«Քանի կանք, շնչում ենք, մեր երեխաների գործերը պետք է բացահայտվեն»,-հինգ սևազգեստ մայրերի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ հանդիպումից հետո Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց Հադրութում խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:
Նա հիշեցրեց՝ արդեն ինը տարի է պայքարում են, որ իրենց տղաների գործերը բացահայտվեն. դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, ՀՔԾ և այլ մարմինների, բայց ոչ մի արդյունք:
Իրինա Ղազարյանը տեղեկացրեց՝ Լենա Նազարյանին ասել են, որ ուզում են գոնե ինքը մի բան անի Նիկոլ Փաշինյանի հետ միասին, որ իմանան՝ իրենց դիմումները տեղ չեն հասնում, որ գոնե Լենա Նազարյանի միջոցով կարողանան հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
Սևազգեստ մայրն ասաց, որ իրենց՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անցել է մեկուկես տարի, բայց ոչ մի նորություն. «Ամենաառաջին անգամ, որ մտանք Նիկոլ Փաշինյանի մոտ, նա հանձնարարություն տվեց, ասաց՝ կնայեն, կասեցումներից կհանեն, գործողությունները կգնան, նոր քննություն կլինի: Հիմա մենք ուզում ենք մեր ձայնը պարոն Փաշինյանին տեղ հասցնել, որ ինքը ասել է, բայց ներքին խոհանոցում՝ քննչական, դատախազություն, Քննչական կոմիտե, ոչ մեկ ոչ մի գործողություն չի անում»:
Կարդացեք նաև
Սևազգեստ մայրն ասաց, որ Լենա Նազարյանը ժամկետներ չի ասել, խոստումներ չի տվել, ուղղակի հավաստիացրել է, որ կխոսի, կանի ամեն ինչ իրենց օգնելու համար:
Իրինա Ղազարյանը հուսահատված է՝ նույն հին շղթան նստած է, որը չի ուզում ոչ մի գործողություն անել. «Դրա համար ենք ուզում Փաշինյանին դիմել, որ ինքն անձամբ տեսնի, որ և՛ ՀՔԾ-ից մարդ բերի, և՛ Քննչական կոմիտեից, և՛ Արթուր Դավթյանին, և՛ քննիչին բերի, որ հենց մենք Նիկոլ Փաշինյանի մոտ հարցերը տանք, ու տեսնենք, թե իրենք ինչ են ասում…ի վերջո մենք տղա ենք պահել, տվել ենք պետությանը, պետությունը երեխայի գլուխը կերել է ու առ այսօր չի ուզում գործողություն անել: Հասկացանք անցյալը, հանցագործները, բայց դո՞ւք. հիմա փոփոխություն է եղել»:
Իրինա Ղազարյանը ևս մեկ անգամ հայտարարեց այն պահանջը, որը բարձրացնում են արդեն ինը տարի. «Մենք ուզում ենք, որ մեր տղաների գործերը բացահայտվեն, ոչ թե միակողմանի քննություն գնա, ոնց որ իրենք են ուզում, այլ մենք ուզում ենք քննություն գնա պարզ մաքուր, բոլոր վկաներին, հանցագործներին բերեն, հարցաքննեն…երեխայիս համար ասում էին, թե ուռուցք է ունեցել: Նրանք պարտավոր էին դիահերձման ժամանակ ուռուցքը հանել, լուսանկարել և ծնողին ցույց տալ: Իմ երեխային խփել, սպանել եք, կոմայի մեջ եք պահել, ու դուք այդքանից հետո ուզում եք, որ ծնողը լռի՞: Ոչ մի անգամ չի լռելու: Իմ երեխային անօրինական տարել են Ղարաբաղ, երեխաների կյանքն են Ղարաբաղում ուտում ու բերում դիակները ծնողներին են շպրտում: Առ այսօր էլ ոչ մեկին ձեռք չի տալիս, որ գործերը բացահայտեն»:
Իրինա Ղազարյանին հիշեցրինք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինծառայողների հարազատների հետ:
Հիշեցնենք, «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում, պահանջում հանդիպում Փաշինյանի հետ եւ կառավարությունից աջակցություն զոհվածների ընտանիքներին:
Այս առիթով Իրինա Ղազարյանը շեշտեց՝ Մարգարիտա Խաչատրյանն ունի կազմակերպություն, կախում ունի պաշտպանության նախարարությունից, իրեն ֆինանսավորում են: Ըստ սևազգեստ մոր՝ երևի նրա գրպանին են կպել, դրա համար է գնացել Նիկոլ Փաշինյանի մոտ: Թեև ըստ Իրինա Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից էլ պարզ էր, թե ինչի մասին է խոսքը:
Իրինա Ղազարյանի համար անընդունելի է այն, որ Մարգարիտա Խաչատրյանը համեմատել է մարտի 1-ի զոհերին զոհված զինծառայողների հետ՝ նշելով, թե նրանց համար գումար են տալիս հարազատներին, իսկ զոհվածներին՝ ոչ. «Կապ չունի զինվոր է եղել, թե ոչ, ամեն մեկն իր տան ճրագն է եղել: Բոլորիս համար է այդ կռիվը եղել, միայն այդ տասը հոգու համար չի եղել, չարժի ասել՝ ինչո՞ւ նրանց և ոչ մեզ, քանի որ նրանց էլ է ծնող բերել, քո երեխային էլ»:
Իրինա Ղազարյանը հիշեց, թե ինչպես էր Մարգարիտա Խաչատրյանն իրենից հրապարակային ներողություն խնդրել, բայց դա ամոթալի համարեց, քանի որ այն Մարգարիտա Խաչատրյանը, որը հայտարարում էր, թե ոչ մի ծնող բալա չի կանչի, իրեն խաբել է. «Երեխայիս դիակը բերել եք, ինձ դեմ եք տվել, որպես ողջ: Ուրեմն իրեն ասել են, որ պետք է ծնողին խաբես: Քո կազմակերպությունը նրա համար է աշխատում, որ զինվորներին սպանեն, և դու նրանց ծնողներին խաբես, այլ կերպ մեկնաբանել չեմ կարող: Ամառ կլինի, թե ձմեռ, ցուրտ կլինի, քամի, թե ձյուն, մենք պայքարելու ենք, որ մեր տղաների գործերը բացահայտվեն: Բայց ես այդ սևազգեստ կանանց երբեք չեմ տեսել փողոցներում պայքարելիս, այդ ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը նրանց ընդունեց»:
Իրինա Ղազարյանն ասաց, որ շարունակելու են իրենց պայքարը. հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, կլինեն ՀՀ կառավարության առաջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ