Ընդդիմության չարտոնված հանրահավաքին խանգարելու համար Ադրբեջանի իշխանությունները շուրջ հարյուր մարդ են ձերբակալել, փակել մետրոյի մի քանի կայարան, անջատել ինտերնետը։
Հանրահավաքը կազմակերպվել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից։
Հակառակվելով իշխանությունների արգելքին
Ազգային խորհուրդն ուզում էր հանրահավաք անցկացնել քաղաքի կենտրոնում, սակայն իշխանությունները թույլ չտվեցին։ Դրա փոխարեն նրանք ընդդիմությանն առաջարկեցին հանրահավաքը կազմակերպել Լոքբաթանում՝ Բաքվին մոտ գտնվող ավանում։
Չցանկանալով այդքան հեռու գնալ՝ Ազգային խորհրուրդը որոշեց չարտոնված հանրահավաքն այնուամենայնիվ կենտրոնում անցկացնել։ Ավելի հստակ՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց, երկաթուղային կայարանի մոտ։
Կարդացեք նաև
Իշխանություններն, իրենց հերթին, զգուշացրին, որ ցրելու են հանրահավաքը։
Ինչպե՞ս էին զարգանում իրադարձությունները
Հանրահավաքից մի քանի օր առաջ ընդդիմությունը սկսեց բողոք արտահայտել Ազգային խորհրդի անդամների ձերբակալությունների կապակցությամբ։
Հանրահավաքը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին։
Հենց այդ օրն առավոտից մետրոյի հարևանությամբ գտնվող հրապարակն ու դրան հարող թաղամասերը շղթայվել էին ոստիկանության աշխատակիցների և հատուկջոկատայինների կողմից։
«Մայիսի 28» և մի քանի այլ կից կայարաններ ժամանակավորապես փակվել էին։
Ողջ կենտրոնում և հարակից թաղամասերում ինտերնետն անջատվել էր։
Անգամ կենտրոնական կինոթատրոններում չեղարկվել էին կինոդիտումները։
Հանրահավաքի անցկացման ժամի մոտենալուն զուգահեռ իրավիճակը լարվում էր։ Սկսվեցին ցուցարարների զանգվածային ձերբակալություններ։
Ազգային խորհրդի մեջ մտնող «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ձերբակալվեց տնից դուրս գալիս։
Ձերբակալված են նաև Ազգային խորհրդի համակարգման կենտրոնի անդամներ Վահիդ Մագերամլին և Թոֆիգ Յագուբլուն։
Ըստ նախնական տվյալների՝ ընդհանուր առմամբ, ոստիկանությունը մոտ 100 մարդ է ձեռբակալել։