Փաստաբան Հայկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի ավագ աղջկանից ԱԱԾ-ում հետաքրքրվել են Կենտրոն վարչական շրջանում գտնվող նրան պատկանող ավտոտնակից, որը նա 2016թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Հ. Թովմասյանի կրտսեր դստեր միակ գույքը 2014թ. արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենան է, որը ևս որպես նվիրատվություն՝ աղջիկը ստացել է 2016թ.՝ մորաքրոջ աղջկանից։ «Նվիրատվության պատճառը այն է, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է իրեն պատկանող գույքը նվիրել քույրերին»,- ասել է Հայկ Սարգսյանը։
Փաստաբանը նաև ասել է, որ հարցեր են հնչել Հրայր Թովմասյանի ավագ դստեր Nissan Patrol մեքենայի վերաբերյալ, որը ապրիլյան պատերազմի ընթացքում կամ հաջորդող օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին։
Մյուս փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը, տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանի հորը՝ Վարդան Թովմասյանին, բացատրության ընթացքում ԱԱԾ-ում կրկին հարցեր են ուղղվել տան տանիքի վերաբերյալ, թե ինչ միջոցներով է այն նորոգվել։ «Պարզ հարցեր են եղել, հնչել են պարզ պատասխաններ՝ 2007թ. Վարդան Թովմասյանի միջոցներով, հարևանների օգնությամբ, գյուղում, պարզաբանում է տրվել, թե ոնց է վերանորոգվել»,- նշել է փաստաբանը։
Կարդացեք նաև
Ահա այն ամենը, ինչով շուրջ երկու օր շարունակ (հրապարակային) ամենայն լրջությամբ զբաղված է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Համաձայնեք, որ շա՜տ, չափազանց լուրջ սպառնալիքներ ոչնչացնելու «ազգանվեր» գործ է: Բայց, ցավոք, մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր այս խիստ կարևոր հարցաքննություններով՝ տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ տեսագրությունը: Արդյոք սա ազգային սպառնալիք չէ՞:
Ավելորդ է հարցնել, թե ԱԱԾ-ն, որի գործառույթն արտաքին սպառնալիքները ոչնչացնելն ու կանխելն է, ինչո՞վ էր զբաղված այդ ընթացքում, քանի որ գոնե վերջին երկու օրերին տեսնում ենք, թե այն ինչ գործառույթ է իր վրա վերցրել, ինչով է հիմա զբաղվում այդ կառույցը: Ահա իշխանության ցանկությունները սպասարկելու, նրանց կամակորությունները բավարարելու հետևանքները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում