Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասերների միջեւ մրցակցություն չկա». 2019 թ.-ի «Ավրորա»-ն շնորհվեց Միրզա Դինայիին

Հոկտեմբեր 19,2019 20:47

4-րդ «Ավրորա» մրցանակաբաշխությունն այսօր ամփոփվեց Երեւանի Ազատության հրապարակում: Մարդասիրական մրցանակը շնորհվեց երեք հավակնորդներից Միրզա Դինայիին. նա «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրն է եւ տնօրենը: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:

«Մարդասերների միջեւ մրցակցություն չկա, բայց ուզում եմ բարձր ծափահարեք իմ երկու մյուս գործընկերներին»,-հայտարարեց Միրզա Դինային:  1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով նա կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

2019թ.-ի «Ավրորայի» մյուս երկու հավակնորդներն էին.

Զանա Բուկար Մուստաֆա. նա փաստաբան է՝ «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրենը: Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում եւ վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առեւանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության եւ Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց եւս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ:

Հուդա ալ-Սարարի. նա փաստաբան է, մարդու իրավունքների պաշտպան, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց եւ տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին եւ դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) եւ «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով:

Հավելենք, որ չորս տարում առաջին անգամ մրցանակի շնորհման արարողությունը տեղի ունեցավ բաց ձեւաչափով՝ մերօրյա հերոսների կյանքի պատմությամբ հետաքրքրված քաղաքացիների աչքի առաջ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031