Ամենօրյա համերգներ. սա նոր ձևաչափ է‚ որ ներդրվում է դասական երաժշտության երևանյան փառատոնային իրականության մեջ։ Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս ձևաչափով անցկացրեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Իսկ ահա նոյեմբերի 1-9 Երևանում կանցկացվի նախադեպը չունեցող մի երաժշտական նախաձեռնություն՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որը մայրաքաղաքում կհամախմբի մեր օրերում դասական երաժշտություն արարող լեգենդար կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյան‚ Քշիշտոֆ Պենդերեցկի, Ցիգան Չեն, Ալեքսեյ Շոր, Գեորգս Պելեցիս, Պյոտր Չայկովսկի‚ Կառլ Ջենկինս։
Անդրադառնալով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի գաղափարին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց‚ որ նվագախումբը տարիներ շարունակ ոչ միայն պրոպագանդել է հայ կոմպոզիտորների արվեստը‚ այլև ունի փառատոնային շարք՝ «Ապրող լեգենդներ»‚ որի շրջանակներում պարբերաբար անդրադառնում է մեր ժամանակների մեծագույն հեղինակներին։ Մասնավորապես‚ 2017թ. «Ապրող լեգենդներ» շարքը Հայաստանում ներկայացրեց վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիին‚ 2018թ.՝ Քշիշտոֆ Պենդերեցկու հոբելյանը և այլն։ Եվ ահա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միտք հղացավ կազմակերպել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որը նպատակ ունի համախմբել այն կոմպոզիտորներին‚ որոնք այսօր ներկայացնում են ժամանակակից դասական երաժշտության ներկապնակը‚ և հայ երաժշտասերներին հնարավորություն տալիս անձամբ վայելելու մեծ կոմպոզիտորների ներկայությունն ու ունկնդրելու նրանց ստեղծագործությունները։
«Հայաստանը փառատոնում կներկայացնի Տիգրան Մանսուրյանը‚ որն այսօր ամենաշատ կատարվող հայ կոմպոզիտորներից է աշխարհում‚ և որի ստեղծագործությունները հնչեցնում են աշխարհի լավագույն մենակատարները»‚- նշեց Սարգիս Բալբաբյանը։ Հենց մանսուրյանական երեկոյով էլ կազդարարվի փառատոնի մեկնարկը։
Անդրադառնալով փառատոնային նոր ձևաչափին՝ պարոն Բալբաբյանը նկատեց‚ որ այսպիսով ցանկանում են իսկական տոն պարգևել ունկնդիրներին՝ նոն-ստոպ ձևաչափով նրանց հրավիրելով համերգների։
Կարդացեք նաև
Անդրադառնալով նման նախագծի կազմակերպման խնդիրներին՝ նվագախմբի տնօրենը նշեց‚ որ կոմպոզիտորներին այս մի քանի օրը Երևանում համախմբելը բավականին բարդ էր‚ այն կազմակերպելու համար մի քանի տարվա աշխատանք է պահանջվել։ Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը մեծ հայտ է ներկայացնում և՜ կազմակերպչական‚ և՜ հայտնի մենակատարների մասնակցության առումով. «Կոմպոզիտորները շատ բծախնդիր են։ Ամենայն մանրակրկիտությամբ ընտրում են այն ստեղծագործությունը‚ որը պետք է ներկայացվի փառատոնի ընթացքում‚ դիտարկում ամեն մանրուք։ Սա յուրօրինակ երևույթ է մեր մշակութային կյանքում‚ և հուսով ենք‚ որ ունկնդիրների լայն շրջանակներ կմասնակցեն միջոցառումների այս շքերթին»։
Կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնելու են աշխարհում մեծ ճանաչում վայելող մենակատարներ՝ դաշնակահարներ Բորիս Բերեզովսկին, Դարիա Չայկովսկայան‚ ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և այլք։
Սարգիս Բալբաբյանն ուրախությամբ ընդգծեց նաև‚ որ այս նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ներկայացնելով Քշիշտոֆ Պենդերեցկուն և Կարլ Ջենկինսին նվիրված համերգային երեկոները, ինչպես նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։
Հավելենք‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գուցե՝ Ալեքսանդր Չայկովսկի … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան