Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ չընդունեց, մերժեց: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցին, թե ի՞նչ գործընթացներ են սպասվում առաջիկայում ՍԴ ճգնաժամը լուծելու հարցում՝ պատասխանեց. «Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից: Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ, ունի պարտավորություն չշեղվել իր սահմանադրական առաքելությունից: Սահմանադրական առաքելությունը նշանակում է հետեւյալը՝ դու պետք է գործես քո լիազորությունների շրջանակներում: ՍԴ-ն պետք է սահմանադրական ճգնաժամերը լուծի, այլ ոչ թե խորացնի ճգնաժամերը: Ես խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որը տրվել է ՍԴ-ի կողմից՝ կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ, որովհետեւ սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, մեկնաբանել է օրենքը եւ այնպիսի մեկնաբանություն է տվել, որն, ըստ էության, հակասում է Սահմանադրությանը: ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը կարող է խաթարված լինել»:
Թե հիմա ի՞նչ է անելու «Իմ քայլը» խմբակցությունը՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Առաջնորդվելով իր լիազորություններով՝ իրականացնելու է համապատասխան գործողություններ: Ենթադրվում է, որ կլինեն հայտարարություններ, համապատասխան գործընթացներ, որոնք կապված են լինելու սահմանադրական անվտանգության պահպանմանը: Իրոք, շատ վտանգավոր է իրավիճակը, երբ պետական որեւէ մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից, շեղվելու համար ստեղծված է ՍԴ-ն, որպեսզի թույլ չտա, որ այս կամ այն մարմինը շեղվի, իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ինչ անես: Սա լրջագույն պրոբլեմներից մեկն է, որովհետեւ որեւիցե իրավազորության շրջանակներում որեւիցե երկրում չունի միանշանակ լուծում»:
Հարցին՝ այսինքն, ի՞նչ եք անելու հիմա, փակուղի՞ է սա՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Չէ, փակուղի չէի ասի: Չկա փակուղի, բայց ցանկացած պետական մարմին այնպես պետք է գործի, որպեսի խուսափի ճգնաժամերից եւ խուսափի սահմանադրական անվտանգությանը սպառնացող վտանգներ ստեղծելուց»:
Նա գտնում է, որ ԱԺ-ն պետք է արձագանքի, որովհետեւ գործ ունենք սահմանադրական հավասար ինստիտուտների հետ՝ գործադիր, օրենսդիր, դատական եւ որեւիցե մեկը չի կարող իր վրա վերցնել գործառույթ զրկել մյուսին իր սահմանադրական իրավասությունները կատարելու հնարավորություններից:
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Որեւիցե մեկը չէր սպասում, որ ՍԴ-ն այս կարգի որոշում կկայացնի եւ ավելի կխորացնի ճգնաժամը: Քանի դեռ իրադարձությունները զարգանում են եւ մենք ունենում ենք այսպիսի դատական ակտեր, մենք, իհարկե, ձեռներս ծալած չենք նստելու: Բայց պետք է մնանք մեր լիազորությունների շրջանակներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ