Դատապարտում ենք
Թուրքական զինուժի, թրքամետ խմբավորման ռազմական ներխուժումը սուվերեն երկրի տարածք եւ սկսված ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային տարածքում քուրդ ժողովրդի եւ մյուս ազգային փոքրամասնությունների դեմ, դատապարտում ենք եւ հավատացած ենք, որ հարեւան երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կոպտորեն ոտնահարած Թուրքիան գործում է գերտերությունների «լուռ համաձայնությամբ»: Իսկ որ քրդերը Թրամփի գործողությունները «դավաճանություն» գնահատեցին, տեղին է եւ ոչ անսպասելի: Մեր հանրապետության ղեկավարությունը նույնպես դատապարտեց Թուրքիայի անօրինական ներխուժումը, գտնելով, որ այն կվատացնի տարածաշրջանի անվտանգությունը, կբերի խաղաղ բնակչության կորուստների: Ամբողջ աշխարհը հետեւում է, թե թուրքերը ինչպես են սպանում անմեղ մարդկանց, ռմբակոծում, ավերում բնակավայրերը, տեղահան անում մարդկանց: Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է անում Թուրքիան Սիրիայում քրդերի հետ, զարմանալիորեն համարյա բոլորն էլ «լռում են»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնիսկ նիստ չի հրավիրում: Իսկ քուրդ ժողովուրդը ողբերգություն է ապրում աշխարհի աչքի առջեւ…
Սպանությունը միշտ կրկնվում է, եթե մարդասպանը իր արժանի պատիժը ժամանակին չի կրում, հավատացեք, հարցերը շատ են, կգա դրանց պատասխանելու ժամանակը, բայց այդ ժամանակ անմեղ զոհերի համար կարող է շատ ուշ լինել: Երբ նայում ենք մարդկության պատմության ընթացքին, պարզ երեւում է, որ քուրդ ժողովուրդը վաստակել է իրավունք՝ հիմնելու իր պետությունը:
ԱՄՆ-ն, որ քրդերի դաշնակիցն էր, մի կողմ է քաշվել՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին: Ստեղծվել է մի իրավիճակ, որ քրդերն իրենք պետք է իրենց օգնեն, որ նրանք չհամախբվեն, իրար չօգնեն, դժվար աշխարհն օգնի նրանց: Եթե քրդերն իրենց չսիրեն, երեւի Աստվածն էլ նրանց չի սիրի: Մարդիկ, թուրքական ագրեսիան պետք է կագնեցվի: Ճիշտ է, այն ուղղված է քրդերի դեմ, բայց Սիրիայի քրդերով բնակեցված սահմանակից շրջաններում ապրում են կրոնական ու էթնիկ այլ փոքրամասնություններ: Թուրքիայի ագրեսիան էլ ավելի կխորացնի մարդասիրական ճգնաժամն աշխարհի այդ հատվածում: Կանգնեցնել այն Թուրքիայի ագրեսիան, որը 20-րդ դարի սկզբներին պլանավորեց եւ իրականացրեց հայ ժողովրդի եւ մյուս ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունը, որի տարածքով հարյուրավոր իսլամիստներ անարգել անցան Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգը եւ իրագործեցին 21-րդ դարում եզդի ժողովրդի ցեղասպանությունը: Իսկ հիմա իրենց օգնությամբ Սիրիայից փախչում են ԻՊ ահաբեկչական խմբավորման հանցագործները: Ցավոք, աշխարհը նորից այնպիսի դիրք է բռնել, որ «դա մեզ չի վերաբերում»: Պարզապես եկել է ժամանակը՝ համակարգված գործողություններով կանգնեցնել թուրքական ագրեսիան: Թող ոչ մեկը իր «շահը» չտեսնի թուրքական ագրեսիան կանգնեցնելու գործում, այն պետք է լինի զուտ մարդասիրական: Թուրքիան անվտանգության գոտու կարիք չի ունենա, եթե աշխարհում տիրի խաղաղությունն ու անվտանգությունը: Իսկ Թուրքիան «ինքնուրույն» չորոշի այլ ժողովուրդների ճակատագիրը: Միջազգային քաղաքական դաշտն այս օրերին շատ մշուշոտ է ու անորոշ, մի շարք գործընթացներ պետք է գնահատվեն, պետք է պարզվի յուրաքանչյուր պետության պահվածքը, դերակատարությունը, թե Սիրիայի ժողովրդին օգնելը բազում-բազում խնդիրներով է պայմանավորված, ինչ-ինչ շահերով: Այս պահին մարդ միայն տուժածներին աջակցելու ու հանցագործներին արժանի փոխհատուցում տալու ցանկություն է ունենում: Ոչինչ աշխարհում անհետ չի կորչում, համացանցում սփռված անմեղ զոհերի, անմեղ երեխաների լուսանկարները, ավերվածությունները, ժողովրդական պայքարը տեսնելուց հետո հասկանում ես, որ «չարը» իր արժանի պատիժը կկրի:
Կարդացեք նաև
Տեղին է հիշել Մայր Թերեզայի խոսքն այն մասին, որ այն, ինչ տարիներ շարունակ կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, բայց դուք, միեւնույն է, շարունակեք կառուցել եւ ապրել:
Թուրքիայի ագրեսիան կրկին անգամ ցույց տվեց, որ նույնիսկ 21-րդ դարում աշխարհը դեռեւս հեռու է կատարելությունից եւ մարդկային գիտակցությունը դեռեւս չի հասել այն մակարդակին, որ ի վիճակի լինի հասկանալու, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու ու արարելու եւ դառնալու աշխարհի շարունակությունը:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2019