ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
– Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:
– Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը:
Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա` «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:
Կարդացեք նաև
– Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում եւս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…
– Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաեւ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:
Այս փուլում արդեն կարող ենք արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:
– Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
– Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձեւական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը եւս բողոքարկման ենթակա է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Where did this amount of money come from?