Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բալանդի» համը զգացողը հաստատ չի ուզենա, բայց հիմա՞

Հոկտեմբեր 19,2019 16:00

Արդեն չորս տարի 6 ամիս է՝ ինչ անազատության մեջ եմ։ Առաջին օրերին, երբ հարցուփորձ էին անում՝ ինչ հոդվածով եմ կալանավորվել, առաջին դատվածությունն է եւ այլն, ասում էի, որ առաջին եւ վերջին բանտարկությունս կլինի։ Մի քանի անգամ դատապարտվածներն ասում էին՝ «առաջ մի ընկիր, դժվարը մի անգամ բալանդի համը զգալն ա, մնացածը հեշտ ա»: Ի դեպ, «բալանդ» կալանավայրում  տրվող ճաշերին են ասում։ Զգացի «բալանդի» համը. հաստատ չարժեր դրա համար նորից դատվել։ Բայց արդեն մեկ շաբաթ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ում փոխվել է սննդակարգը ու արդեն ինչպես դատապարտյալներն են կատակում՝ էլ ինչո՞ւ գնանք տուն:

Նախկինում՝ ամեն օր նույն ճաշերն էին՝ մակարոն, ոսպով կամ բրնձով ապուր, կաղամբով սալաթ, հնդկաձավար՝ անհամ ու արտաքինից ոչ այդքան հրապուրիչ։ Իսկ հիմա ամեն օր տարբեր ճաշատեսակներ են տալիս ու առաջընթացը զգալի է։ Ամեն օր՝ երկու-երեք տեսակի սալաթ, միրգ, նրբերշիկ, տապակած միս, ձվածեղ, թթվասեր, մրգերից պատրաստած թարմ կոմպոտ, նույնիսկ թեյը տարբեր համերով է։ Եթե նախկինում շատերը ճաշերից չէին օգտվում՝ հիմա նույնիսկ անհամբեր սպասում են, անգամ մի քիչ ուշանալու դեպքում՝ ահազանգում։

Համեմատականի համար նշեմ, որ նախկին ճաշերի մեծ մասը հետ էր տարվում, այժմ՝ կաթսաներն ու ամանները դատարկ են հասնում ճաշարան։ Կառավարության նիստում լսելով նոր սննդակարգի մասին՝ ճիշտն ասած՝ չհավատացինք։ Մտածեցինք, որ գուցե հերթական խաբկանք-որոշումն է, որն այդպես էլ ինչ-ինչ պատճառներով թղթի վրա պիտի մնար։ Բայց այս անգամ պարզվեց, որ իրականում իրավիճակ է փոխվել։ 70 օր սննդի ապահովման փորձնական ծրագիր է իրականացվում մասնավոր մի ընկերության կողմից։ Եթե նրանց ձեռնտու լինի՝ ծրագիրը կշարունակվի։ Չգիտեմ ում՝ ինչ, բայց դատապարտյալներին ձեռնտու է,  գոհ են ու անգամ շնորհակալ են։ Նրանք դիմել են նախարարին, քրեակատարողական ծառայության պետին, որպեսզի 70 օրից հետո ծրագիրը շարունակվի։ Չէ՞ որ անազատության մեջ հայտնվածն էլ է մարդ ու պատժի կրման ընթացքում ցանկանում է հնարավորինս մարդավայել ապրել։

Հ.Գ. ի դեպ, այսօր քրեակատարողական ծառայողի օրն է։ Շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատողներին, անսպառ  համբերություն նրանց՝ դժվարին աշխատանքում։

Արմենակ/Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ

ԼՐԱԳՐՈՂ, ԱՅԺՄ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ         

Լուսանկարները՝ արդարադատության նախարարի ու բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031