ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, այսօր ողջունելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Արարատ Չելենջ» փառատոնի հեղինակներին ու մասնակիցներին, ասաց. «Ուրախ եմ ձեզ այսօր ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, որն այսօր տոնում է իր 2801-ամյակը: Ուրախ եմ ձեզ ողջունել Ազատության հրապարակում: Շատ խորհրդանշական է, որ «Արարատ Չելենջ» փառատոնն անցկացվում է աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկի Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակը յուրահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում, որովհետեւ վերջին 30 տարում դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում, որոնք խմորվել եւ իրականացվել են հատկապես Ազատության հրապարակում: Ազատության հրապարակում է հայ ժողովուրդը 1988 թվականին սկսել պայքարը հանուն ազատության եւ անկախության, Ազատության հրապարակում է հայ ժողովուրդն սկսել Արցախի ազատագրումը, Ազատության հրապարակում է հաջորդ 20-25 տարիներին հայ ժողովուրդը պարբերաբար պայքարել իր ամենօրյա ազատության, ժողովրդավար երկիր ունենալու, իր ընտրության իրավունքի եւ խոսքի ազատության ու բոլոր մյուս իրավունքների պաշտպանության համար: Եվ վերջապես, 2018 թվականի ընթացքը՝ ամբողջ աշխարհի համար աննախադեպ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը սկիզբ առավ այստեղին կից հրապարակում՝ իրադարձություն, որի շնորհիվ հայ ժողովուրդն իր կերպարը փոխեց ամբողջ աշխարհի աչքի առաջ:
Կարդացեք նաև
Այսօր մենք Ազատության հրապարակում մասնակցելով «Արարատ Չելենջ» փառատոնին՝ կրկին վեր ենք հանում համամարդկային արժեք ներկայացնող այնպիսի խնդիրներ, ինչպես անկախությունն է, ազատությունն է, մարդու իրավունքներն են, խաղաղությունն է, մարդասիրությունն է: Բայց այս անգամ, ի տարբերություն մեր 30-ամյա պատմության, մենք խոսում ենք ոչ միայն մեր երկրի, մեր ժողովրդի համար, այլ խոսում ենք ամբողջ աշխարհի համար եւ քննարկում ենք համամարդկային կարեւորության թեմաներ, բարձրացնում մեր երկիր մոլորակի առջեւ ծառացած մարտահրավերները:
Ով, եթե ոչ հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների պատմության բոլոր թոհուբոհերով, հաղթահարել այնպիսի համամարդկային աղետ, ինչպիսին Ցեղասպանությունն է, իրավունք ունի եւ պարտավոր է 21-րդ դարում հումանիտար հարցերի եւ համաշխարհային կարեւորության արժեքների առաջամարտիկը եւ դրոշակակիրը լինել:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Ավրորա» մրցանակաբաշխության հեղինակներին, որոնք տարիներ առաջ նախաձեռնեցին այս քայլը՝ հայ ժողովրդին աշխարհի քարտեզի վրա դիրքավորելով բոլորովին նոր կերպարով: Ի վերջո, հարյուրամյակներ անց, հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի եւ հումանիզմ քարոզողի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ