Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ

Հոկտեմբեր 19,2019 11:02

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարեւոր առաջընթաց է արձանագրել.

«Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է եւ մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ եւ նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ եւ կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային առումով»:

Մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին, նշում է Ազուրը:

Վաշինգտոնում Համաշխարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարեւորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից: Անդրադառնալով 2019-2021 թթ. Հայաստանում 5-տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային Բանկի կանխատեսումներին՝ փոխվարչապետը նշեց, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա.

«Սպասումների ձեւավորումն ավելի շատ վերաբերում է ոչ թե նոմինալ արտահայտմանն այլ թե որքանով դա կանդրադառնա մարդկանց կյանքի որակի եւ սոցիալական պաշտպանվածության վրա»:

Վաշինգտոնում համաժողովին մասնակցող «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ երկրի գործարար մթնոլորտը իր կարծիքով դրական առաջընթաց է ապրել ոչ միայն խոշոր գործարարների, այլև մանր ու միջին բիզնեսի համար, որի զարգացմանը «Հայէկոնոմբանկն» աջակցում է վարկեր տրամադրելով: Փոխվել է նաեւ երկրի ընդհանուր մթնոլորտը եւ ապագայի նկատմամբ վերաբերմունքը, նշում է գործարարը.

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը 24 ժամ աշխատում է: Եթե նա 24 ժամ աշխատում է եւ ցանկություն ունի երկիրն առաջ տանելու, ապա մենք նույնպես ուրախ ենք աշխատել: Ասեմ, որ նույնիսկ այսօր գործարարները հաճույքով են հարկեր վճարում»

Սարիբեկ Սուքիասյանի խոսքով, այսօր Հայաստանի պետբյուջե հարկեր վճարելիս գործարարները գիտեն, որ դրանք նպատակային են ծախսվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031