Լրահոս
Օրվա լրահոսը

Կախման կետերի եվ բազմակետի գործածության մասին. հորդորակ

Հոկտեմբեր 21,2019 13:32

Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում:

Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ, զգացմունք, միտքը շարունակելու կամ ավարտելու դժվարություն, անվճռականություն: Կախման կետեր կարող են դրվել նախադասության տարբեր հատվածներում: Օրինակ՝

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
(Հովհ. Թումանյան)

 Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
— Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ…
(Վ. Տերյան)

Ինչ տեսա՞… Հիմա… Հիմա, հիմա… Որտե՞ղ ինչ տեսա… Տա՞նը… Ո՞ւմ տանը… Ի՞նչ տուն… Ես եմ սպանել… (Պ. Զեյթունցյան)

 Կախման կետերը ցույց են տալիս նաև ինչ-ինչ պատճառներով մտքի ընդհատված լինելը, տևական դադարները մտքի տարբեր հատվածների միջև: Օրինակ՝ Իսկ նա… նա պարտավոր է ինձ ատել, արհամարհել… այնպես չէ՞… (Ալ. Շիրվանզադե)

Երբ ավարտուն միտք ենք ունենում, կախման կետերը վերջակետի արժեք են ձեռք բերում, և նրանցից հետո նախադասությունն սկսվում է մեծատառով: Օրինակ՝ Միրհավը թռել էր հեռուՄամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած (Ա. Բակունց):

Կախման կետերը, ինչպես տեսանք, դրվում են նախորդող միավորին կից:

Բազմակետը (….) դրվում է մեջբերվող խոսքի կրճատված մասի փոխարեն: Օրինակ՝

Այս բաժանումը …. բացի աշխարհագրականից, ունի նաև պատմա-ավանդական և լեզվաբանական հիմք, եթե նկատի առնենք արևմտահայ և արևելահայ գրական լեզուների գոյությունը՝ ձևաբանական մի այնպիսի նկատելի տարբերությամբ, ինչպիսին ներկայի կազմությունն է (Գ. Ջահուկյան, «Հայ բարբառագիտության ներածություն»): Գ․ Ջահուկյանի խոսքից կրճատվել է «ինչպես հայտնի է» արտահայտությունը, որը տվյալ դեպքում անհրաժեշտ չէ:

Պետք է նկատի ունենալ, որ բազմակետը երկու կողմից առանձնանում է բացատներով:

Հավելենք, որ գիտական խոսքում բնագրի կրճատված մասի փոխարեն նաև այս՝ <…> պայմանական նշանն են դնում: Օրինակ՝ Այսպիսի պատկերումը կլուսավորի միայն մի փոքր տարածություն, իսկ կերպարը կստացվի շատ նեղ, սխեմատիկ, անարյուն, <…> չի արտահայտի իրականության բուն էությունը (Դ. Դեմիրճյան):

Կախման կետերն ու բազմակետը իրարից տարբերվում են միայն մեկ կետով, բայց տարբեր նշաններ են, և սխալ է կիրառել մեկը մյուսի փոխարեն: Կետադրական այս նշանների մասին անհրաժեշտ է իմանալ հետևյալը.

ա. կախման կետերի միջոցով նշվում են անավարտ մնացած, բառերով չարտահայտած, չդրսևորված միտք, հույզ կամ զգացմունք, իսկ բազմակետը նշում է մեջբերվող խոսքի որևէ հատվածի կրճատված լինելը․

բ. կախման կետերը բնորոշ են գեղարվեստական, իսկ բազմակետը՝ գիտական ոճին.

գ. կախման կետերը գործածվում են թե՛ հեղինակային, թե՛ մեջբերվող խոսքում, իսկ բազմակետը՝ միայն մեջբերվող խոսքում.

դ. կախման կետեր ունեցող հատվածն արտասանվում է ոչ ավարտուն հնչերանգով. բազմակետի դեպքում արտասանական առանձնահատուկ երանգ չի դրսևորվում:

Այսպիսով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

բազմակետը և կախման կետերը ճիշտ ու տեղին գործածել:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031