Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոն, որ արդեն մեզ հետ է

Հոկտեմբեր 20,2019 12:00

Հայերս միշտ էլ հատուկ վերաբերմունք ենք տածել մեր անկախության զույգ տոների հանդեպ, պատկառանքով ենք վերաբերվել մեր անկախության զույգ տոներին՝ մայիսի 28-ին եւ սեպտեմբերի 21-ին, բայց այն, ինչ այս տարի տեղի ունեցավ Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ, աննախադեպ էր եւ առանձնահատուկ ուշադրության է արժանի:

Այս տարվա սեպտեմբերի 21-ի անկախության տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Գյումրիում: Մեծ հանդիսավորությամբ եւ չափազանց մեծ մասշտաբով: Այնպես որ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ը իսկապես վերածվեց համաժողովրդական տոնի: Դարձյալ պիտի կրկնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Փաշինյանի անունն այս տոնակատարության հետ կապված մի քանի անգամ ենք նշում ու ընդգծում, որովհետեւ, փաստորեն, տոնակատարության ե՛ւ գաղափարան էր Փաշինյանինը, ե՛ւ իրագործումը: Գրեթե ամբողջովին:

Ինքն էր հրավիրել հրավիրվածներին: Ում էլ որ անձամբ չէր հրավիրել, իրենց միանգամայն հրավիրված էին զգում, որովհետեւ Փաշինյանը, ըստ էության, բոլորին էր հրավիրել համաժողովրդական տոնին, եւ, ծանոթ թե անծանոթ, տարեց թե ջահել, բոլորն էին վարչապետի հրավերն ընդունել: Հատկապես ջահելությունը: Սեպտեմբերի 21-ին հազարավոր ջահելներ վարչապետ Փաշինյանի կոչով հեղեղել էին Գյումրին: Հատկապես ուրախալի էր, որ վարչապետը հատկապես Հայաստանի անկախության տոնի առթիվ էր ոգեւորվել եւ ոգեւորել ահելներին ու ջահելներին: Հատկապես ջահելներին: Ամեն ինչից զգացվում էր, որ ե՛ւ վարչապետը, ե՛ւ իրենք՝ ջահելությունը, Սեպտեմբերի 21-ն իրենց տոնն են համարում: Եվ այսուհետ ավելի ու ավելի են համարելու:

Այս տարվա Սեպտեմբերի 21-ին Գյումրվա փողոցներում ցնծությունն ու ուրախությունն էին հորդում, եւ չնայած նախկինում էլ մենք Սեպտեմբերի 21-ին անկախության տոն ունեինք, բայց այս տարվա Սեպտեմբերի 21-ը միանգամայն տարբերվում էր նախորդներից. իր պայծառությամբ ու ամեն ինչով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը ցանկացավ, որ մեր անկախության տոնն իր ամեն ինչով տարբերվի մեր մյուս տոներից: Լավ իմաստով: Ցանկացավ եւ իրագործեց իր այս բարի ու ազգանվեր ցանկությունը: Ըստ ամենայնի, Փաշինյանի համար անկախությունը բացառիկ ու բացարձակ արժեք է, եւ անկախությանը նվիրված տոնը՝ մեծագույն արժեք ու ուրախություն, եւ վարչապետը որոշեց այս տարի Գյումրիում իր ուրախությունը կիսել մեզ հետ: Եվ կիսեց: Կեսից ավելին տվեց մեզ: Գյումրիում իր ուրախությունը սկսելով ու կիսելով՝ այնուհետեւ ուղեւորվեց հեռավոր Միացյալ Նահանգներ՝ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ նույնպես իր ուրախությունը կիսելու:

Իսկ Գյումրիում մեծ էր հատկապես «Մեր ժամանակի հերոսների» ուրախությունը, ում աշխատանքն ըստ արժանվույն էր գնահատվել: «Մեր ժամանակի հերոս» կոչումը, ըստ էության, մրցանակ էր, որին անկախության տոնի առթիվ արժանացան մեկ տասնյակից ավելի անկախ Հայաստանի քաղաքացիներ. մարդիկ, ում հերոսական ու ազգանվեր աշխատանքն առաջին անգամ էր նկատվում, կարեւորվում ու գնահատվում:

Ինչեւէ. կարելի է արձանագրել, որ Անկախության տոնը Գյումրիում կայացավ: Ավելի քան կայացավ: Որոշվեց ամեն տարի Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը նշել ճիշտ այնպես, ինչպես Գյումրիում, բայց՝ հանրապետության միանգամայն այլ բնակավայրում: Թող նրանք նույնպես մասնակից դառնան այս ուրախությանն ու ցնծությանը:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հոյակապ պարոդիա էր:
    “Мы знали, что ты, товарищ Сталин, заботишься о нас, что ты являешься инициатором грандиозных мероприятий…” (1934, Правда)
    Կներեք, մինչև հիմա չեի հասկացել Ձեր հումորը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031