Կարմիր Բլուր հնավայրում շրջայցից հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ճեպազրույց ունեցավ լրատվամիջոցների հետ: Իսկ մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակից ակտիվիստները նրան Երեւանի տոնի առիթով նվիրեցին ՀՀ 2-րդ նախագահի «Կյանք եւ ազատություն» գիրքը՝ ասելով, որ լինելով սիրված դերասան՝ Հայկ Մարությանը նկարահանվել է բազմաթիվ գովազդներում եւ այս պահին էլ նկարվեց այս գրքի գովազդում:
Անակնկալը քաղաքապետի համար, ինչպես ինքն արտահայտվեց, «աբսալյուտնը» տհաճ չէր: «Այսօր, որ ճիշտն ասեմ, ոչ մի անակնկալ էլ տհաճ չի: Բոլոր անակնկալ նվերները ինձ համար լավն են՝ այսօր Երեւանի օրն է», – ասաց քաղաքապետը:
Հարցին, թե Երեւանի օրվա համար ինչո՞ւ է այդքան մեծ ծախսեր արվել, Հայկ Մարությանը պատասխանեց. «Դա այդպես չի: Ասեմ ավելին՝ շատ ավելի քիչ գումար է ծախսվել, քան անցած տարի: Բայց խնայողություն չի կարելի անել որակի հաշվին»:
Հարցին, որ լուծարումից հետո խոշոր ներդրող «Սանիթեքը» դիմել է արբիտրաժային դատարան, Հայկ Մարությանը պատասխանեց, թե իրենք պատրաստ են ամբողջ գործընթացին, ունեն բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: «Ասեմ ավելին, էս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված նախ պետության հանդեպ «Սանիթեք» ընկերության պարտավորությունների հետ», – հայտարարեց քաղաքապետը եւ ավելացրեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է «Սանիթեքը» հայտնվել հայկական շուկայում, երբ ոչ միայն վատ է մաքրել, այլեւ վատ գործընկեր է եղել: Ավելին, քաղաքապետարանը ամբողջ փաթեթն է ուղարկել դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք այդ գործընթացը եղել է ճիշտ եւ արդյո՞ք օրենքի լուրջ խախտումներ չեն եղել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ