Լրահոս
Օրվա լրահոսը

Կբացվի՞ «մահացած» երեխայի որդեգրման պատմության գործը

Հոկտեմբեր 21,2019 11:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սյուզաննա Պատվականյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանը ներկայացրեց իրենց հերթական բողոքը:

Եվ քանի որ բողոքն առնչվում էր երեխայի որդեգրման, անձնական տվյալների հրապարակման հետ, դատավորը դիմեց կողմերին՝ լրատվամիջոցների տեսանկարահանման թույլտվությունը տալու համար: Կողմերն ըստ էության չառարկեցին եւ անգամ իր ուղիղ եթերն ապահովեց նիստերի դահլիճից կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնեմ, որ կարճվել է քրեական գործ հարուցելը, եւ ըստ բողոքաբեր կողմի, գլխավոր դատախազությունն ու իրավապահ մարմինները կոծկել են եւ շարունակում են կոծկել մի շարք հանգամանքներ:

19 տարի առաջ անչափահաս Սյուզաննան երեխա է ունեցել, սակայն նա իր նոր ծնված երեխային չի գրկել, քանի որ բժիշկներն ասել էին՝ «մահացած» է աղջնակը:

Սյուզաննան ծննդաբերելիս եղել է 15 տարեկան: Ըստ Ս. Պատվականյանի, գլխավոր բժիշկը 500 դոլար գումար է ուզել, ասելով, թե դրա դիմաց կթաքցնի աղջկա անչափահաս լինելը, իսկ ձեւակերպումներն էլ Սյուզաննայի չափահաս քրոջ անունով է արվել:

2000թ.-ից մինչ օրս Սյուզաննան ու երեխայի կենսաբանական հայրը փնտրում են իրենց աղջկան, դիմել են Հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին, բուժող բժշկին՝ Անդրանիկ Պողոսյանին: Ռ. Աբրահամյանն ասել է, թե չի իմացել, որ Պատվականյանն անչափահաս է, Անդրանիկ Պողոսյանն էլ ասել է՝ «Մոռացեք, այլեւս չգաք այստեղ»:

Ս. Պատվականյանը 2013թ.-ից դիմել է իրավապահ մարմիններին, դատարան, տեղեկանալով, թե իրենց երեխային որդեգրել են, աղջիկը ողջ է:

Այս տարվա հունիսին Ս. Պատվականյանի եւ նրա ներկայացուցիչ-փաստաբանի բողոքը լսվել էր վերաքննիչ քրեական դատարանում, եւ մերժվել:

Սյուզաննա Պատվականյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանը պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բողոքով դիմել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնելով, որ իրենց «հանցագործության մասին հաղորդման» հիման վրա գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, արձանագրելով, թե կողմի բողոքը բերվել է ժամկետների խախտմամբ:

Վերաքննիչ քրեական դատարանից հետո Ս. Պատվականյանը դիմել էր ԱԱԾ, հայտնելով, որ իր երեխային «որդեգրման» անվան տակ վաճառել են:

Հոկտեմբերի 17-ին դատավոր Ն. Բաղդասարյանի նախագահությամբ ընթացած բողոքի քննության ժամանակ բողոքաբերն ասաց, որ  հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել էր գլխավոր դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին. «Անհերքելի փաստերի խեղաթյուրումը կատարվում է հանցագործությունը պարտակելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվությունից ազատելու կոնկրետ դիտավորությամբ»:

Փաստաբան Մարատ Կոստանյանն ասաց. «Գլխավոր դատախազությունն ակնհայտ հանգամանքները հաշվի չի առել, Ռազմիկ Աբրահամյանն ասել է, թե չեն իմացել, որ ծննդկանը անչափահաս է, սակայն նրա ստորագրությամբ հաստատվել է մի փաստաթուղթ, որի վրա գրված է Սյուզաննայի ծննդյան թիվը՝ նրա անչափահաս լինելը»:

Հանցագործությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում, ուստի բողոքաբեր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր երեխային խլել են իր ծնողներից:

Դատավորին նույնպես հետաքրքրում էր, թե երբվանից են բողոքել, ինչու են բողոքում հիմա, եթե երեխան մոտ քսան տարի առաջ է ծնվել:

Ս. Պատվականյանն ասաց, երբ ինքը չափահաս էր, եւ նաեւ նյութական միջոցներ ուներ փաստաբան ունենալու, այդ ժամանակվանից էլ դիմել է,  նաեւ ասաց, թե թվով չորրորդ փաստաբանն է Մ.Կոստանյանը:

2000-2004 թթ. երեխայի գտնվելու հարցով որեւէ գրավոր դիմում չի ներկայացրել:

Ապա ասաց, թե դիմել է իրավապահ մարմիններին, ոչինչ չեն արել:

Դատավորը նշեց, որ գործի նյութերը չեն ստացել, եւ հաջորդ նիստին դրանք կուղարկվեն դատարան:

Ըստ դատախազի, հանցագործության մասին հաղորդումը պատշաճ չի եղել, եւ նաեւ մեկ անգամ մերժվել է քրեական գործ հարուցելը՝ վաղեմության ժամկետների անցման հիմքով:

Նոյեմբերի 28-ին նշանակվեց հաջորդ նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031