Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան. «Պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է». «Ժամանակ»

Հոկտեմբեր 19,2019 10:46

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից՝ մինչև ՀՀ բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք, Արթուր Գրիգորյանի պնդմամբ, առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ վճիռն, ըստ էության, անհեթեթություն է։ «Վճիռը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ հայտնաբերված կարմիրգրքային կենսաբազմազանության միավորների առկայությունը հիմնավորված չէ, և տեսչության ղեկավարը, այսինքն՝ ես, շահագրգիռ կողմ եմ և չպետք է այդ հարցով որոշում ընդունեի: Դատարանի այս հետևությունները հիմնված են բացառապես հայցվոր կողմի՝ ընկերության ներկայացրած ապացույցների վրա, քանի որ հակառակը չի ներկայացվել: Այդ ապացույցների մեծ մասը ընկերության համար ստեղծել է բնապահպանության նախարարությունը՝ անօրինական գործողությունների միջոցով, որոնք դատաքննության ընթացքում պետք է հանվեին ապացուցողական բազայից անօրինական ճանապարհով ձեռք բերված լինելու պատճառով:

Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը, այսինքն՝ տեսչությունը: Գիտե՞ք՝ այս գործով անցկացված չորս դատական նիստերից տեսչության ներկայացուցիչը քանի նիստի է մասնակցել: Ոչ մի»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ երբ ինքը դեռ տեսչության ղեկավար էր, դատարանին միջնորդել էին երկարացնել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը՝ դատաքննությանը հիմնավոր պատրաստվելու և լրացուցիչ ապացույցների բազա ձևավորելու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը: «Իսկ հիմա կարդում եմ՝ վճռի տեքստում ուղղակիորեն գրված է, որ անգամ հայցադիմումի պատասխանը չի ներկայացվել: Նույն ընկերության կողմից տեսչության դեմ ներկայացված են նաև այլ հայցադիմումներ: Վստահ եմ, որ դրանց ևս տեսչությունը չի մասնակցում»:

Դատարանի հետևությունը, որ տեսչության պետն ուներ շահագրգռվածություն, քանի որ նախկինում դեմ է արտահայտվել հանքավայրի շահագործմանը, ըստ Գրիգորյանի, առհասարակ դելեգիտիմացնում է գործող իշխանությանը՝ իր գրեթե բոլոր նախաձեռնություններում:

«Ստացվում է՝ Երևանի ավագանու անդամները չեն կարող որոշումներ ընդունել քաղաքի ապօրինի կառույցներն ապամոնտաժելու հարցում, գործադիրը չի կարող նախաձեռնել գործընթացներ անցումային արդարադատության և նախկինում թալանվածը վերադարձնելու հարցում և այդպես շարունակ, քանի որ այդ մարմիններում ներգրավված մարդիկ նախկինում այդ հարցերի վերաբերյալ ունեցել են դիրքորոշումներ: Եվ առհասարակ, սա նշանակում է, որ ինձ բնապահպանական տեսչության ղեկավար նշանակելն ընդհանրապես անօրինական գործողություն էր, քանի որ բոլոր բնապահպանական հարցերում ես ունեցել եմ հստակ արտահայտված դիրքորոշում: Սա անհեթեթություն է: Եթե կուզեք, պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է»,- ընդգծեց Գրիգորյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031