Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկից վարակակիր մեկ չախտահանված գործիք է

Հոկտեմբեր 21,2019 11:00

Կանանց խնամքի եւ խնամված արտաքինի անբաժան մասն է դարձել մատնահարդարումը։ Ոմանք նախընտրում են իրենց եղունգների խնամքով զբաղվել ինքնուրույն, մյուսները՝ այցելել գեղեցկության սրահներ՝ ավելի գեղեցիկ եւ անվնաս աշխատանք ստանալու համար։ Սակայն արտաքուստ կոկիկ տեսքը միշտ չէ, որ անվնաս կարող է լինել։

Եղունգների խնամքը մանրակրկիտ եւ ստերիլ գործիքներով աշխատանք է ենթադրում, հակառակ դեպքում՝ արդյունքը  կարող է անդառնալի լինել։

Հայաստանում վերջին շրջանում գրանցվել է հեպատիտ Ց 3-4% տարածվածություն, որն առաջացել է մատնահարդարման, ոտնահարդարման, դաջվածքների եւ այլ կոսմետոլոգիական միջամտությունների արդյունքում։

2015 թվականից ի վեր հաստատվել է բժշկական գործիքների ախտահանման եւ մանրէազերծման ստանդարտ, որով աշխատում են բժշկական կազմակերպությունները։ Սակայն նույնն ասել կոսմետոլոգիական կենտրոնների մասին՝ բարդ է. դրանք մասնավոր են, ինչը դժվարացնում է  իրազեկման ու վերահսկման գործընթացը։

Հեպատիտ C-ից բացի, որի դեպքերը բավականին շատ են, տարածված են նաեւ մաշկային այլ խնդիրներ։ Մեր զրուցակից Սեդան (անունը փոխված է), որ եւս օգտվում է գեղեցկության սրահներից, պատմեց, որ մատնահարդարումից 6 օր անց սնկային հիվանդություն է սկսվել: «Դիմել եմ բժշկի, բուժվել եմ եւ այժմ հետեւողական եմ նման հարցերի առումով»,-ասաց նա։

Սակայն, ինչպես շատերը, Սեդան եւս քայլեր չի ձեռնարկել սրահի եւ մատնահարդարի անբարեխիղճ աշխատանքի դեմ: «Միեւնույն է, չէի կարողանալու ապացուցել եւ իզուր քաշքշուկի մեջ էի ընկնելու»,-ասաց Սեդան։

Ոլորտն ուսումնասիրող Եվայի խոսքով՝ մատնահարդարման գնալուց առաջ պետք է հարցնել ախտահանման մասին.   «Միայն փակ քրաֆթ փաթեթներից գործիքների հանելը բավարար չէ։ Դրա վրա կա ինդիկատոր, որը գույնը փոխում է ախտահանումից հետո. դրա մասին գրված է փաթեթի վրա»։

Շատ կանայք եւ աղջիկներ նախընտրում են գնել իրենց սեփական գործիքները եւ դրանցով այցելել մատնահարդարին։ Սակայն այս դեպքում եւս ախտահանումը պարտադիր է եւ պետք չէ բավարարվել միայն սպիրտով մաքրումով։

Անկախ այս ամենից, այսօր մատնահարդարման սրահներից օգտվողների թիվը մեծ է, ինչը ստիպում է առավել հետեւողական լինել ոլորտի նկատմամբ։ Տարեկան առնվազն մեկ անգամ աշխատակազմի՝  հեպատիտի հետազոտությունը կնպաստի թե՛ հիվանդության վաղ հայտնաբերմանը, թե՛ սպասարկվող անձանց շրջանում վարակի տարածման կանխարգելմանը։

 Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031