Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Նախկինում կապիտալիզացիա ասելով՝ հասկացանք թատրոններում սրճարան ու ռեստորան բացելը»

Հոկտեմբեր 21,2019 14:51

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացվել է «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որի վերաբերյալ զրուցեցինք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ:

Պարոն Խզմալյան, ինչո՞վ էր պայմանավորված «Արժեք և Գին» աշխատաժողովի շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների նման հավաքը, որը, որքան գիտեմ, նման ձևաչափով երբևէ առաջին հանդիպումն էր:

-Իմ բացման խոսքում մատնանշեցի կարևոր մի հանգամանք՝ չի կարելի սկսել ոլորտի բարեկարգումը և ընդունել որոշումներ՝ առանց խնդիրների խորքային ուսումնասիրության և դրանց հստակ ձևակերպման: Սա թերևս պայմանավորված է նաև իմ գիտական գործունեության ձևավորած բնավորությամբ: Տեսեք, նախկինում խնդիր էր դրվում մշակութային հաստատությունների կապիտալիզացիայի, բայց ոլորտի քիչ թե շատ համակողմանի ուսումնասիրություն, ռեսուրսների գնահատում, օրենսդրական պայմանների վերլուծություն չիրականացավ: Եվ հետևանքը եղավ այն, որ կապիտալիզացիա ասելով՝ հասկացանք թատրոններում սրճարան ու ռեստորան բացելը:

Այս հանդիպումը ես դիտարկում եմ իբրև խնդիրների մասնագիտական ձևակերպման մեկնարկ, որին հաջորդելու է խնդիրների դասակարգման ընթացքը՝ պարզելու համար, թե որոնք են պատկանում օրենսդրական դաշտին, որոնք են պայմանավորված տվյալ կազմակերպությունների կառուցվածքով կամ ղեկավարների իրազեկվածության պակասով: Եվ ամենակարևորը՝ ոլորտի կարգավորումը պետք է տեղի ունենա նույն այդ ոլորտի գործիչների ներառվածության սկզբունքով:

Ի՞նչ հիմնական խնդիրներ պարզվեցին:

-Աննկարագրելիորեն առատ են ՊՈԱԿ-ներում առկա խնդիրները՝ սկսած տեխնիկականից և վերջացրած կադրային դեֆիցիտով ու օրենսդրական խութերով: Ես, անկեղծ ասած, սկզբից իսկ չեմ ակնկալել բոլոր հարցերի պատասխաններն ստանալ: Ինձ համար ավելի կարևոր էր, որ հասկանանք մեր չիմացության շրջանակները: Եվ այս իմաստով չափազանց օգտակար դեր կատարեցին մեր փորձագետները՝ շուկայագիտության, իրավագիտության, ֆինանսների ու պետական գնումների առաջատար մասնագետները: Մի բան ակնհայտ է՝ փոխվում է տնտեսությունը, քաղաքականությունը, մեր հոգեբանությունն ու կյանքը մեծ իմաստով, իսկ պետական կառույցները շարունակում են գործել անփոփոխ տրամաբանությամբ: Բայց փոփոխությունները պետք է ընթանան ոչ թե կոպիտ, անհավասարակշիռ ու անշրջահայաց միջամտության ճանապարհով, այլ՝ իրավիճակի ստույգ գնահատման ու ներառականության, ոլորտի հանդեպ հարգանքի և գործընկերայնության ճանապարհով:

Որո՞նք են լինելու նախարարության հաջորդ քայլերը:

-Արդյունքները ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ամբողջովին ներկայացնելուց հետո, կարծում են՝ կշարունակենք քննարկումներն արդեն առանձին խնդիրների շուրջ: Առաջիկայում կնախաձեռնենք հաշվապահների, պետական գնումների մասնագետների հանդիպումը ոլորտի փորձագետների հետ: Սա պայմանավորված է նաև պետական գնումների համակարգի կատարելագործմամբ, որը վավերացրեց ՀՀ կառավարությունը բոլորովին վերջերս, և որը էապես դյուրացնելու է ՊՈԱԿ-ների գործունեությունը:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր աջակիցներին՝ Բրիտանական խորհրդին և Ստեղծարար Եվրոպա նախագծին: Կարծում եմ, որ համագործակցության շրջանակներն ընդլայնվելու են:

Առհասարակ, համոզված եմ, որ ունենք բացառիկ հնարավորություն կարգի բերելու մշակույթի ոլորտը կամ, ինչպես աշխատաժողովի նշանաբանն է հաղորդում՝ կառավարելու ժամանը, նորոգելու արվեստը:

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ կարծիքներ` հաջորդիվ:

Լուսանկարը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031