Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինհրապարակ: Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու այս կառույցի մյուս պաշտոնյաների, Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ մանրամասն ծանոթացավ ընթացքին ու այնտեղից հեռացավ Գյումրու Սև Բերդ ամրոց, որտեղ մասնակցեց ՊԵԿ-ի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման» աշխատաժողովին:
Հիշեցնենք, որ ավտոմեքենաների մաքսազերծումը Գյումրիում կատարելու առաջարկությունն արել էր հենց վարչապետը, ու օգոստոսի 1-ին կառավարության որոշմամբ Գյումրու արևելյան հատվածում, որտեղ նախկինում տեղակայված էր տանկային զորամասը, 21,5 հեկտար տարածք էր հատկացվել Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար: Այդ տարածքից ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված է 6 հեկտար, որտեղ և այս պահին ընթանում է մեծածավալ շինարարություն:
Կարդացեք նաև
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի տրամադրած մամլո հաղորդագրության համաձայն, ավտոմաքսատան գործառույթներն իրականացնող հատվածը նախատեսված է ավարտին հասցնել նոյեմբերին: Ի սկզբանե հայտարարվում էր հոկտեմբերի 11-ին ավարտելու մասին:
Թե ինչո՞ւ ուշացավ շինարարությունն, այսօր լրագրողների հարցրերին դարձյալ պատասխանեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նա ասաց, որ տարբեր գործոններ են դեր խաղացել՝ թե եղանակային պայմանները, թե նախագծային փոփոխությունները:
«Տեսնում եք աշխատանքներն աննկարագրելի թափով ընթանում են և մոտ ապագայում ավտոմաքսատունը բացվելու է», -ասաց Շուշանիկ Ներսիսյանը:
Նա կոնկրետ ժամկետ չնշեց՝ ասելով այս տարվա մեջ:
«ՊԵԿ-ը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ից բոլոր այն ավտոմեքենաները, որոնք չեն տեղափոխվում բեռնատարներով կամ թրեյլերներով, այդ ավտոմեքենաները մաքսազերծվելու են Գյումրիում: Այսինքն Երևանում կամ ապակենտրոնացված ոճով մաքսազերծում են բոլոր այն մեքենաները, որոնք մտնում են թրեյլերով ու ֆուռով, մնացած բոլոր մեքենաները գալիս են Գյումրի»:
Շուշանիկ Ներսիսյանը, խոսելով նոր աշխատատեղերի մասին, ասաց, որ այս պահին Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրել են Գյումրիից ընտրված նոր աշխատուժով, 30 աշխատակից արդեն աշխատում են. 2 փորձառու աշխատակիցներ էլ Երևանից են տեղափոխվել Գյումրի՝ նոր ընտրված կադրերի հետ աշխատելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից Վրաստանից և Ճապոնիայից արտահանված ու Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաները մաքսազերծվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նոր մաքսակետը բացվելուն պես, ըստ Շուշանիկ Ներսիսյանի, 50-55 մարդ կաշխատի, որոնց մի մասը կլինեն Գյումրից, մյուսները՝ Երևանից:
«Այս երկուշաբթի օրվանից հավելյալ հոսք ենք ավելացրել դեպի Գյումրի, ոչ միայն Ճապոնիա և Վրաստան, այլև քշելով ցանկացած տրանսպորտային միջոց, որը կհատի սահմանը, այսինքն ոչ թե կտեղափոխվի ավտոմեքենայով, այլ վարելով սահմանը կհատի, մաքսազերծվելու է Գյումրիում»-տեղեկացրեց Շուշանիկ Ներսիսյանը:
Պաշտոնյան նշեց, որ Հյուսիսային մաքսատունն աշխատելու է առանց ազատ օրերի:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՀԺ-ի նախկին տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում, խոսելով Գյումրու զարգացման հեռանկարներից, ասաց. «Հետևելով Գյումրու զարգացմանը՝ դուք այսօր կարող եք տեսնել, որ հենց մաքսային տարածքի շրջակա հողերի գինը մի քանի անգամ բարձրացել է, մարդիկ ձգտում են մոտ տեղեր տարածքներ ձեռք բերել որոշակի ծառայություններ մատուցելու համար: Տեսնում եք, թե ինչպիսի տուրիստական հոսք է ավելացել Գյումրի, ինձ համար գոնե ամեն ինչ ակնհայտ է, նույնիսկ սպասածից շատ ավելի արագ է պրոցեսը գնում, ինձ համար շատ ուրախալի է: Երևի զարգացումն արագ է գնում վերաբերմունքի շնորհիվ, վարչապետի մի քանի այցերը, ուղիղ եթերն ինքն իրենով խթանեց, իսկ երբ շատ մարդիկ սկսեցին գալ, տեսնել, հիանալ այս քաղաքով, դա նրանց ծանոթներին ևս բերեց այս քաղաք ու այդպես կշարունակվի: Իմ կարծիքով Գյումրիին շատ փայլուն, շատ պայծառ ապագա է սպասվում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ