Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարաղայի քարոզչական թեզը կամ ինչպե՞ս է Ալիեւն իր փախստականներին ծուղակը գցում

Հոկտեմբեր 21,2019 13:30

Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետի, վերաբնակեցման մասին որեւէ փաստական գործընթաց իրականում չկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս փախստականների հետ հանդիպմանը վերջիններիս խոստացել է, թե նրանք վերադառնալու են Արցախի «իրենց» բնակավայրեր, որոնք պետք է նորոգվեն: Որպես վերաբնակեցման տեսլական՝ Ալիեւը մատնանշել է Մարաղա գյուղը: Հիշեցնենք, որ Մարաղան 1992թ-ին հայաթափվեց եւ օկուպացվեց Ադրբեջանի կողմից. որոշակի տվյալներով՝ այդ ժամանակ մոտ 100 բնակիչ սպանվեց, 5 տասնյակից ավելին՝ գերեվարվեց: «Մարաղա գյուղում կա վերաբնակեցման 150-ամյակին նվիրված հուշարձան, որն Ադրբեջանն օգտագործում է իր վաղուցվա թեզերից մեկի համար՝ ասելով, թե հուշարձանն իբրեւ փաստում է այն մասին, որ հայերն Արցախում հայտնվել են 150 տարի առաջ՝ բնակեցվելով Իրանի տարածքից: Սա սուտ է՝ պատմության ակնհայտ խեղաթյուրում, բայց, այնուամենայնիվ, մատուցվում  է իրենց ժողովրդին՝ տարածելով ողջ Արցախի «վրա»: Դա անգամ իրենց պատմության դասագրքերում է գրված»,-«Առավոտ»-ի հետ զրույցում Մարաղայի քարոզչական հնարքն այսպես բացատրեց Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անժելա Ալիբեգովան:

Ինչ վերաբերում է իրական վերաբնակեցմանը, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Լելե-Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղում են միայն մեծ ֆինանսներ ներդրվել, որտեղ Ալիեւը պարբերաբար կարմիր ժապավեններ է կտրում, պատվիրակություններ ընդունում՝ երեք տարի շարունակ հանրությանը դա մատուցելով որպես ձեռքբերում. «Իրականությունն այն է, որ այդ գյուղն ի սկզբանե եղել է հենց Ադրբեջանի տարածքում: Մարդիկ չեն էլ ուզել գալ այդտեղ բնակվել, բայց ստիպել են: Մի քանի ընտանիք է բնակեցրել, ահռելի գումարներ են ծախսել դրա համար: Խոսքը հազարավոր բնակիչների մասին չէ: Իրենք այդ գյուղը չեն «ազատագրել», եւ այն անվտանգ չէ, դիտարկվում է: Պարզապես միֆ է տարածվում, թե մարդիկ գալիս-ապրում են այդտեղ, բայց իրականում այդտեղ առանձնապես շարժ չկա»:

Անժելա Էլիբեգովան շեշտեց, որ Ալիեւն այժմ ակտիվորեն կառուցում է փախստականների համար նախատեսված ավաններ. «Նա փախստականներին պարբերաբար հիշեցնում է, թե դա ժամանակավոր է, թե իրենք ինչ-որ պահի հետ են գնալու Արցախ, բայց վստահ եմ՝ այդ մարդիկ չեն ուզում գալ առաջնագծում վերաբնակեցվել ադրբեջանական կողմից: Կասկածում եմ, որ Ալիեւին կհաջողվի դատարկել այդ ավանները: Հիմնականում Բաքվի կենտրոնում՝ լավ թաղամասերում, եկել-գրավել են հայերի տները, ուստի ադրբեջանցիներին այդտեղից հետո դուրս հանելը չեմ պատկերացնում, բացի ստիպելու սցենարից»:

Դառնալով ադրբեջանական կողմում գտնվող հայկական Մարաղային՝ Անժելա Էլիբեգովան նշեց՝ վերջին տարիների արբանյակային լուսանկարները փաստում են, որ գյուղում միայն փլատակներ են, որովհետեւ 1992թ-ին Ադրբեջանն այն այրել է եւ հողին հավասարեցրել, իսկ վերաբնակեցման մասին որեւէ փաստական գործընթաց իրականում չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031