Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի քաղաքական դաշտում նոր ուժ է ի հայտ եկել

Հոկտեմբեր 19,2019 20:15

Այսօր Ստեփանակերտի Վալեքս Գարդեն հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում կայացավ «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը: Այն ընտրեց տասնհինգ հոգուց բաղկացած վարչություն և երեք համանախագահ` ի դեմս վիրաբույժ Մերի Գրիգորյանի, Վահրամ Ղահրամանյանի և Տիգրան Պետրոսյանի: Վերջինս էլ հենց առաջիկա երկու տարիներին կլինի կուսակցության համակարգողը:

Ըստ տեղացի որոշ փորձագետների, հայկական երկրորդ պետության համար սա նշանակալի իրադարձություն է, որովհետև կուսակցությունն իր մեջ միավորել է հասարակական-քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող մի խումբ քաղաքացիների (բավական է նշել միայն նախաձեռնող խմբի անդամ, ակնաբույժ Տիգրան Պետրոսյանին, ով հայտնի է անցած տարիներին իշխանությունների հասցեին հնչեցրած կոշտ քննադատությամբ և հենց միայն Ստեփանակերտ քաղաքում տիրապետում է մեծ ընտրազանգվածի, ինչն արտահայտվեց ԱԺ վերջն ընտրություններում): Եվ այս քաղաքական ուժի հրապարակ գալու մասին լուրերը վաղուց էին պտտվում հայաստանյան հայտնի իրադարձություններից հետո աննախադեպ ոգևորություն ապրող Արցախի ձևավորվող քաղաքական դաշտում (չնայած մինչև թավշյա հեղափոխությունն էլ արդեն Արցախում նոր մոտեցումներով ու նոր քաղաքական մշակույթով բուռն գործունեություն էր ծավալում Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը):

Արցախում քաղաքական դաշտի կայացման չափազանց պատասխանատու գործընթացում կուսակցությունն ունենալու է ընդդիմադիր կեցվածք: Մենք գտնում ենք, որ գործող իշխանությունները լրիվությամբ սպառել են երկիրն արդյունավետ կառավարելու իրենց ներուժը և ձախողել բոլոր ուղղություններով: Ձախողվել է կառավարման հոգեբանությունը: Պետք է կանգ առնել, վերջ տալ  տոտալ թալանին, արմատախիլ անել, դեռ չծնված վիժեցնել երկրից գողանալու ցանկացած մտահղացում, անվերապահորեն նվիրվել հզոր, կենսունակ, ժամանակակից և ժողովրդավար երկիր կերտելու գաղափարին,-ասել է իր ելույթում կուսակցության համանախագահներից մասնագիտությամբ իրավաբան Վահրամ Ղահրամանյանը, ով աֆղանական պատերազմի մասնակից է, Արցախյան պատերազմի ժամանակ եղել է մարտական փայլուն ուղի անցած Ճարտարի գումարտակի հրամանատարը, Մոնթեի ու Կոմանդոսի մարտընկերը:

Տիգրան Պետրոսյանի խոսքով, կուսակցությունը հավակնում է ծանրակշիռ դերակատարություն ունենալ Արցախի հասարակական-քաղաքական իրականության մեջ:

 

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարթին says:

    Մեզ հետաքրքրում է ամենա կարևորը, ի վերջո իմանանք սա հանուն միացում է աշխատելու, թէ հերթական բաժանարարը, նոր փաթեթավորմամբ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031