց մենք չենք կարող իզոլյացված լինել աշխարհում տիրող տնտեսական միտումներից, եւ, եթե մենք դիտարկում ենք, որ աշխարհում նույն 2020 թվականի համար կանխատեսվում է մոտ 3.5% տնտեսական աճ, եւ վերջին 5 տարիներում, լավագույն դեպքում, մեր ու աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշները եղել են շուրջ 1%-ի  շրջանակներում, որն այս դեպքում շատ ավելին է, քան 1%-ը, այսինքն, մենք փորձում ենք մեր եւ աշխարհի միջին երկրների հետ խզումը նվազեցնել, իհարկե, սա դրական միտում է: Բայց որպեսզի այդ բաղձալի մակարդակին հասնենք, չափազանց կարեւոր է, որ մեր տնտեսության մեջքը շտկենք, որպեսզի մեծացնենք հնարավորությունները, որովհետեւ այն պոտենցիալը, որ կա գյուղատնտեսությունում, հնարավորություն չի ընձեռում հիմքերն ապահովենք»,-ասաց Մանուկյանը:

Ինգա Ղալայանն էլ հիշեցրեց պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը՝ միջազգային կազմակերպությունների կանխատեսմամբ այն նվազելու է. «Այսինքն, ցանկացած միջոց, որը փոխառնվելու է, ծախսվելու է արդյունավետ, ստեղծվելու են համապատասխան արտադրություններ, որոնք հնարավորություններ են տալու զարգացնել տնտեսությունը»:

Օտարերկրյա ներդրումների մասին հարցին ի պատասխան էլ Ղալայանն ասաց, որ դրական միտում կա,  օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել:

Մանուկյանն ավելացրեց՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, առաջին կիսամյակը դիտարկելով, փոքր, բայց աճը կա:

Ինգա Ղալայանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունների ցուցանիշները կարեւոր ազդակ են ներդրումների համար, օրինակ՝«Մուդիս»-ը Հայաստանի գնահատականը եւս բարձրացրել է, սա կարեւոր է ներդրողների համար. «Դրա հիման վրա Հայաստանը կարողացավ եվրաբոնդեր թողարկել ցածր տոկոսադրույքով՝ 4.2%: Եվրաբոնդերի տեղաբաշխումից հետո պարզ դարձավ, թե որքան մեծ է պահանջարկը, ինչը խոսում է Հայաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրության մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031