Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի աջակցի պաշտպան. «Փաստորեն, տեսանկարահանող սարք պահելով՝ կարող ես արդարադատությանը խոչընդոտել»

Հոկտեմբեր 21,2019 16:07

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի դեմ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին: Այս մասին այսօր՝ բողոքի քննության մեկնարկի օրը, լրագրողներին հայտնեց Նարեկ Մութաֆյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Վարդեւանյանը: «Դեռեւս որոշակի քննություն կատարելու անհրաժեշտություն տեսավ դատարանը, բացի այդ՝ աշխատանքային ծանրաբեռնվածություն կա: Մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը»,-հետաձգման պատճառն այսպես բացատրեց Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք՝ Նարեկ Մութաֆյանը, ինչպես նաեւ Սարգիս Օհանջանյանը վերջերս տեսախցիկով մոտեցել էին Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին եւ նկարահանելով` հարցեր հղել։ Հարուցվել էր քրեական գործ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հատկանիշներով։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի` Մութաֆյանին ու Օհանջանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Օհանջանյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը եւս սկսվելու է այսօր:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի հանդեպ քաղաքակա՞ն հետապնդում է իրականացվում»: Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Հիմնական շեշտը պետք է դնել երկակի մոտեցումների վրա: Այս պարագայում ընտրվեց արարքի որակման ամենախիստ տարբերակը: Հիշեք «Հայելի» ակումբի դեպքը, երբ ընտրվեց հնարավոր ամենամեղմ որակումը: Իհարկե, ամեն քննիչ ազատ է արարքի որակում կատարելիս, բայց դա ցույց է տալիս նաեւ քրեական արդարադատության հանդեպ մոտեցումը: Ինչո՞ւ են ամենածանր եւ խիստ մոտեցումն ընտրել: Այստեղ է խնդիրը:

Վարդեւանյանը հավելեց. «Իր համար զարմանալի է, որ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք են առաջադրել տեսանկարահանելու համար. «Փաստորեն, տեսանկարահանող սարք պահելով՝ կարող ես արդարադատության իրականացմանը խոչընդոտել կամ միջամտել: Ես անգամ տեսականորեն դա հնարավոր չեմ համարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031