Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեմիլ Պետրովիչը՝ Վաչե Շարաֆյանի, Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգի եւ առանց սահմանների նվագախմբի մասին

Հոկտեմբեր 19,2019 12:30

13-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում է Սերբիայի երաժշտական կյանքի առաջատար դեմքերից դիրիժոր Պրեմիլ Պետրովիչը։ Նրա ղեկավարությամբ ու մեկնաբանմամբ առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործությունը, ըստ ամերիկաբնակ բանաստեղծ Սոնա Վանի «Լիբրետտո անապատի համար» պոեմի։ Մասնակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանն ու մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը։

«Առավոտը» զրուցելով Պրեմիլ Պետրովիչի հետ, պարզեց, որ երաժիշտը իր մասնագիտական բարձրագույն կրթության համար պարտական է Գերմանիայի Դաշնությանը։ Բնակվում է Բեռլինում, ինչը չի խանգարում ղեկավարել տարբեր երկրների նվագախմբեր, հանդես գալ միջազգային փառատոներում, նույնիսկ մասնակցել օպերային բեմադրություններին՝ որպես բեմադրող դիրիժոր, օրինակ, ճանաչված դիրիժոր Բրեթ Բեյլիի հետ իրականացրել է Վերդիի «Մակբեթը»։ Արվեստագետը հաճախ  ղեկավարում եւ ձայնագրում է թատերական փորձարարական երաժշտություն եւս։ Այս կապակցությամբ  արտասահմանյան մասնագիտական պարբերականները առանձնացնում են Շյոնբերգի «Լուսնային  Պիեռոն»։ Երաժիշտը առաջինն է, որ արժանացել է ժամանակակից երաժշտության կատարման համար շնորհվող հեղինակավոր  «Հանս Այսլեր» մրցանակին, ճանաչված մաեստրո Դանիել Բարենբոյմի օրինակով էլ 2012թ. ստեղծել է նվագախումբ առանց սահմանների նախագիծ։ Այս առիթով երաժիշտը նշեց. «Չեմ թաքցնում, որ մաեստրո Բարենբոյմից եմ «վերցրել» այդ նախագիծը։ Նրա նվագախմբում հրեա եւ արաբ երաժիշտներ են, իսկ իմ կոլեկտիվի արտիստների ծննդավայրերի աշխարհագրությունը փոքր-ինչ լայն է»։

«Առանց սահմանների» բառակապակցության իմաստը պարզ է, երաժշտությունը միավորում է տարբեր ազգերի արվեստի շուրջ եւ դա լավագույն ձեւն է կամ ուժը։ Բայց արդյո՞ք կոնկրետ իր նախագիծը ձգում է նաեւ քաղաքական գործիչների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքական գործիչները ոչ միայն չեն այցելում համերգների, այլեւ դեմ են  «առանց սահմանների» գաղափարին։ Բայց կան բացառություններ, օրինակ, Գերմանիայի արտգործնախարարությունը ողջունում է, Հարավսլավիայինը՝ ոչ։

Զրույցի ընթացքում Պրեմիլ Պետրովիչը չթաքցրեց, որ  այնքան էլ ծանոթ չէ ժամանակակից հայ կոմպոզիտորներին, ժպտալով էլ հավելեց, թե ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցը գոնե մինչ օրս իր մոտ ներկայանում է  Վաչե Շարաֆյան անվամբ։ Հիշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում Գերմանիայում իր ղեկավարությամբ հնչած Շարաֆյանի Ալտի կոնցերտը, հատկապես շեշտեց, թե  դա այն ժամանակ էր, երբ Գերմանիան չէր ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Էրդողանն էլ ամեն ինչ անում էր միջոցառումները չկայանալու համար։ Հիշեց նաեւ նույն Ալտի կոնցերտի իր մեկնաբանությունը Բելգրադում, դարձյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով, շեշտելով. «Նույն համերգի ընթացքում ղեկավարեցի նաեւ թուրք կոմպոզիտորի մի գործ»։

Հետաքրքրվեցինք, թե ժամանակակից հայտնի սերբ կոմպոզիտոր Այսեդորա Զեբելջանը ունի՞ հայկական արմատներ, դիրիժորը դժվարացավ այդ մասին ստույգ տեղեկություն հաղորդել, բայց ասաց, որ քանիցս ձայնագրել է Զեբելջանի երկերը, այդ թվում՝ նաեւ  օպերաները։

Գերմանաբնակ Պետրովիչից հետաքրքրվեցինք, ճի՞շտ է տարածված այն կարծիքը, թե կոնկրետ Գերմանիայում դասական համերգների, օպերաների հաճախում են մեծամասամբ տարեցները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկապես դա տխուր է, բայց փաստ։ Ինքս, երբ հաճախում եմ դասական երաժշտության համերգների, երբեմն թվում է, թե ես այցելել եմ թանգարան։ Սա էլ իր պատճառներն ունի գուցե։ Տեսեք, թեեւ ասենք դասական երաժշտության ոլոտում երբեմն ժամանակակից շնչով, ռեժիսուրայով իրականացվում են նախագծեր, բայց մեծ հաշվով 19-րդ դարից այս կողմ ոչինչ չի փոխվել։ Նվագախմբի երաժիշտները ներկայանում են նույն ֆրակներով… Այս պահին ժամանակի առումով չեմ կարող նշել իմ տեսլականը, բայց մի բան հաստատ է, ժամանակը առաջ է գնում, այն էլ ինչ արագությամբ…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031