Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ 12 տարի սովորում է հայոց լեզու, բայց չի կարողանում մոր ծնունդը գեղեցիկ շնորհավորել, սիրելի մարդուն լավ խոսք ասել»

Հոկտեմբեր 19,2019 12:00

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանի ոչ ավանդական մեթոդները

Դասը սկսել ուրախ տրամադրությամբ, երգել, պարել, ընկերանալ աշակերտների հետ, մոտիվացնել նրանցգ շատ դպրոցներում հազվադեպ հանդիպող այս մեթոդները անպակաս են հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանի դասարաններում։ Գեներով եկած ուսուցչի աշխատանքը փոքրուց սիրել է։ Այսօր այդ սերը դրսեւորվում է աշակերտների հետ անմիջական ու ընկերական շփման ժամանակ։ Աշակերտներն էլ արդեն գիտեն, որ ուսուցիչը մտնելու է դասարան ու մի ոչ սովորական բան է լինելու։

«Ես վերադառնում եմ իմ դպրոցական տարիներ ու անում եմ այն, ինչ կուզեի ինձ հետ անեին, ինչի պակասը զգացել եմ»,- բացատրում է Մեսրոպ Մաշտոցի անվան կրթահամալիրի ուսուցիչը:

Դասի անցկացման մեթոդները հենց աշակերտների հետ է ընտրում՝ տարվա սկզբին գաղափարներ ու առաջարկներ հավաքելով։ Արսեն Վարդանյանի խոսքով՝ ցածր դասարաններում սովորող երեխաներին անգամ գունավոր գրիչով գրելն է երջանկացնում, այն, ինչ մյուս ուսուցիչները կատեգորիկ դեմ են լինում։

«Այս տարի հինգերորդ դասարան էի վերցրել, բոլորը միաբերան բացօթյա դաս էին ուզում. եթե երեխաներն այդ պարզ ու հասարակ բանի մեջ այդքան կարեւոր իմաստ ու խորհուրդ են տեսնում, ինչո՞ւ չանել, կազմակերպեցինք»,- պատմում է ուսուցիչը ու հավելում, որ նոր դասարան վերցնելու դեպքում իրար հետ հարմարվելու փուլ կա, որը պետք է շատ լավ հաղթահարես։

Մյուսը աշակերտների հետ ընկերանալն է, իսկ ընկերանալու համար պետք է ճանաչել նրանց անհատապես՝ ընտանեկան խնդիրներից մինչեւ երեխայի անձնային որակներ։ Ուսուցչի խոսքով՝ սա հաջողության ամենամեծ գրավականն է։

«Բայց պիտի աշակերտներին շատ չառանձնացնես, չսիրածներին ճնշած չպահես. երեխաները ներքին բնազդով զգում են՝ դու ում ես ավելի շատ համակրում»,- բացատրում է Արսեն Վարդանյանը։

Նրա դասարաններում էլ կան չարաճճի ու աղմկոտ երեխաներ, ու ձայնը բարձրացնելու ավանդական ձեւից բացի, մի հետաքրքիր մեթոդ է կիրառում: «Երեխեքը իրար լսել չգիտեն. հենց մեկը խոսեց, վերջացրեց, իրենք շեղվում են արագ, այդ դեպքում դերեր եմ տալիս, ասում եմ՝ դուք հիմա ժյուրիի անդամներ եք, պիտի լսեք, նշումներ անեք, գնահատեք ձեր ընկերներին»,- ասում է կրթության Աստծո դերի մեջ մտած ուսուցիչը (կատակով ինքն իրեն համեմատում է Տիր Աստծո հետ-Մ.Մ)։

Գնահատականի համար, առանց հասկանալու անգիր սովորելը հայոց լեզվի եւ գրականության մասնագետը չի խրախուսում. դա պիտի նպատակ ունենա, այնինչ շատերը բանաստեղծությունից բան չեն հասկանում ու չեն զգում հուզականությունը։

«Շատ սիրում եմ դերային ընթերցանություն տալ. բանաստեղծության առաջին տունը կարդան զարմանքով, երկրորդ տունը՝ զայրույթով, հաջորդը կարոտով կամ էլ երաժշտության ուղեկցությամբ»,- ասում է ընկեր Վարդանյանը։

Մեսրոպ Մաշտոցի անվան կրթահամալիրի ուսուցիչը համաձայն է, որ արագ մոռացվող անգիրներից բացի, երեխաներին ուրիշ կարեւոր բաներ էլ պետք է սովորեցնել՝ միմյանց հանդեպ կարեկցանք, փոխօգնություն, ինքնակառավարում, գեղեցիկի ու էսթետիկի նկատմամբ վերաբերմունք։ Կարճ ասած՝ տիրապետել այն տարրական քայլերին, որոնք մարդուն մարդ են դարձնում։

Ուսուցչի խոսքով՝ սա կրթության ոլորտի լուծելի խնդիրներից մեկն է, որը չի լուծվում։ Չկա կրթություն կյանքի համար։

«Իմ օրինակով ասեմ. մարդ 12 տարի սովորում է հայոց լեզու, բայց չի կարողանում սովորական նամակ գրել, մոր ծնունդը գեղեցիկ շնորհավորել, սիրելի մարդուն լավ խոսք ասել, ջերմացնել»,- ասում է ուսուցիչը։

Արսեն Վարդանյանը կարծում է, որ կարեւոր է աշակերտին փոխանցել հմտություններ, որոնք կկարողանա կիրառել կյանքի տարբեր իրավիճակներում, կսովորի սովորել։

Ուրիշներին իր մեթոդների օգտակար լինելու մասին չի պատրաստվում համոզել։ Բայց դասի արդյունավետության, զվարճալի դրվագների մասին իր օրագրում գրելուց բացի, պատմում է ֆեյսբուքյան գրառումների միջոցով։ Ասում է՝ ով ուզում է, կարող է մի մասնիկ վերցնել։

Արսեն Վարդանյանը մի ցանկություն ունի, որ ուսուցիչները շատ սեր դնեն իրենց գործում, չաշխատեն գումարի համար, դասից առաջ էլ չմոռանան կենցաղային հոգսերը թողնել դասասենյակի դռան հետեւում։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031