Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզա Դինայի. Մարդասիրական գործունեությամբ զբաղվելն իմ կյանքի կարևորագույն մասն է

Հոկտեմբեր 21,2019 18:40

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ, «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների  մրցանակակիրները, դասախոսներ և ուսանողներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ-ն հիմնադրման  հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում սիրով հյուրընկալել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության հաղթողին, իսկ 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչև տարվա վերջ:

Հանդիպման սկզբում ներկաները դիտեցին տեսանյութ Միրզա Դինայիի հիմնադրած «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության գործունեության և ցուցաբերած մարդասիրական օգնության մասին:

«Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ Սիրիայում և Իրաքում, կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի ներկայացուցիչներին։

Միրզա Դինային փրկել է ավելի քան 1.500 մարդկանց, հիմնականում կանանց և երեխաների՝ օգնելով վերականգնողական բուժում ստանալ Գերմանիայում:

Դասախոսության սկզբում Միրզա Դինային շնորհակալություն հայտնեց հրավերի համար և շնորհավորեց ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որից հետո ներկայացրեց իր գործունեությունն ու ապագայի ծրագրերը:

Այն հարցին, թե ինչպիսի զգացողություն ուներ, երբ հաղթողի անվանակարգում բեմից իր անունը հնչեցրին, Միրզա Դինային նշեց, որ շատ անսպասելի էր իր  համար:

«Մարդասիրական գործունեությամբ զբաղվելն իմ կյանքի կարևորագույն մասն է, և ես «Ավրորա»-ն երբեք մրցույթ չեմ համարել,- ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը,- երբ բեմից իմ անունը
հնչեցրին, ես ասացի, որ իմ մյուս գործընկերները նույնպես արժանի են այս մրցանակին»:

Խոսելով իր նպատակների մասին՝ Միրզա Դինային նշեց, որ «Ավրորա»-ն իրեն մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար մեծ հարթակ է տրամադրել:

«Ինձ համար «Ավրորա» ընտանիքի անդամ լինելը շատ պարտավորեցնող է, և ես փորձելու եմ այս ընթացքում ընտանիքի լավ անդամ դառնալ»,- ասաց նա:

Խոսելով ահաբեկիչների ձեռքից մազապուրծ եղածներին ցուցաբերած օգնության մասին՝ դափնեկիրը ներկայացրեց մի քանի կազմակերպություններ և ծրագրեր, որոնց շնորհիվ կանանց և երեխաներին տրամադրվել է սոցիալական ու հոգեբանական օգնություն:

«Այս պահին մենք աշխատում ենք երեք կազմակերպությունների հետ, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժածներին, այդ կազմակերպություններն են «ՍԻԴ» (SEED Foundation) և «Շայ» (Shai Fund) հիմնադրամները, «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը (Luftbrücke Irak)»,- պարզաբանեց Միրզա Դինային:

Հյուրը պատասխանեց նաև ուսանողներին հուզող հարցերին՝ ներկայացնելով գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հաղթահարման ուղիները, նշելով, որ մարդասիրական գործունեությունը պատասխանատվություն և շարունակական աշխատանք է ենթադրում, և եթե մարդը որոշել է զբաղվել մարդասիրությամբ, ուրեմն պետք է հստակ գիտակցի, որ դա ողջ կյանքի համար է:

«Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է»,- վերջում նշեց Միրզա Դինային:

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031