Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրական նուրբ ու ազնիվ ճաշակի տերը»․ հոկտեմբերի 20-ին լրանում է ուսուցչիս 85-ամյակը

Հոկտեմբեր 20,2019 10:30

Նշանավոր գրականագետ Մկրտիչ Մկրյանը իր «Մովսես Խորենացի» գիրքը այսպես է ընծայագրել. «Սիրելի Խաչատուրին, գրական նուրբ ու ազնիվ ճաշակի տեր իմ ասպիրանտին՝ լավագույն ցանկություններով» (2. V.70 թ․):

Ուսուցչիս՝ Խաչատուր Վարդանյանի այդ հատկանիշները ավելի վաղ ծանոթ են եղել ինձ։

Նրան ճանաչելու երջանկությունը ունեցա Ալագյազի միջնակարգ դպրոցում ընդամենը մեկ ուսումնական տարի սովորելիս (1965-66)։ Իմ «Վերհուշի մասունքներ» գրքում նշում եմ, որ ինձ  համար Ալագյազի դպրոցում մի լուսավոր էություն կար՝ մեր երիտասարդ ուսուցիչ Խաչատուր Վարդանյանը և նրա վարած գրականության դասը: Այդ մեկ ուսումնական տարում նկատեցի, թե մեր խանդավառ, կարմրավուն մազերով ուսուցիչն ինչպիսի սեր ունի  գրականության նկատմամբ, ընդհանրապես, և հայ գրականության հանդեպ մասնավորապես: Հայ մեծ բանաստեղծներից նա ընդգծված չափերով էր սիրում Վահան Տերյանին և Դանիել Վարուժանին:   Գրականության հանդեպ սերն ընկեր Վարդանյանը այդ  մեկ ուսումնական տարում   փոխանցեց մեզ:

Մեր ուսուցիչը արվեստի ու գեղեցիկի, բնության սիրահար էր: Նա մեր քիմքին առաջինը մոտեցրեց պոեզիայի զգայական ընկալումը, հասկանալի դարձրեց, թե ինչպես է մարդ հարաբերվում գեղեցիկին ոչ միայն արվեստի ու գրականության գործերով, այլև առհասարակ կյանքում և բնության մեջ: Նա մեզ  ծանոթացրեց հին աշխարհի դասականների երկերին, հատկապես, հանճարեղ Հոմերոսի «Իլիական» պոեմի և  Արիստոտելի «Պոետիկա» աշխատությունը, յուրացնել տվեց «Վեհ»-ի հասկացությունը: Նրա դասավանդած առարկան քննում ու վերլուծում էր մարդկային էությունը, աշակերտների հետ նրա հանդիպումը ստեղծում էր հարազատ, մտերմիկ մի մթնոլորտ, ահա թե ինչու էինք այդպես սիրում մեր ուսուցչին։

1966 թ. ուսումնական տարվա վերջում նա վերադարձավ հարազատ կրթօջախ՝ Երևանի պետական համալսարան:

Քիչ է պատահում,  որ ուսուցչի և աշակերտի միջև նման ջերմ, հոգեհարազատական կապեր ստեղծվեն, ինչպես՝ մեր պարագայում։ Դպրոցը ավարտելուց հետո (16-ամյա պարմանուհիս) սկսեցի խոհերս, մտածումներս, հետաքրքրություններս՝ թոթովախոս գրչով, կիսել ուսուցչիս հետ։ Եվ, ով զարմանք, որքան հուզումի պահեր ապրեցի, երբ վերջերս նրա հարուստ գրադարանի մի անկյունում՝ անձնական նամակների թվում, հանդիպեցի՝ հեռավոր 60-ականների կեսերի՝ աշակերտի կարգավիճակը հազիվ թողածիս նամակներին։ Նրա պատասխանները սուրբ մասունք են ինձ համար։ Ահա մի հատված 1969 թ. ապրիլի 1-ի նամակից հասցեագրած ինձ և դասընկերուհուս՝ Լուիզային.

«… Ձեր տոնական շնորհավորանքների ստացումից շատ ամիսներ են անցել։ Եվ հիմա, ապրիլյան այս ուշ գիշերին, Երևանի համար շատ անսովոր քամու կաղկանձին ունկնդիր, դասավորում եմ գրասեղանիս դարակում ամիսների ընթացքում կուտակված թղթերը։ Ահա և ձեր ուղարկած բացիկները։

Միայնակ մարդու մտորումներ, նիրհած քաղաք, ամայացնող, տխրանվագ քամի ու ձեր բացիկները։ Մտորումներս ընդհատվեցին, փոխվեցին, մտովի տեղափոխվեցի Ալագյազ։

Երբեք չեք պատկերացնի այս հոգեվիճակը՝ դուք, որ տակավին աշակերտի հանգամանքներում  եք:

Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ եք մտադիր անելու այս տարի։ Ի՞նչ եք հիմա անում, կարծում եմ՝ չեք ծուլանա, կգրեք…»։

«Սիրելի Լիզա, շնորհավորական խոսքերիդ ջինջ ակունքը, հազվադեպ ազնվությունդ մտքիս առջև բերեցին մոռացված տեսարաններ և դրանց մեջ՝ երիտասարդ ու հպարտ մի ուսուցչի՝ իր աշակերտներին Գեղեցիկի դասեր պարապելիս…»։

Ափսո՜ս որ համալսարանում ուսանելը մնաց ինձ համար անհաս երազ, որովհետև օտար լեզվի դիմաց նիշ չլինելու պատճառով փաստաթղթերս չընդունեցին, և ես զրկվեցի համալսարանում ուսուցչիս՝ հայ նոր գրականությունից դասախոսություն լսելու վայելքից:

Վերջին տարիներին՝ Հայաստանում եղածս օրերին, հաճախակի դարձան մեր հանդիպումները։

2003-ի օգոստոսի 20-ին, ուսուցչիս, նրա դստեր՝ Նվարդի, որը քայլում է հոր արահետով՝ դասախոս է ԵՊՀ-ում, գրող Հրաչյա Մաթևոսյանի, նրա թոռնուհու՝ Մանեի հետ, ընկեր Վարդանյանի մեքենայով, ուխտավորի նման շրջեցինք Աշտարակի եկեղեցիներում, եղանք Օշականում, այցելեցինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, եղանք թանգարանում, Երևան վերադարձին հյուրընկալվեցինք ճանաչված բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի կողմից։

2004 թվականին ուսուցիչս ներկա էր ազգային ակադեմիայում տեղի ունեցած ամուսնուս՝ ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գերմանահայ նշանավոր  գործիչ Արա Բերքյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառմանը։ Իմ ելույթից հետո դրվատանքի խոսքեր լսեցի ուսուցչիս կողմից՝ երբեմնի սանուհու հասցեին։ Հաջորդ օրը ինձ, մտերիմներիս և գերմանացի հյուրիս իր մեքենայով ուղեկցեց Գառնի, Գեղարդ, հրաշալի օր էր։

2006 թ. ընկեր Վարդանյանը՝  Դանիել Վարուժանի մասին իր հրապարակումները մենագրության ձևով հրատարակեց՝ «Դանիել Վարուժանը և «Գրական հեթանոսությունը», որը ընծայագրեց. «Խաչատուր Վարդանյանից իր երբեմնի շնորհաշատ  ու գրականասեր աշակերտուհուն՝ Լիզա Աբրահամյանին՝ նվիրական հիշողություններով ու մնայուն համակրանքով»:

2014 թ. լույս տեսավ իմ «Արա Յ. Բերքյան» գիրքը, որը նվիրված է ամուսնուս կյանքին ու գործունեությանը։ Իսկ 2016 թ.՝ իմ թարգմանությամբ հայերեն լույս տեսավ ամուսնուս՝ «Հռենոսի և Արաքսի միջև 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» (համահեղինակ՝ Էննո Մայեր) գիրքը։ Այդ առիթով այցելեցի ուսուցչիս, երկու գրքերը՝ ընծայագրերով նվիրեցի նրան։

Նրա հետ ամեն մի հանդիպում  գրական իրադարձություն է իմ կյանքում։

50 տարուց ավելի համալսարանական կյանքը, դասախոսական աշխատանքը մեր երևելի, կարկառուն հայագետների, լեզվաբանների, գրականագետների մասին նրա անձնական հուշերը հոգևորով են լցնում կյանքս։ Ահա նման հանդիպումներից մեկի ժամանակ, երբ լսեց, որ Վիսբադենում եմ, պատմեց Գրիգոր Զոհրապի մասին, որը հյուր է եղել ավանդական ոճով կառուցված երկհարկ վիլլաներով գեղեցիկ քաղաքում: Իր «Էջեր ուղեւորի մը օրագրեն»  Զոհրապը հիշատակում է «Վիլա Մաթիլտի» «Վիլա Սոնիայի» և «Վիլա Մերսետեսի» մասին: «…Աս պզտիկ ապարանքներուն տերերը իրենց կյանքեն սիրո դրվագ մը հավերժացնել ուզած են այս կերպով…»։ Իրենց տանը, ուսուցիչս ինձ համար բարձրաձայն, սքանչելի առոգանությամբ ընթերցեց Զոհրապի վերոհիշյալ ստեղծագործության՝ Վիսբադենին վերաբերող հատվածը:

2018 թ. լույս տեսավ իմ «Վերհուշի մասունքներ» գիրքը։ Նախապես հեռաձայնեցի, պատմեցի, որ հուշեր ունեմ իր մասին, ցանկություն ունեցավ կարդալու այդ հատվածը։ Գրքում հրապարակեցի նրա կարծիքը. «Լիզա Աբրահամյանը լավ պատմող է, կարելի է ասել՝ համով պատմող ձիրք, որ ամեն մարդու չի տրվում։ Մի այլ արժանիք նրա խոսքում հաճելիորեն զգացվում է բնության նուրբ ընկալումը: Պատումն օժտված է վիպական գծերով, և այն հետաքրքրությամբ կկարդան ընթերցողները: Գրքում իրերն ու մարդիկ այնպես են` հետաքրքիր, ինչպես կյանքում: Որոշ էջեր (բավական շատ) հափշտակությամբ կարդացի, ինչպես պատանի օրերին սիրված վիպասան եմ կարդացել: Նման էջերում հատկապես Լիզայի միտքը ուղղակի շողշողում է լեզվական հարուստ իր բնույթով: Ուրախ եմ, որ ուսուցչությանս այն հեռավոր օրերին նման սան եմ ունեցել»։

2019 թ. հուլիսի 6-ին Երևանում էի, վերստին հեռաձայնեցի, հրավիրեց իրենց տուն։ Մեքենան նստելիս հեռաձայնեցի, խնդրեցի տան ճիշտ հասցեն։ Իմ պայծառ ուսուցիչը, նկարագրեց ողջ տարածքը, բացի փողոցի անունը և տան թիվը ասելուց։ Տաքսու երիտասարդ վարորդը, որն այդ կողմերից էր, ժպտաց, թե 20-րդ դարի մարդ է։ Ոչ միայն,- ասում եմ,- նա գրականագետ է, տարածքը նկարագրում է իր վարած գրականության դասի նման։

Արդյո՞ք զուտ պատահականություն է, թե գեղեցիկ նախախնամությամբ Ավանի թաղամասերը, որտեղ ապրում է ուսուցչիս ընտանիքը, կրում են մեր ամենաերևելի բանաստեղծների՝ Թումանյանի, Չարենցի, Վարուժանի, Դուրյանի, Իսահակյանի․ անունները։ Բանն այն է, որ նոր առանձնատներով Դուրյան թաղամասը՝ քաղաքը այդ մասից շրջանցող, արդեն պատկանում է Առինջի գյուղին և շփոթի տեղիք  տալիս;  Այն օրը իմ ասպետ, անհանգիստ բնավորության տեր ուսուցիչը, ինձ դիմավորեց Առինջի կենտրոնական մասում՝ 8-ամյա թոռան հետ։ Խարտյաշ, անուշիկ տղեկ է Խաչատուրը՝ պապի անունը կրող, նրա նման ասպետ (հետո պապի այգու և պարտեզի երփներանգ ծաղիկներից փնջեց և նվիրեց ինձ։ Թեև անկեղծորեն խոստովանեց, որ գրքի լուսանկարում  ավելի ջահել եմ)։

Մինչ վարդերի բույրով պարուրված դեպի այգին բաց տաղավարում  նստելը, հիացա ուսուցչիս այգով, բազմատեսակ ծառերով,  բազմերանգ վարդերով, որոնք ինձ ամեն անգամ հիշեցնում են Ռաբինդրանաթ Թագորի «Պարտիզպանը» արձակ բանաստեղծությունները։ Ուսուցչիս բնասիրությունը ինձ քաջ հայտնի է եղել։ Պատմում էր, «Մայրիկիս` գարնանային անտառից յուրաքանչյուր վերադարձ անհուն ցնծություն է պարգևել ինձ: Ընդառաջ եմ վազել, թևատակից հափշտակել անտառային ջանգյուլումի հսկա փունջը և դեմքս թաղել դրա մեջ: Շնչել եմ բնության այդ կախարդանքը ու չեմ հագեցել…»։

՝Երկար նստեցինք գեղազարդ տաղավարում, որը կառուցել էր նրա  շնորհաշատ կրտսեր որդին՝ Ավետիսը, իհարկե, ողջ տունն է կառուցված որդու ոսկե ձեռքերով:

Պայծառ օրը, նրա եդեմական այգու ծառերն ու բազմատեսակ ծաղիկները,  ծղրիդների մեղեդին, բանասեր հարսի՝ Կարինեի սիրալիր հյուրասիրությունը, գրականության շուրջ պտտվող զրույցներից բացի, կինը՝ Վարդուհին պատմեց, որ ձմռանը վայր է ընկել, կոտրել ուսը, վիրահատվել։

Խոսակցության մեջ լսեցի, որ «Երևանի համալսարան» թերթում հարցազրույց է տպագրվել ուսուցչիս հետ, որը դասախոսական աշխատանքից առաջ խմբագրական բնույթի աշխատանք է կատարել «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում, որից հետո եղել է «Երևանի համալսարան» թերթի գրական աշխատողը։ Նրա հետ զրուցել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր Ալբերտ Մակարյանը»։ Գեղեցիկ զրույց է, որը համացանցում բարձրաձայն ընթերցելու պատիվը ունեցա։

Անհատնում ու տաք զրույցները՝ գրականության ու արվեստի շուրջ, կենացները, կոնյակը արեցին իրենցը սիրուն գործը՝ բացահայտեցի ուսուցչիս մեկ այլ աստվածային շնորհը։ Մեզ համար երգեց Պաղտասար Դպիրի «Ի ննջմանէդ արքայական» և Տիգրան Մանսուրյանի՝ «Կտոր մը երկինք» ծաղկաբույր ֆիլմի համար գրած ստեղծագործությունները։ Պայծառ, զուլալ ձայնը արձագանքեց տաղավարում։ Հասկացա, որ օպերային երգիչ որդին՝ Գարուշը, կրում հոր ձայնային գենը:

2019 թ. օգոստոսի 10-ին,  Գեղարոտում՝ իմ հայրական օջախում, մեր երփներանգ այգում, անցկացրեցի «Վերհուշի մասունքներ» գրքիս շնորհանդեսը, հրավիրեցի նաև ուսուցչիս։ Եկավ նա գրականագետի իր սքանչելի խոսքով, որը ներկաներն ունկնդրեցին համակ ուշադրությամբ։ Մեր տանը հանդիպեց Ալագյազի դպրոցի իր նախկին սաներից՝ «Գեղարոտի ոսկեհանդերձ բնության բույրերի քնարերգու» (Վարդանյանի արտահայտությունն է), իմ դասընկեր, նկարիչ Այսեր Մաթևոսյանին, ուրախացավ Այսերի հաջողություններով։ Միջոցառման երկրորդ մասին կենացներից մեկը ծաղկեցրեց իր սքանչելի երգով։ Իմ բնասեր ուսուցիչը այն օրը բազմատեսակ ծաղիկների սերմեր և անփուշ մոշի թփուտիկներ էր բերել՝ իր պես բնասեր, հարսիս համար։ Մինչև ուշ երեկո վայելեցի  ուսուցչիս անուշ ներկայությունը, նրա տաք շունչը։

Երանելի օր էր։ Այդ մեկ օրում ամփոփվեցին անցած բոլոր տարիներն ու հանդիպումները, որոնք  կմնան իմ հիշողության  գալիք օրերի մեջ։

Երկար ապրեք, իմ թանկագին Ուսուցիչ։

 

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գերմանիա, Վիսբադեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Հագելի ” Առավոտի” խմբագրություն
    Շնորհակալ եմ Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆի մանրապատումները կարդալուս համար։
    Վաղուց այսքան գեղեցիկ, դրական հույզերով հագեցված նյութ չէի հանդիպել Ձեր էջերում ։
    Հասկանում եմ, որ Ձեր թերթը ունի սահմանափակ հնարավորություն նման գրական -գեղարվեստական նյութեր զետեղելու։
    Բա՜յց ․․․ խոստովանում եմ , որ այս իրարամերժ, տարանջատված , իրար հերքող և սպանիչ լրահոսքոմ, այսօրվա ա՛յս հուշապատումը , կարծես, վարդագույն շղարշով պատեց բացասական հույզերս ։
    Կրկին շնորհակալություն
    Գոհար Բադալյան ,
    Թոշակառու մանկաբուժ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031