«Մենք պատմում ենք այն մասին, որ ունենք 2500 տարվա երկրաշարժի պատմություն: Ուզում եմ հարց տալ՝ եւս քանի՞ հազար տարվա պատմություն է պետք, որպեսզի գիտակցենք, որ պետք է լավ կառուցել, լավ շահագործել»,-երեկ իր ելույթում ասաց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ:
Պարոն Մաթեւոսյանը մատնացույց արեց Երեւանի շենք-շինությունները, որոնք ավելացված հարկերի, կցակառույցների պատճառով աղետների ժամանակ խոցելի են դարձել. «Քայլե՛ք Երեւանի փողոցներով, նայեք 5 հարկանի շենքի կամ 4 հարկանի շենքի երեք մուտքանոցում ինչպե՞ս է 6-րդ հարկ կառուցված: Հարց եմ տալիս, եթե շենքի մի անկյունում ծանրություն ես դրել, շենքի դիմակայությունն ի՞նչ վիճակում է, շենքն արդեն դարձրիր խոցելի»:
Գեներալ-մայորը կարծում է, որ այստեղ կրթությունն էլ, գիտելիքն էլ չեն օգնի, մարդկանց մտածողությունը պետք է փոխել:
«Գիտելիք ունենալը շատ քիչ է այս հարցերի դեմ պայքարելու համար, ո՞վ չգիտի, որ չի կարելի մեքենան արագ վարել, բայց մենք տարվա մեջ 300 զոհ ունենք ավտովթարներից: Արդյոք սա այն միջավա՞յրն է որտեղ մենք պետք է ապրենք: Հարյուր տարվա մեջ մեկ անգամ է ուժեղ երկրաշարժ լինում, այդ մեկ անգամը մենք կորցրինք 25 հազար մարդ, իսկ, եթե ես տարեկան 300 մարդու մասին եմ խոսում, նույն 100 տարվա մեջ կդառնա 30 հազար մարդ: Պետք է ձեւավորել մնացած բոլոր միջավայրային այն շերտերը, որոնք մարդկանց մտածողության վրա համապատասխան ազդեցություն կթողնեն. Մարդը կհասկանա՝ ինչ է նշանակում կանխել, կանխարգելել, ինչ է աղետը, իսկ մենք կարող ենք աղետի ռիսկը պարզապես շփոթել վտանգի հետ»,-ասաց պարոն Մաթեւսյանը՝ բերելով Ճապոնիայի օրինակը՝ «Երկրաշարժի դեպքում մարդիկ կարող են չլքել իրենց տները, որովհետեւ սեյսմակայուն է, ոչինչ տեղի չի ունենա: Կամ օրինակ՝ ասում ենք Սան ֆրանցիսկոյում նույն տիպի երկրաշարժեր են լինում, ինչպիսին Հայաստանում, բայց 1926 թվականից հետո նրանք գնացին սեյսմակայուն շինարարության իրականացման թեթեւ կոնստրուկցիաներով, այսօր այնտեղ նույն տիպի երկրաշարժերից ընդամենը 3 հոգի է զոհվում: Նույնը կարող ենք ասել Չիլիի մասին: Ուզում եմ հարցնել՝ բա մե՞նք: Մենք ե՞րբ պետք է մտածենք այս մասին»:
Կարդացեք նաև
Լսումներին ներկա ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ հոկտեմբերի 17-ին Կապանում տեղի ունեցած արտահոսքին, որի պատճառով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի ջրերը թափվել էին Ողջի գետը. «Խողովակները հենց այնպես չեն վնասվում, բնականաբար, վտանգը հասունացել է ժամանակի ընթացքում եւ այստեղ հնարավոր չէ առանց տեխնիկական շահագործման կանոնների խախտման այսպիսի հետեւանքների առաջացումը: Այսպիսի դեպքերում նշանակված տուգանքները չեն ծածկում հասցված վնասի անգամ 10 տոկոսը: Այսինքն՝ տուգանքները պետք է լինեն ավելի բարձր քան՝ կանխարգելման համար նախատեսված ամորտիզացիոն ծախսերի գումարները, որպեսզի տնտեսվարողը շահգրգռված լինի կանխարգելել վտանգը»:
Արմեն Խաչատրյանի վստահեցմամբ, Սյունիքի մարզի պոչամբարները, անգամ նրանք, որոնք չեն շահագործվում, լուրջ վտանգ են ներկայացնում եւ կարող են դառնալ աղետի պատճառ. «Համապատասխան կառույցներին հորդորում եմ բազմակողմանի ուսումնասիրություն կատարել գործող եւ չգործող պոչամբարներում եւ ըստ այդմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Հորդառատ անձրեւներից ամեն անգամ Ողջի գետի գույնը փոխվում է, ինձ պարզաբանեցին, որ դա լքված եւ չշահագործվող բաց հանքերի պատճառով եւ այդ հանքերը ռեկուլտիվացիայի չեն ենթարկվել: Ռեկուլտիվացիայի պարտավորությունը, չգիտես ինչու, հանձնվել է պետությանը եւ պետությունը մեծ գումարներ պետք է ծախսի դրա համար»:
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ մեր երկիրը հիմնականում պայքարում է աղետների հետեւանքների համար, բայց կարելի է դրանք կանխարգելել՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2019