Սովորաբար հայաստանցի երաժիշտները՝ հայտնվելով արտերկրում շարունակում են ստեղծագործել եւ նոր ու յուրօրինակ մտահղացումներ իրականացնել: Կանադաբնակ երաժիշտ, Մոնրեալի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի խմբավար Հասմիկ Գասպարյանը եւս բացառություն չէ: Նա շարունակում է հայանպաստ գործունեությունը արտասահմանում եւ օտարներին էլ հաղորդակից դարձնում հայ երաժշտությանը:
Հասմիկ Գասպարյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մասնակցել մի շարք միջազգային փառատոների՝ Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Շվեյցարիայում եւ այլուր:
2005թ լույս է տեսել նրա առաջին խտասալիկը՝ «Գեղարդի ձայնը» խորագրով, որ նվիրված էր Լուսինե Զաքարյանի հիշատակին, ապա հետեւել են այլ ձեռնարկներ ու հաջողություններ: 2015-ին Հասմիկ Գասպարյանը հիմնել է «Հայք» վոկալ քառյակը եւ «Փոքր Հայք» մանկապատանեկան համույթը, որոնք խմբավարի հավաստմամբ, զանազան առիթներով իրենց մասնակցությունն են բերում կանադահայ համայնքի կյանքում:
«Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ վերջերս Մոնրեալի Առաջին հայ ավետարանական եկեղեցում՝ Թամար Փանոսյանի «Աղբյուր» հիմնարկի հետ համագործակցությամբ կայացել է «Հայք» վոկալ քառյակի համերգը՝ նվերված Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին, եւ համերգի բացմանն էլ սահիկաշարով (սլայդ) ցուցադրվել են վարդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ: Համերգին մասնակցել է նաեւ «Փոքր Հայքը»: Հնչել են Կոմիտասյան գոհարները:
«Հայք» վոկալ քառյակի (Հասմիկ Գասպարյան՝ սոպրանո, Կարին Թոփալյան՝ ալտ, Արի Ակներյան՝ տենոր, Ավետիս Սալիզյան՝ բաս) մեկնաբանությամբ նաեւ «Տէր ողորմեա» եւ «Սուրբ, սուրբ» է կատարվել, ընդ որում՝ վերջինը՝ գերմաներեն: Ըստ արձագանքների, համերգը փայլուն է անցել, ավարտին էլ հնչել են հոտնկայս ծափահարություններ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հասմիկ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից: