Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ որոշումը զարմանալի էր. ՍԴ-ն խախտել է Սահմանադրությունը՝ զրկելով ԱԺ-ին իր լիազորությունները իրականացնելուց». Վլադիմիր Վարդանյան

Հոկտեմբեր 21,2019 12:20

«ՍԴ որոշումը, ճիշտն ասած, որոշակի առումով զարմանալի էր: Բոլորս ակնկալում էինք, որ ՍԴ-ն կարող է նաեւ մերժի այդ հարցի քննարկումը բովանդակային առումով, բայց խնդիրը հետեւյալի մեջ է՝ արդյոք ՍԴ-ն կարո՞ղ էր այս փուլում եւ այս ընթացակարգով նման մերժում տալ»,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսպես գնահատեց ՍԴ որոշումը՝ մերժելու ԱԺ դիմումը վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ:

Ըստ Վլադիմիր Վարդանյանի, ՍԴ-ն չէր կարող այդպես մերժել. «Այն հարցադրումները, որոնք բարձրացվեցին աշխատակարգային որոշման մեջ, պետք է դառնային, ըստ էության, քննարկման առարկա: Եթե դա լիներ ՍԴ որոշում, գուցե ինչ-որ առումով, մեծ վերապահումներով կարելի էր որոշ հատվածների հետ տեսականորեն համաձայնել: Սա բացարձակ չի նշանակում, որ ես համաձայն եմ որեւիցե դիրքորոշման հետ, որն արտացոլված է այդ որոշման մեջ: Բայց սա աշխատակարգային որոշում էր եւ այս փուլում ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ մի շարք հարցերի: Մասնավորապես, ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ ժամկետի հետ կապված հարցին, որովհետեւ ժամկետը վերաբերում էր ԱԺ գործառույթներին, «ԱԺ կանոնակարգ» օրենքում է նախատեսված այն ժամկետը, որը տրված է խմբակցությանը ԱԺ որոշման նախագծի տեքստը ներկայացնելու համար: Այսինքն, եթե այդ ժամկետը կիրառելի պետք է լիներ, ապա այն պետք է կիրառվեր ԱԺ-ում, հանձնաժողովում, կամ լիագումարում, երբ այդ հարցն էր քննարկվում:

Հավատացնում եմ ձեզ, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը բացեք, կտեսնեք, որ այս ընթացակարգին համապատասխան որեւէ ժամկետ նախատեսված չի: ՍԴ-ն այլ ժամկետներ ունի դիմումի նախնական ուսումնասիրման եւ այլնի համար: Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված ժամկետներին, դա վերաբերում է խմբակցություն-ԱԺ հարաբերություններին: Ինչեւէ, սա մի կողմ:

Մյուս հիմքը, որը մատնանշել է ՍԴ-ն, բացարձակապես որեւէ եղանակով ընդունելի չէ: ՍԴ-ն, ըստ էության, վերազանցել է իր լիազորություններն այս հատվածում եւ նշել է, որ քանի դեռ ՍԴ 3 դատավոր չեն դիմել ՍԴ-ին եւ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկել, ապա այդ հիմքով ԱԺ-ն չէր կարող դիմել ՍԴ՝ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով: Սա եւս անընդունելի է: Եթե նույնիսկ ՍԴ-ն մեկնաբանել է օրենքը, այն պարագայում, երբ օրենքի մեկնաբանման հարց այստեղ ընդհանրապես դրված չէր, ապա առերեւույթ եղանակով ՍԴ-ն խախտել է նաեւ Սահմանադրությունը՝ զրկելով ԱԺ-ին իր լիազորությունները իրականացնելուց: Այդ գործով այդ վարույթների շրջանակներում դիմողը ԱԺ-ն է, ՍԴ-ն ասում է՝ չէ, դու դիմող չես այլեւս, որովհետեւ ես որոշեցի՝ նախ ես պետք է իմ 3 դատավորների միջոցով անձին ենթարկեմ կարգապահական պատասխանատվության, նոր դրանից հետո դու կարող ես այդ որոշումը հիմք ընդունելով՝ խմբակցությունը ներկայացնի համապատասխան դիմումի առաջարկ, ԱԺ-ն ընդունի, ներկայացնի ՍԴ եւ ՍԴ-ն որոշում կայացնի 2/3-ով՝ դադարեցնի կամ չդադարեցնի դատավորի լիազորությունը:

Այն հիմքը, որը մատնանշված էր էական կարգապահական խախտման շրջանակներում, ՍԴ-ի հեղինակությանը վարկաբեկող հիմքերից մեկը, ապա ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ՝ ոնց կարող է ՍԴ-ն տվյալ պարագայում որոշում կայացնի, օրենքի լեզուն որեւիցե տեղ չի ասում, որ կարող ես դիմել ՍԴ միայն այն դեպքում, երբ առկա է ՍԴ որոշումը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու հարցում»:

ՀՔԾ-ում քննվող գործի մասին Վլադիմիր Վարդանյանը չխոսեց՝ ասելով, որ միամտություն կլիներ, եթե առանց գործի նյութերին, հանգամանքներին ծանոթ լինելու՝ մեկնաբանություն աներ. «Մամուլից եմ տեղեկացել, որ քրեական գործ կա, քննություն է ընթանում եւ որեւէ բան չեմ կարող ասել»:

Հարցին՝ ԱԺ-ն այլեւս այստեղ անելիք չունի՞՝ նա պատասխանեց. «ԱԺ-ն անելիք ունի, մինչեւ իր լիազորությունների ավարտը, ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա նախ պետք է հասկանալ, որ ՍԴ առնչությամբ ԱԺ-ն որեւիցե քննչական գործառույթ իրականացնել չի կարող, իսկ այն հարցերը, որոնք բարձրացնում եք, վերաբերում է քրգործին, որ հետ ԱԺ-ն անելիք չունի: ԱԺ-ն շարունակելու է իր գործունեությունը, այդ թվում՝ անդրադառնալ ՍԴ-ի կողմից կայացված որոշման քննարկմանը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031