Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր համակարգերում հենց թայֆայական, խնամիական կապերն են մեզ կործանում». Մկրտիչ Մինասյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին

Հոկտեմբեր 20,2019 12:34

Aravot.am-ը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝  որպես ոլորտի երկարամյա մասնագետ, ի՞նչ է կարծում, ի՞նչ նկատի ուներ վարչապետին հրաժարական ներկայացրած Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը իր հրաժարականի տեքստում «կոռումպացվածության հասնող թայֆայականություն» ասելով:

«Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ Սարհատ Պետրոսյանը, նրանց համակարգը բոլորովին ուրիշ է, բայց կարող եմ ասել, որ բոլոր համակարգերում հենց դա է մեզ կործանում: Թայֆայական, խնամիական, ինչ-որ նախկինում ասում էին, դա եկել է, ուռճացել է, եւ ինչ-որ որոշակի դեր է կատարում պետության առաջընթացի, ղեկավարման մեջ: Եթե ինչ-որ մեկի ծանոթը չես, քեզ լավ չեն իմանում, դու ինչքան էլ լավագույն մտքեր արտահայտես՝ կարող է չընդունվի, ինչ-որ խմբի շահեր դրանով դու չեզոքացնում ես: Բայց այդպես չի կարող  լինել, պետությունն ուրիշ բան է, պետությունը երբեմն համեմատում են ընտանիքի հետ, բայց պետությունը ընտանիք չէ, երբեմն ավելի խիստ բան է»,-ասաց պարոն Մինասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի  դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:
Ճարտարապետների միության նախագահին նաեւ հարցրինք՝ ինչպիսի՞ խնդիրներ կարող էին լինել համակարգում, որ Սարհատ Պետրոսյանը փորձել է դեմ գնալ, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես նորից եմ ասում, որ ծանոթ չեմ այդ համակարգին, խոհանոցին: Նրանց ներքին օղակներն ինչպես են իրար հետ կապված եւ այլն, բայց գիտեմ՝ այնտեղ բարդություններ կան: Սարհատը շիտակ մարդ է, կարող եւ աշխատող մարդ է, չի փախչում, գործից, դժվարություններից: Ես, որպես ճարտարապետ, իրեն գիտեմ: Նա կարող է կռվել, պահել այդ շահերը, ոչ թե անձնական, ուղղակի, ոլորտի մասնագիտական շահերը: Երեւում է, ինչ-որ բաներ են ստիպել, որպեսզի նա դիմի այդ քայլին: Ես հիշում եմ, որ ասում էին այս արեցինք, այն արեցինք, կարծես թե ամեն ինչ նորմալ էր գնում: Ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ լարվածություն է եղել, որ Սարհատը այդպես է վարվել կամ էլ հասկացել է, որ ավելի լավ է զբաղվի ճարտարապետությամբ: Բայց դուրս գալու հայտարարություն կարող է անել միայն ուժեղ մարդը: Եթե նա պետք է յոլա տանի, սկզբունքները մի կողմ դնի, ապա այդպես կարող են շատերն անել, բայց նա այդպես չի վարվի, ինչը նույնպես դրական բան է»:

Մկրտիչ Մինասյանի կարծիքով, այդպիսի լավ մասնագետների հեռացումից, որոնք այսօր մեր երկրին շատ անհրաժեշտ են, կառավարությունը պետք է հետեւություններ անի. «Դա էլ իր նշանակությունը կունենա, շրջապատը կտեսնի, որ զգուշացում է կառավարության օղակներին, որ պետք է ավելի ուշադիր լինել, որ լավագույն մասնագետը ուզում է գնալ: Սարհատը շատ ազնիվ տղա է, իր կարծիքը ամեն տեղ արտահայտում է: Եթե իր կարծիքը չի անցնում մեծամասնության մոտ, նա իր կարծիքը չի փաթաթում մարդու վզին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031