Լրահոս
Օրվա լրահոսը

GASTRO COUTURE. Երբ միաձուլվում են խոհանոցն ու նորաձեւությունը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 19,2019 00:44

Այն, ինչ կատարվում էր 2019թ. հոկտեմբերի 17-ի երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլ կերպ, քան շքեղության հրավառություն, դժվար է անվանել… նորաձեւ խոհարարությունը՝ հանձին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ համեղ նորաձեւությունը՝ հանձին «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան, համատեղ ներկայացրեցին GASTRO COUTURE միջոցառումը, որում միաձուլվել էին գեղեցիկն ու համեղը, նորաձեւությունն ու գաստրոնոմիան:

GASTRO COUTURE-ն իրենից ներկայացնում էր հայկական ավանդական ուտեստների գույների և հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության բացառիկ ցուցադրություն՝ հենց ավանդական ուտեստների եւ գեղեցիկ զարդարված սեղանի ֆոնին:

GASTRO COUTURE նախագծի նպատակը հայկական ավանդական խոհանոցը նորովի և ֆյուժնի համատեքստում ներկայացնելն է:

Խոսելով GASTRO COUTURE նախագծի գաղափարի և նպատակների մասին՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասաց.

«GASTRO COUTURE-ը մեր պատկերացումների մարմնավորումն է, այն է՝ հայկական խոհանոցն ու մշակույթը ներկայացնել նորովի, ցույց տալ, որ խոհանոցը ոգեշնչման աղբյուր է, արվեստ, և այդ արվեստը սահմաններ չի ճանաչում՝ լինի դա խոհանոց, թե՜ նորաձևություն։ Երկու տարբեր, բայց միաժամանակ համատեղելի աշխարհներ, որոնց միաձուլումից ստացվում է բարձր արվեստի նոր գործ: Սա հնարավորություն է ցույց տալ, որ խոհանոցն էլ կարող է լինել նորաձև։ Այս գեղեցիկ մտահղացումն իրագործում ենք մեր գործընկերների՝ «Հարմոնի Երևան» նորաձևության տան հետ, որի բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետներին ոգևորեց այս գաղափարն ու թևեր տվեց մեզ հետ բարձր թռչելու դեպի GASTRO COUTURE-ի աշխարհ»։

Խոսելով GASTRO COUTURE  ցուցադրության կոնցեպտի և ներկայացված հավաքածուի մասին՝«Հարմոնի Երևան» նորարձևության տան հիմնադիր Լիլիթ Տոնականյանը նշեց.

«Ինչպես մեր նախորդ ցուցադրությունները, այս մեկը ևս առանձնանում է իր կոնցեպտով։ Կոնցեպտը խնջույքն է. ցուցադրության առաջին մասում ներկայացված էին ճաշկերույթի պատրաստվելու ընթացքը. շեշտել ենք սպասքադրման գործընթացի կարևորությունը: Օգտագործվել են տարրեր հայկական հենց այն ավանդական ուտեստներից, որոնց հաճախորդը կարող է հանդիպել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում։ Եվ, իհարկե, ցանկացել էինք ընդգծել ռեստորան գնալիս պատրաստվելու արարողակարգի կարևորությունն ու էսթետիկան։ Այստեղ մարդիկ են, կերպարներ, ովքեր մասնակցում են ճաշկերույթի որևէ բարձրակարգ ռեստորանում և իրենց տեսքն էլ նույնքան տարբերվող է, որքան այդ ռեստորանի խոհանոցը»:

Ցուցադրության կոնցեպտն ամբողջականցված էր յուրահատուկ ձևավորման և հյուրասիրության միջոցով, ինչ  միջոցառմանը հաղորդում էր  հայկական արքունական  խնջույքի մթնոլորտ: Դահլիճում ներկայացված էր 50 մետր երկարությամբ առատ սեղան՝ լի հայկական ավադական ուտեստներով և քաղցրավենիքով՝  ղափամա, տոլմա, ժենգյալով հաց, գաթա, հայկական չրեր և մրգեր, որոնք ցուցադրության  ավարտից հետո  վայելեցին հյուրերը:

Ցուցադրության երկու մուտքերը  զարդարված էին «Հայկական գորգի ազգային կենտրոնի» զարդանախշ գորգերով, որոնք ողջ շքեղությամբ ներդաշնակ ձևով գույն էին հաղորդում միջոցառմանը  և խորհրդանշական էին:

Միջոցառմանը ներկա էին պետական, գործարար, մշակույթի, արվեստի, ռեստորանային և նորաձևության ոլորտների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, լուսանկարիչներ և տեղական ու միջազգային լրատվամիջոցներ:

GASTRO և COUTURE աշխարհները միավորող և յուրովի մեկնաբանող գաղափարակիցները հույս հայտնեցին, որ այս  միջոցառումը կնպաստի   ինչպես հայկական ավանդական խոհանոցի, այնպես էլ հայկական նորաձևության ճանաչելիության մակարդակի բարձրացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում:

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031