ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Արարատ Չելենջ» փառատոնում իր ելույթը նվիրեց գերազանցապես խաղաղության թեմային:
«Վերաիմաստավորելով, վերասահմանելով խաղաղությունը՝ մենք, ամբողջ աշխարհի ժողովուրդներս, դրա կարիքն իսկապես ունենք, որովհետեւ խաղաղություն ասելով՝ ավանդաբար հասկանում ենք, որ այն համարվում է հականիշը պատերազմի: Այսինքն, եթե պատերազմ չէ, ապա խաղաղություն է: Բայց արդյո՞ք դա այդպես է, արդյո՞ք այն բոլոր երկրներում կամ իրավիճակներում, որտեղ դասական իմաստով պատերազմ չէ, երբ կրակում են, սպանում են, ոչնչացնում են, քաղաքներ են ավերում, արդյո՞ք նման իրավիճակներում նշանակում է՝ ունենք խաղաղություն: Օրինակ, արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ըստ էության ավանդական իմաստով պատերազմի մեջ չեն, արդյո՞ք նրանք խաղաղության մեջ են: Իմ խորին համոզմամբ, խաղաղություն եւ պատերազմ տերմինները 21-րդ դարում փոխել են իրենց նախնական իմաստը; Հիմա դրանք շատ ավելի փոխկապակցված են եւ ըստ էության խաղաղությունը պատերազմ չլինելուց բացի, ներքին եւ նեղ-անձնական զգացողություն, իրավիճակ է։
Սահմանելով խաղաղության անձնական մոտիվացիան՝ ուզում եմ այս օրինակը բերել. եթե նույնիսկ մենք մեր երկրում ունենք խաղաղություն, բայց գիտենք հարեւան երկրներում՝ Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, ինչ է կատարվում: Արդյո՞ք այս պահին խաղաղության մեջ ենք: Իմ խորին համոզմամբ՝ ոչ: Եթե մենք տեսնում ենք ամեն վայրկյան այդ պատերազմը,երեխաների, մայրերի, հազարավոր կանանց այդ լուսանկարները, տեսնում ենք, որ փողոց են դուրս եկել եւ չգիտեն ուր գնան, իրենց երեխաներին որտեղ պատսպարեն հերթական ռումբից: Ուրեմն, մենք նույնիսկ առերեւույթ նստած խաղաղ երկնքի տակ, միեւնույն է՝ խաղաղության մեջ չենք
Ես դիմում եմ Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա դիմի իր ամուսնուն: Գուցե, նրան ասվի, թե դա իրեն չի վերաբերում, բայց չեմ հավատում, որ դա հետք չթողնի: Եթե նրա կինը, դուստրը, թոռը, նրա ընտանիքի անդամները անտարբեր չլինեն, անհնար է, որ դա հետք չթողնի եւ հաջորդ որոշումը կայացնելիս հաշվի չառնվի: Ես պիտի հորդորեմ մեծ ու փոքր պետությունների ղեկավարների տիկիններին, մայրերին, քույրերին՝ երբեւէ չհաշտվել եւ թույլ չտալ այն, ինչ տեսնում ենք այսօր Սիրիայում, իրենց ձայնը բարձրացնել իրենց տան պատերի ներսում: Այդտեղից կարող է սկսվել նաեւ խաղաղությունն ամբողջ աշխարհում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ