Պետբյուջեից հարկատուների հաշվին որեւէ գումար չի հատկացվում «Ryanair» ավիաընկերությանը: Այսօր այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Կարող եք հանգիստ լինել, եւս մեկ անգամ հերքեմ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում՝ նման բան չկա:
«Զվարթնոց» օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք առաջարկում են նոր ուղղություններ: Եթե 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ տվյալ ուղղությամբ, մենք նախատեսում ենք օդի տուրքի վերացում: Իրենց բիզնես ծրագրի դետալներին ես ծանոթ չեմ, բայց այդպիսի ավիաընկերություններն աշխատում են մաքսիմալ արդյունավետության մեխանիզմով: Արտոնությունը, կրկնեմ, սահմանված չէ մեկ ընկերության համար»:
Տիգրան Ավինյանն ասաց, որ մի քանի ուղղությամբ են աշխատում. «Հայաստանի նման երկիրն ունի խնդիր ամրապնդելու իր օդային կապերը եւ նոր ուղղություններ հաստատելու: Դա մեր ռազմավարությունն է: Երկրորդը՝ տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, եւ այդ ուղղությամբ մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել այդ մասին»:
Հարցին, ինչի՞ հաշվին է ավիաընկերությունն այդպիսի ցածր սակագին սահմանում, փոխվարչապետը պատասխանեց. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամբողջ տրամաբանությունն այդպիսի ընկերությունների այն է, որ նրանք կենտրոնանում են հնարավորինս արդյունավետության վրա»:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանի խոսքով, միակ աջակցությունը, որի մասին խոսվել է, վերաբերում է Գյումրիի օդանավակայանին, որին Եվրոպական միության եւ օդանավակայանի միասնական ջանքերի շնորհիվ հավելյալ արտոնություն է տրվելու. «Որը կրկին բյուջեի հաշվին չէ»:
Փոխվարչապետը չմանրամասնեց՝ խոսքն ի՞նչ արտոնության մասին է, առեւտրային գաղտնիք է:
Դիտարկմանը, թե վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդականն այն կարծիքին է, որ լոուքոսթերի մուտքն այս փուլում վտանգավոր է տեղական ավիաընկերությունների համար, Տիգրան Ավինյանը պատասխանեց, «Ես կարծում եմ, որ վարչապետի օգնականը պետք է զբաղվի իր գործառույթներով՝ խորհուրդներ տալով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ