Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կիսատ ոչինչ չեմ նվիրում մարդկանց»

Հոկտեմբեր 20,2019 10:45

Լոռու մարզի Ճոճկան գյուղի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Վեներա Վարդումյանը երկու` «Իմ անունը Կին է» (2006թ.) և «Տաք անձրև» (2015թ .) գրքերի հեղինակ է: Ներկայացնում ենք բանաստեղծուհու  հետ «Առավոտի» հարցազրույցը:

-Ես փակ եմ այնքան, որքան որ բաց եմ:
Երկնքի նման: Ակնախեցու պես:
Շողարձակումս երգ է կարոտի:
Մենակիզումս՝ արարումի ծես:

Այս ինքնանկար-տողերից դուրս ինչպե՞ս կներկայանաք:

-Իմ զրույցն ինձ հետ է, իմ ներսում ապրող Աստծո հետ: Ես մեկն եմ նրանցից, ով իրեն է պեղում, ով փորձում է իրեն ճանաչել բառի ձեռքը բռնած, հարազատի պես ինքնայրումով, մենակիզումով: Աշխարհը ճանաչում ու գնահատում եմ ինձնով, իմ տված ու վերցրածով, իմ գտած ու կորցրածով: Եվ ունեցած լույսի չափով, երբ շռայլորեն նվիրում եմ երեխաներին Աստծո ամեն օր ու նորոգվում նրանց հոգու լույսով: Ես աններելի հավատավոր եմ, կին եմ համբերող, շուրթերիս լույս է, օրհնանք է, սեր է ու արարման դող: Բայց և քաղցր չեմ բնավ . ներսից անձավ եմ, դրսից՝ փխրուն կավ: Ինձ համար գերագույն երջանկությունը մայր լինելն է, օջախում կրակ պահելն ու այդ հրով սիրտս թրծելը…

-Ինչպիսի՞ն էր Ձեր գրական մուտքը, ե՞րբ եք սկսել գրել, ո՞վ «հուշեց»։

– Բառն իմ ճակատագիրն է: Այն դժվար է տրվել ինձ: Նախախնամությամբ: Փոքր ժամանակ փակվել են ձեռքերս: Ոչինչ չի օգնել: Ու երբ մոմ են վառել ճաք տված խաչքարի վրա, որ մեր տարածքում ամենահինն է, ձեռքերս բացվել են ու առաջինը գրիչն եմ վերցրել: Բանաստեղծության ներսում շատ վաղուց եմ ապրում, իմ հոգու տունն է, իմ մենության, բայց և լինելիության կացարանը: Բառը էներգակիր էակ է: Նրա հետ և հեշտ է, և դժվար: Նա ինձ քամում է, հետո նորից լցնում, նա ինձ թևեր է տալիս ու երբեք չի հնազանդեցնում, նա գիտի իր ազատության գինը, գիտի ինձ ուր տանել, տիեզերական ինչ լայնություններ ու ետ չբերել, երկիր վերադառնալը թողնում է ինձ, որ կարողանամ սիրել իրեն ու վստահել ամեն օր: Բառը՝ իմ ամենամտերիմը մոլորակում:

-Բլոկը մի առիթով ասել է` պոեզիան ճանապարհորդություն է դեպի Անհայտը: Այդպե՞ս է, ո՞ւր է տանում Ձեր «ճանապարհորդությունը»:

-Երբեք չեմ կարողացել հասկանալ նրանց, ովքեր բառերի հետ խաղ են անում: Պոեզիան իմ ներքին ազատությունն է ու նաև լույսը, որ կարող է ինձ հասցնել անսահմանության սահմանին: Ես վախենում եմ իմ խորքերը իջնել, չգիտեմ այնտեղ ում կհանդիպեմ, արդյոք նրան, ում ճանաչում եմ, թե ուրիշ մեկին, ում ես չգիտեմ, բնավ չգիտեմ…Հոգեշերտերը ընդերքի պես են, և՜ հայտնություն կա, և հոգեփրկում, և անձավներ կան, ուր մենք չենք եղել, բայց Բառը տանում է ու աչքերը՝ փակ…

-Կա մտավախություն, թե գերքաղաքականացված մթնոլորտում ընթերցողը հեռանում է պոեզիայից, ծնվող բանաստեղծությունները պլակատային են, ուր մարդը, նրա սրտի խփոցը, սերը չկա: Դուք ամեն օր շփվում եք ընթերցողի հետ:Ինչ կասեք այդ կապակցությամբ:

– Սրտի երգը միշտ էլ լսվում է: Սիրտն ալեհավաք է, որսում է իրենը, հարազատը, ընթերցողը չի փնտրում, երգն է գտնում իրեն, եթե հոգուց է հանված ու հոգու հաց է: Ու որքան՝ պարզ է խորքով, այնքան խիճերը կարող ես տեսնել ու զարմանալ երեխայի պես… Մանվածապատ ու ռեբուսներով պոեզիայից ընթերցողը վախենում է, հոգու կոշտուկի պես բան է, սապատավոր ու անկարեկից..

-Տիկին Վեներա, Ձեր տողերում կերպարի նշանակություն ունի երազը: Երազերգություն տարբեր կերպարներով: Ձեր մի ստեղծագործության մեջ` «Մի քիչ խենթ ենք, մի քիչ՝ հիվանդ թախծոտ երազախտով»… «երազախտ» բառը բանաստեղծական անակնկալ էր…

-Երազը թևավոր է: Ես միշտ սիրահարված եմ երազին: Նա ինձ չի լքում, անգամ եթե էլ ճար չունի ինձ հետ լինելու: Նա իրականության ուսուցիչն է: Պոետիկ ուսուցիչը, որ գիտի բոլոր գույներից ստանալ ԱմենաԳույնը, որ աշխարհում չկա: Դա պիտի տեսնել հոգով միայն, ու երանի նրան, ով հիվանդ է Երազախտով և իրականության գերին չէ, այլ՝ թևավորը մի ժամանակի, որում ապրում է կիսափակ աչքերով…

-Ընթերցողներից մեկը Ձեզ «հոգու գեղանկարիչ» էր անվանել. ունեք պատկերներ, որոնք, ասես, շրջանակների մեջից իջել են սպիտակ տողերի վրա` «Ծառն իր ներսում ամփոփվում է, ինչպես կին: Աստղաթրթիռ սերն է իջնում որպես ցող, հրաշատես կապույտ աչքն է մգանում»:

Կամ` «Ճյուղը թռչուն է, տերևը՝ փետուր»: Երբեմն մտածում եմ`գուցե նաեւ նկարում էլ եք: Կա՞ նման բան: Եթե ոչ, ապա Ձեզ Ձեր իսկ տողով հարցնեմ` «Դու այդ ինչպե՜ս ես նկարում սերը Քամու թևերին»:

-Բնությունը, երբ նվիրում է, շռայլ է նվիրում: Գույն, բառ, հնչյուն: Երեքի ներսում էլ ներդաշնակորեն ապրում եմ: Դրանք իմ հոգու արևոտ հովիտներն են: Երբ Բառը լռում է, խոսում է Գույնը, նկարում եմ ինձ համար, երգում եմ ինձ համար, մեղեդիներ են ծնվում ինձ համար: Ես կիսատ ոչինչ չեմ նվիրում մարդկանց. պոեզիան է իմ հոգետունը:

 

Հարցազրույցը`Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031