ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 21-ից մեկնարկել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որն աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 25-ը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկույցներում:
Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, արդյոք Թումանյանը լավագո՞ւյնս է արժեւորված` պարոն Դեւրիկյանն ասաց, որ Թումանյանը հայ գրողներից ամենաշատն է ուսումնասիրված, հրատարակված եւ կարդացված. «Այժմ Գրականության ինստիտուտը հրատարակում է Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը 4 հատորով, որից 3-ն արդեն լույս է տեսել: Իմիջիայլոց, ի տարբերություն Թումանյանի, բոլոր գրողների տարեգրությունները մեկ հատորով են, այսինքն` Թումանյան այս առումով էլ է բացառիկ:
Ինչպես Պուշկինը եւ Լերմոնտովն են առանձնանում ռուս գրականության մեջ, այդպես էլ հայ գրականության մեջ` Հովհաննես Թումանյանը եւ կազմակերպված գիտաժողովն էլ դրա արտահայտություններից մեկն է»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ մինչ այժմ լույս են տեսել Թումանյանական ընթերցումների 6 հատորներ խորհրդային շրջանում, որը եզակի երեւույթ է: Ասաց, որ ԳԱԱ-ում մեկնարկած գիտական նստաշրջանով սկիզբ է դրվել Թումանյանական շաբաթին: Նրա խոսքերով, ի թիվս այլնի, 4 զեկույցներ նվիրված կլինեն Թումանյանի լեզվին, բանաստեղծը կդիտարկվի ազգագրության տեսանկյունից, նաեւ Թումանյանը կքննարկվի հայ ժողովրդի պատմության համատեքստում: «Միջգիտակարգայնությունը լավագույնս դրսեւորված է այս գիտաժողովում»,-փաստեց Վարդան Դեւրիկյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, որքան էլ առեղծվածային է, Թումանյանն իր առաջին ստեղծագործություններով լավ չի ընդունվել գրաքննադատների կողմից. «Նրա ստեղծագործությունների անսովորությունը յուրօրինակ գրաքննադատական մտքի դիմադրության բերեց ժամանակին, այնպես որ մի քանի զեկուցումներ էլ նվիրված կլինեն այդ թեմային»:
Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը: ԿԳՄՍ նախարարությունից միջոցառմանը ներկա էր վարչության աշխատակից, թեեւ նախապես հայտարարված էր, որ մասնակցելու է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը, որը նաեւ ելույթ է ունենալու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ