Արփի Դավոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Առավոտի» հետ հարցազրույցում անդրադարձավ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, իմքայլական պատգամավորների հասցեին հնչող քննադատություններին եւ այլ հարցերի:
– Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մեղադրել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ որդեգրած պարտվողական-զիջողական քաղաքականության մեջ: Ըստ գեներալ Բալասանյանի՝ պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը որոշել էր ազատագրել Քարվաճառն ու ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով, ապա ազատագրել Աղդամը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել: Ըստ նրա՝ անգամ ազատագրական գործողություններից հետո են Հայաստանի իշխանությունները Արցախին հորդորել լքել տարածքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ընդհանրապես Վիտալի Բալասանյանի անձի շուրջ խոսակցությունները: Շատերը մեղադրում են երիտասարդ իշխանավորներին Վիտալի Բալասանյանի հասցեին քննադատություններ հնչեցնելու համար՝ հիմնավորելով, թե նա Արցախի հերոս է: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, մոտեցումն այլ պիտի լինի:
– Վիտալի Բալասանյանի քննադատությունները վերաբերում են այն ամենին, ինչ կապ ունի անցյալի հետ, եւ զարմանում եմ, թե ինչո՞ւ են նման հարցադրումներն անում այսօր: Բալասանյանն ուղղակի ասուլիս տվեց, որպեսզի հիշեցնի իր մասին, իր դիտարկումներն անի եւ հանրային կերպար ձեւավորի: Արցախի հերոս լինելը ոչ ոքի իրավունք չի տալիս նման հռետորաբանություն դրսեւորել Հայաստանի իշխանությունների վերաբերյալ եւ ոչ ադեկվատ կարծիքներ ու մտքեր բարձրաձայնել: Իսկ երիտասարդ իշխանավորներ եզրույթը անընդունելի եմ համարում, քանի որ նույն Վիտալի Բալասանյանը եւ իր ընկերները, երբ պատերազմի են մասնակցել կամ իշխանության ներկայացուցիչ են եղել՝ բավականին երիտասարդ են եղել: Վիտալի Բալասանյան անձի շուրջ խոսակցություններն օրակարգային չեն ընդհանրապես, ինքն է ցանկանում, որ իր մասին խոսեն եւ քննարկեն իր անձը: Նրա ասուլիսը չստացված քաղաքական գործչի մենախոսություն էր եւ կարող է դասական օրինակ լինել այն մասին, թե ինչպիսին պետք է չլինի ասուլիսը: Իսկ քննադատությունները տեղին են եւ խորհուրդ կտամ քննադատությունները քննադատելուց առաջ մարդիկ մտածեն, թե ինչ են խոսում եւ ինչպես:
Կարդացեք նաև
– ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ դիմումը, եւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արա Վարդեւանյանը պնդում է, որ դա դասական իմաստով վարույթ ընդունել է ու ամեն գործ չի հասնում ՄԻԵԴ բարձրագույն պալատ: Մտավախություն չունե՞ք, որ ՄԻԵԴ-ը կբավարարի Ռոբերտ Քոչարյանի պահանջը եւ դա լուրջ հարված կհասցնի ՀՀ ժողովրդավարությանը:
– ՄԻԵԴ-ը բազմաթիվ գործեր է ընդունում վարույթ եւ սա այդ բազմաթիվ գործերից մեկն է: Արամ Վարդեւանյանի խանդավառությունը չեմ հասկանում այս կապակցությամբ: Կարծում եմ՝ պետք է սպասել ՄԻԵԴ-ի պատասխանին եւ նախապես կարծիք հայտնել չեմ կարող:
– Որոշ մեղադրանքներ հնչեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին, թե տխուր է, որ հանրային օրակարգ ոչ թե դուք եք ձեւավորում, այլ ձեր հակառակորդները, իսկ հեղափոխությունն ու նրա առաջնորդին էլ պաշտպանում են արտախորհրդարանական շատուշատ դեմքեր, բայց ոչ դուք: Օրինակ՝ Ստեփան Սաֆարյանն իր գրառմամբ նշել էր` ցավալի է արձանագրել, որ այս տեմպերով չորս տարի անց էլ իշխող թիմն ունենալու է մեկ առաջնորդ, մի քանի լավ թե վատ կայացած գործիչ ու ուրիշ ոչինչ: Ու հենց դա է լինելու հեղափոխության պարտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր խմբակցության պատգամավորների հասցեին հնչած այս քննադատությունը:
– Օրակարգ ձեւովորում են հակառակորդներն այն պատճառով, որ ողջ մեդիառեսուրսը, բացառությամբ մի քանի լրատվականների, կետրոնացված է նախկին իշխանությունների ձեռքում, եւ նրանք ամենօրյա ռեժիմով բամբասանքներ եւ ստահոդ լուրեր են տարածում: Պարոն Սաֆարյանին անչափ հարգում եմ, հետեւում եմ նրա գրառումներին եւ հարցազրույցներին, նրա գրառումն այն մասին է, որ մենք պետք է ավելի ճկուն եւ ակտիվ լինենք մեդիադաշտում:
– Նիկոլ Փաշինյանին եւ ձեր թիմի հասցեին հաճախ են հնչում հորդորներ, եթե ասում եք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, պետք է գործնականորեն ցույց տաք դա: Օրերս այդպիսի հորդոր հնչեց նաեւ Կիրո Մանոյանի կողմից եւ քննադատություն, թե գործնականն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիտորդներ է ուղարկում Արցախ եւ ճնշում գործադրում:
– Կիրո Մանոյանը, երբ իշխանական կոալիցիայում էր տեղավորված, չարձագանքեց, երբ Սերժ Սարգսյանն ասաց՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, մենք կռվում ենք 80-ականների զենքերով, կամ 800 հեկտար ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ: Կխնդրեի այս մեջբերումներին արձագանքեր, հետո կարծիք հնչեցներ այն ամենի մասին, ինչ կատարվում է այսօր՝ գործնականում: Այն, ինչ ցույց են տալիս ներկայիս իշխանությունները գործնականում, Կիրո Մանոյանը եւ այլք երազել անգամ չէին կարող: Իսկ եթե ընտրությունների ժամանակ դիտորդ ուղարկելը դիտվում է որպես ճնշում, ապա խորհուրդ կտամ նրան մի քանի միջազգային զեկույցներ կարդալ դիտորդական առաքելությունների մասին, որտեղ հստակ գրված են, թե ինչ աշխատանք եւ դիտարկումներ են իրականացնում դիտորդները:
– Քաղաքական իշխանությունը բավական զուսպ արձագանքեց Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության դիմումը մերժելու` ՍԴ որոշմանը: Արձագանքել են առանձին պատգամավորներ, բայց իշխանության քաղաքական առաջին դեմքերը որեւէ կերպ չարձագանքեցին: Կարելի՞ է եզրակացնել, որ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության՝ ԱԺ-ի նախաձեռնած գործընթացը ժամանակավորապես սառեցված է:
– Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը սառեցված չէ, եւ այս ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին: Մենք գնացինք դասական ճանապարհով. ՍԴ-ն մերժեց ԱԺ նախագիծը վարույթ ընդունել, դա արդեն մտահոգիչ պետք է լինի այնտեղ նստած մարդկանց համար: Փաստացի նրանք չեն կարողանում գործ քննել, քանի որ եկել էին այնտեղ հրահանգավորված աշխատելու: Նրանք ի զորու չեն ինքնուրույն որոշումներ կայացնել: Ի դեպ, մեկ օր առաջ քրեական գործ է հարուցվել Հրայր Թովմասյանի նկատմամբ, կարծում եմ, որ նա ահագին մտածելու բան կունենա նաեւ դրա վերաբերյալ:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2019