Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց մի մոռացված մայթի հետ (պատմվածք)

Հոկտեմբեր 20,2019 17:50

Եթե հիշում եք, ես հարցազրույցներ եմ վարել մի մայթի երկու տարբեր հատվածների հետ, որի վիճակը բավականին ծանր էր, բայց այն, ինչ տեսա և հարցազրույց վարեցի ներկայացվող այս մայթի հետ, վեր էր ամեն մի հատկանիշներից, որը պետք է ունենա մայրաքաղաքին հարիր բարեկարգ մայթ կոչվածը՝ հասարակ քաղաքացիներիս պատկերացումով:
Թոռնիկս անցյալ տարվանից սովորում է Հայ-Չինական բարեկամության դպրոցում և ես նրան տուն եմ ուղեկցում դասերը ավարտելուց հետո:

Իսկ քանի որ ես սիրում եմ քայլել, հաճախ հասարակական տրանսպորտի հեղձուկ օդից ազատվելու համար, ավելի շուտ եմ տանից դուրս գալիս և ճանապարհի վերջնամասի երկու կանգառը քայլելով եմ տեղ հասնում:
Առաջին անգամ Զեյթուն թաղամասից դեպի Քանաքեռ տանող ճանապարհի ձախ մասի մայթով քայլելիս ես հանդիպեցի այնպիսի պատկերի, որ որոշեցի այդ մասին մի պատմություն գրել, բայց ամեն անգամ հետաձգում էի, մտածելով, որ կարող է պատկերը փոխվել: Անցյալ տարվա ընթացքում ստացած այդ ողբալի պատկերը մտքումս, ամբողջ ամառը չներկայացա տվյալ մայթին հարցազրույց վարելու նպատակով: Եվ ահա սեպտեմբեր ամսին սկսվեցին նոր ուսումնական տարվա դասերը և իմ անցյալ տարվա գործունեությունը վերսկսվեց:

Կրկին տեսնելով այս մայթի նույն պատկերի ավելի խայտառակ վիճակը, որոշեցի անպայման հարցազրույց վարել նրա հետ ու ընտրեցի մի կիրակի օր, որ կարողանամ հանգիստ զրուցել նրա հետ:
Ժամադրավայր մեկնեցի 40 համարը կրող երթուղային միկրոավտոբուսով: Այս միկրոավտոբուսը իսկական չարիք է ուղևորների համար: Մինչև Զեյթուն հասնելը կյանքի ու մահու կռիվ տվեցի նրա ներսում: Ուղևորների թիվը (նաև ծերեր ու երեխաներ), միշտ էլ գերազանցում է նրա տարողունակության կրկնապատիկը: Մի կերպ հաղթահարելով նրա ներսում կուտակված մարդկային զանգվածի խտությունը, ես ցած իջա միկրոավտոբուսից և խորը շունչ քաշելով, կտրեցի, անցա փողոցը, հայտնվելով իմ ներկայացրած մայթի վրա:

-Բարև մայթ,-արտասանեցի ես, շունչս մի կերպ տեղը բերելով:
-Բարև,-անտարբեր հորանջելով պատասխանեց մայթ կոչվածը,-բայց ես մայթի նման ե՞մ, ինչպե՞ս իմացաք իմ տեղը:
-Թոռնիկս սովորում է Հայ-Չինական բարեկամության դպրոցում, ամեն օր գնում եմ նրան տուն տանում, իսկ այսօր ազատ օր է, որոշեցի գալ ու քեզ հետ մի քիչ զրուցելու:
-Ինչ է մնացել ինձանից, որ հետս էլ զրուցես:
-Դե, սկզբիդ հատվածը հեռավոր անցյալի մայթ է հիշեցնում:
-Հա, կողքիս պառկած գազոնի մեջ թափված ծխախոտի կոթուկների առատությունն էլ նրան են հիշեցնում:
-Բա, դրանց մեջ ցցված խողովակային մնացորդները ինչի՞ համար են:
-Ես էլ չգիտեմ, երևի մի ժամանակ ծաղիկ են ցանել, թելերով կապել են, որ չփչացնեն:
-Բա այդ պլաստիկատե շշերը, բաժակները, պոլիէթիլենային տոպրակները, որտեղի՞ց են հայտնվել:
-Պա՛հ, կարծես թե չգիտես, բա, մեր քաղաքացիները, որ ավտոմատից գնում են թանի կամ սուրճի պարունակությամբ բաժակները ու իմ վրա քայլելով ըմպում են դրանք ու վերջացնելուց հետո որտե՞ղ պիտի նետեն, բա հո ինձ վրա չեն նետելու:
-Դե՛, բնական է աղբամանի մեջ,-ասում եմ ես:
-Բայց դու տեսել ե՞ս, թե այդ աղբամանների շրջակայքը ինչ վիճակում է:
-Տեսել եմ, իսկ այս ստվարաթղթե արկղը ինչի՞ համար է:
-Չգիտեմ, ինչ-որ մեկը բերեց, շպրտեց, գնաց:

Քայլում էի մայթի վրայով ու մտածում մաքուր, կատարյալ մայթերի մասին ու հանկարծ մայթի աջ կողմում, գազոնից դուրս նկատեցի երկու սև աղբարկղ, որոնք լիքն էին աղբով, իսկ նրանց կողքին տարածված էին բաց և փակ տոպրակներով աղբը, որից գարշահոտ էր բուրում:
-Իսկ այս ի՞նչ շինություն է, կարծես այստեղ դու համեմատաբար նորմալ վիճակում ես գտնվում:
-Հա՛, դա դպրոցի շենք է, նրանից հետո՝ մանկապարտեզն է, դրանց դիմաց մի քիչ կարգին են ինձ պահում, բայց քանդված տեղեր էլ կան փողոցի կողմից:
-Իսկ այստեղ ինչու՞ ես ընդհատվում :
-Դա էլ մեքենաների համար անցում է, պետք է զգույշ լինես:
Կտրում անցնում եմ մայթի այդ մասը՝ աջ ու ձախ նայելով, որ հանկարծ մեքենայի տակ չընկնեմ և հարցազրույցը կիսատ չթողնեմ: Նորից հայտնվում եմ մայթի վրա ու շարունակում առաջ քայլել: Այստեղ ասֆալտե ծածկույթը որոշ տեղերում քանդված է, էլեկտրասյուներից ինչ-որ անհասկանալի լարեր են կախված օդում: Ձախից անբարեկարգ ցանկապատ է, որի վրայից որոշ տեղերում քարերը պոկվել են, մի մասը ներքևում դեռ հանգրվանում են, իսկ մյուս մասը չքացել են:
-Սա ի՞նչ շենք է,-հարցնում եմ մայթին:
-Ես էլ, չգիտեմ, ինչ-որ գիտահետազոտական կամ բժշկական կենտրոն է երևի:
Այստեղ նույնպես ցանկապատ կա, նորից թափված քարեր այդ ցանկապատից, ձախից ու աջից աղբակույտեր, համատարած ծխախոտի կոթուկներ:
Շարունակում եմ ճանապարհը այսպես կոչված մայթի վրայով, որը բավականին քայքայված է, նրա ձախ մասում չորացած խոտածածկույթ է, աջում նոր աղբաման՝ լիքը տոպրակներով, իսկ շուրջը կրկին բացված տոպրակներից թափված աղբ:
Ահա և մայթի ասֆալտե ծածկույթի վերջը, մերկացած, ցցված քարեր, որոնք գյուղի դաշտամիջյան ճանապարհ են հիշեցնում:
-Իսկ սա ի՞նչ է,-հարցնում եմ ես մայթին, բայց նա չի պատասխանում, քանի որ նա անհետացել է և նրա փոխարեն տեղադրված է անշուք, կիսամետաղյա ծաղկի խանութ հիշեցնող մի կրպակ:

Շրջանցելով մետաղյա կրպակ-խանութը, հայտնվում եմ ավտոմեքենաների համար նախատեսված մի նոր անցումի վրա, որտեղ նաև մայթն է հայտնվում: Մի փոքր քայլում եմ մայթով, ապա հարցնում նրան:
-Սա ի՞նչ շինություն է, որ գրավել է քո կես մասը:
-Չե՞ս տեսնում, վրան գրված է՝ «Սգո սրահ»:
-Կներես, վերև չէի նայում, ցանկապատի կողքով հազիվ անցա:
Անցնում եմ Սգո սրահի ցանկապատի կողքով, որտեղ մայթը բարեկարգ է, բայց նրա վերջում նորից սև աղբաման է հայտնվում, որի շուրջը ավելի քիչ աղբ կա, քան նախորդներում:
-Իսկ սա ի՞նչ հիմնարկ է,-նկատելով բավականին բարեկարգ շինությունը, որի դիմացի մայթը նույնպես բարեկարգ է,-հարցնում եմ ես:
-Միքայելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտն է, վերջերս վերանորոգել, բարեկարգել են, բայց մայթիս մասին մոռացել են, ցանկապատից էլ բավականին քարեր են թափվել ու անհետացել, տգեղ է չէ՞:
-Իհարկե, շինության տեսքը աղավաղում է, այս ի՞նչ կրպակ է:
-Հասարակական տրանսպորտի կանգառն է, բայց նաև շատ տաքսիներ են կանգնում, վարորդներն էլ ծխում են ու ծխախոտի կոթուկները թափում վրաս կամ կողքի հողե գազոնին:
Ես շարունակում եմ ճանապարհս մայթ կոչվածի վրայով, որը անձրևների ու ձյունի հալոցքից ամբողջովին քայքայվել է և տարիներ շարունակ չի վերանորոգվել:
-Բա սրանք ի՞նչ են,-հարցնում եմ մայթին:
-Դրանք ստվարաթղթե արկղեր են, չե՞ս տեսնում, ինչ-որ մեկը բերեց, շպրտեց այդտեղ ու հեռացավ, հիմա դրանց մոտ ցեխակոլոլ երկու շուն են պառկել, հանգստանում են:

Մայթը որպես այդպիսին անհետանում է, քանի որ սկսվում է ավտոմեքենաների լվացքատունը: Կամ պետք է ոլորապտույտներով շրջանցեմ լվացման հերթի կանգնած ավտոմեքենաներին կամ էլ՝ կյանքս վտանգելով, դուրս գամ ճանապարհի երթևեկելի մաս ու շրջանցեմ ավտոլվացքատեղին:
Ես, իհարկե, գերադասեցի շրջանցել հերթի կանգնած մեքենաներին, քան թե կյանքս վտանգի ենթարկել, դուրս գալով երթևեկելի ճանապարհ: Ավտոճանապարհը վերջանում է անմիջապես ավտոմեքենաների նոր անցումով, որտեղ կրկին պահանջվում է մեծ զգուշություն ցուցաբերել, որ հանկարծ ավտոմեքենայի տակ չընկնես:
Ահա կրկին աղբամաններ, նույն ողբալի պատկերը, բայց ավելի առատ աղբակույտերով, որոնք ընդգրկել են նաև մայթի տարածքի մի մասը և գարշահոտով լցրել շրջապատը:
Կտրել անցնելով ավտոճանապարհը, նորից հայտնվում եմ մայթի վրա, որը նույնպես քայքայված է, իսկ նրա ձախ կողմում ինչ-որ շինության համար տեղադրել են ալյումինե թիթեղներից պատրաստված ցանկապատ, որը տեղ-տեղ ծռմռվել է: Նրան հետևում է մայթի երկայնքով տարածված երկաթ-բետոնե ցանկապատը, որի որոշ հատվածներում այն քայքայվել է և բացվել են բետոնե ցանկապատի երկաթե ամրանները:

-Իսկ սա ի՞նչ է,-հարցնում եմ մայթին:
-Երևի խողովակ է պայթել, ջրերը առատորեն հոսում են վրայովս և քայքայում մակերես, սա էլ մետաղյա սյուն է, տնկել են ուղիղ մեջքիս մեջ, ցավ եմ զգում այսպիսի անփութությունից:
Քայլում եմ ևս մի քանի մետր և ահա կրկին մայթը անհետանում է, այստեղ խոտածածկույթ է, վայրի մոշի կամ մասուրի մացառները ամբողջովին փակել են հետիոտնի ճանապարհը, որի վերջում էլ մի մեծ մետաղյա տակառ է նետված:
Ճանապարհս շարունակում եմ ավտոերթևեկության համար նախատեսված մասով ու կրկին հայտնվում երկրորդ ավտոլվացման կայանի տարածքում: Նույն կերպ, ինչպես նախորդ դեպքում, շրջանցելով այս տարածքը, դեմ եմ առնում հաջորդ երկաթյա կրպակին: Այս կրպակն էլ մի կերպ շրջանցելով, հայտնվում եմ եռահարկ խանութի դիմաց, որտեղ կայանել են մի քանի բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ: Դրանց արանքներով ոլորապտույտ շրջանցումներով դուրս եմ գալիս Քանաքեռի Սարկավագի անվան գլխավոր փողոցին պատկանող նեղլիկ, բայց մայթ հիշեցնող տարածքի վրա:

Իսկ մինչ այդ հարցազրույցի վերջում մայթին հարցրեցի.
-Լավ, դու այս փողոցի ձախ մայթն ես, իսկ աջում գերեզմանոցին հարող մայթ կոչվածն է, գոնե գիտե՞ս այս փողոցի անունը, որի մշտական բնակիչն ես:
-Ճիշտն ասած, մոռացել եմ, հիշողությունս դավաճանում է, բավականին մեծացել, տկարացել եմ, չգիտեմ, բնակիչներից հարցրու, երևի նրանք կիմանան:

Երրորդ փորձից հետո միայն ինձ հաջողվեց պարզել փողոցի անունը, որի մասին գրություն ոչ մի տեղ չտեսա:
Խանութ մտնող երիտասարդ տիկնոջը հարցրեցի, նա էլ չգիտեր, բայց բարի գտնվեց ու մտնելով խանութի առաջին հարկ, աշխատակցուհուց պարզեց ու դուրս գալով ինձ հայտնեց փողոցի անունը: Այն կրում էր Հասրաթյան ազգանունով երևելի մարդու ազգանունը, բայց նրա անունը այդպես էլ չիմացա:
Իսկ եթե այդ անվան տերը, Խորհրդային ժամանակների Երևանի Գործկոմի նախագահ հասարակայնությանը քաջ հայտնի Հասրաթյանն է, ապա կարծում եմ, որ նա հաստատ չէր ցանկանա այսպիսի անփառունակի վիճակի մայթերով փողոցը իր անունով կոչվեր:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031