Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան. «ՍԴ դատավորն ունի գործառութային անձեռնմխելիություն»

Հոկտեմբեր 21,2019 18:50

Արդյոք ՍԴ-ում ճգնաժամ կա՞, ավելի շատ իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացներ են ընթանում, ինչպես է վերաբերվում նման պնդումներին: Այս հարցերին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց. «Նման պնդումներ անելու համար պետք է ունենալ որոշակի փաստեր, ես տիրապետում եմ տեղեկատվությանը այնքան, որքան մոտավորապես դուք եք տիրապետում: Կա քրեական գործ, պարտականություն` իրավապահ մարմինների գործելու, որոշակի ԶԼՄ հաղորդագրության մեջ փաստերը ստուգելու կամ եթե կա հաղորդում, դրան համապատասխան կա քրեադատավարական ընթացակարգ:

Այդ ընթացակարգի շրջանակում ես չեմ տեսնում որեւէ գործողություն, որեւէ իրավական գնահատական, որը կարող է մեկնաբանվել քաղաքական հետապնդման համատեքստում»: Բադասյանի ձեւակերպմամբ, իրավապահ մարմինները պետք է զգույշ լինեն որեւէ գործողություն թույլ չտալու համար, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել:

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի քրեական գործին, այս մասին էլ նախարարն ասաց. «Եղել է հաղորդում հանցագործության մասին պատգամավորի կողմից»: ՀՔԾ-ի այդ գործով կարո՞ղ է որեւէ կարգավիճակ ստանալ Հրայր Թովմասյանը: «ՍԴ դատավորն ունի գործառութային անձեռնմխելիություն, բայց չեմ կարծում, որ հիմա պետք է այդ հարցին անդրադառնալ, որովհետեւ որեւէ հիմք այս պահին խոսել նրա մասին, որ Հրայր Թովմասյանը կարող է այդ գործով կարգավիճակ ունենալ, ես չեմ տեսնում, որպեսզի մենք սկսենք մեկնաբանել»,-ի պատասխան ասաց նա:

Նախարարի ձեւակերպմամբ, բացառվում է, որ առանց որեւէ հիմքի Թովմասյանի հարազատներին հրավիրեին հարցաքննության: Բադասյանի խոսքով, գործ հարուցելու հիմքերը մի բան են, մեղադրանք առաջադրելը` մեկ այլ բան, գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելը` ուրիշ բան:

Ռուստամ Բադասյանը նաեւ հավելեց. «Սահմանադրական դատարանի հետ կապված ես ասել եմ, որ ինձ մտահոգում է այն ճանապարհը, որով ՍԴ ներկայիս գործող նախագահ Հրայր Թովմասյանը ընտրվել է որպես ՍԴ նախագահ»: Նա ընդգծեց, որ չի կարող կատարվածը գնահատել որպես իշխանության զավթում. «Նման գնահատական կարող է տալ միայն քրեական վարույթ իրականացնող մարմինը»:

Ռուստամ Բադասյանը խոսեց նաեւ արգելված իրերի, մասնավորապես թմրանյութերի հայտնաբերման մասին, ինչը քրեակատարողական ծառայության եւ ԱԱԾ-ի, ոստիկանության սերտ համագործակցության արդյունք է:

Լրագրողներից մեկը հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այն գործերը, որոնցում արյուն կա, չեն ներվելու, հետաքրքրվեց` ուսումնասիրվելո՞ւ են 1991-2018թթ. գործերը, խոսք գնաց նաեւ անցումային արդարադատության գործիքակազմի մասին: «Անցումային արդարադատության մոդելում դրված չէ պատժիչ նպատակ, դա պատժելու, քրեական գործեր հարուցելու նպատակ չի հետապնդելու, դա արված է նրա համար, որ հնարավոր լինի որոշակի գնահատական տալ ընտրությունների կեղծման, սեփականությունից զրկելու այն դեպքերին, որոնք ապօրինի են եղել եւ մտածել տուժողների խախտված իրավունքները վերականգնելու մասին, որը կարող է լինել դրամական փոխհատուցումների կամ այլ ձեւերով»,-ասաց Բադասյանը: Հավելեց, որ մնացած դեպքերը կքննվեն օրենքով, եւ եթե օրենքը նախատեսում է ազատազրկում կոնկրետ արարքի համար, դա կկիրառվի:

Ռուստամ Բադասյանը համոզված է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի իդեալական լուծում կարող է լինել այն, եթե կամավոր վաղ կենսաթոշակի սխեմայի շրջանակներում դատավորները դիմեն կենսաթոշակի համար, բայց դա իրենց կամքի արտահայտությունն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031