«Եկել եմ տղաներին աջակցելու: Կարծում եմ՝ շատ պարզ է, թե ինչ է կատարվում՝ այս անօրինականությունը…»,-Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի կալանավորման դեմ նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Նա նշեց՝ համամիտ է պաշտպանական կողմի դիրքորոշման հետ, որ երիտասարդների հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է:
Հիշեցնենք՝ Նարեկ Մութաֆյանը, ինչպես նաեւ Սարգիս Օհանջանյանը վերջերս տեսախցիկով մոտեցել էին Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին եւ նկարահանելով` հարցեր հղել։ Հարուցվել էր քրեական գործ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հատկանիշներով։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի` Մութաֆյանին ու Օհանջանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Լեւոն Քոչարյանը նշեց. «Ասում են, թե նրանք խոչընդոտել են արդարադատությանը: Կարծում եմ՝ դա պարզապես աբսուրդ է: Ի՞նչ խոչընդոտման մասին կարող է խոսք լինել, երբ մոտեցել են, հարց տվել, չեն վիրավորել, վարչապետի խոսքն են կրկնել («պատերի տակ վնգստացող դատավորներ»,-խմբ.): Դա նիստի ժամանակ չի տեղի ունեցել: Մինչդեռ արդարադատության խոչընդոտում չեն որակում այն փաստը, որ երբ ՍԴ որոշման հիման վրա հորս խափանման միջոցի փոփոխության հարցով դատարանը գտնվում էր խորհրդակցական սենյակում, եւ հաջորդ օրը պետք է որոշումը հրապարակեր, երկրի առաջին դեմքերը, ի դեմս վարչապետի եւ ԱԺ նախագահի, ՍԴ որոշումն «ապօրինի» էին որակում: Այ սա է արդարադատության անմիջական խոչընդոտումը, չհաշված՝ դատարան արգելափակելը, դատավորին հրել-գցելը: Հստակ նպատակ կա՝ այն դատավորը, որն իրենց համար հաճելի որոշում է կայացնում, կանգնում են նրա մեջքին, իսկ չենթարկվող դատավորների հանդեպ ամեն ինչ թույլատրվում է՝ դատավորի հանդեպ քրեական գործ են հարուցում, լիազորությունները դադարեցնում …»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման շուրջ գործընթացին, Լեւոն Քոչարյանը հարցադրում արեց. «Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե սեպտեմբերի չորսին ՍԴ-ն իշխանությանը ոչ հաճո որոշում կայացներ, այդ ամենը տեղի չէր ունենա…ՍԴ-ի հանդեպ ճնշումը սկսվեց, երբ պարզ դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսին Մարտի մեկի գործի վարույթը կասեցրեց եւ ուղարկեց ՍԴ: Այդ ժամանակ հասկացան, որ ՍԴ-ն ամբողջությամբ իրենց ենթակայության տակ չէ, եւ սկսվեց այս ամենը: Ուղղակի ամոթ է, ի՞նչ ասեմ: Համոզված եմ, որ իր վերջո բոլորը պատասխան են տալու այս ապօրինությունների համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ