«Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է, աշխատում է: Օր-օրի բաներ են պարզվում, ի հայտ գալիս, երեւի մինչեւ տարեվերջ արդեն մենք ընդհանուր հայտարարի կգանք եւ մեր կարծիքը կներկայացնենք: Հիմա կոնկրետ ինչ-որ բան ասելը, կարծում եմ, ճիշտ չէ». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Վարդան Վարդանյանը:
«Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ»,- երեկ «168 Ժամի» հետ զրույցում ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության մասին հարցին՝ հավելելով, որ չի ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրեւ թե թույլ են տվել սխալներ: «Ապրիլյան հանձնաժողովի» ԲՀԿ-ական անդամ Վարդան Վարդանյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Տեր-Գրիգորյանցի հայտարարություններին, ասաց՝ հանձնաժողովի նպատակը բանակում առկա բացթողումները, թերությունները վեր հանելն է, որպեսզի դրանք հետագայում կանխվեն եւ շտկվեն. «Առաջնայինը դա է, հանձնաժողովը նպատակ չունի, իրավասություն էլ չունի պատժել եւ այլն: Մենք այդ ոգով ենք աշխատում»: Հարցին՝ ինչո՞ւ է հանձնաժողովի աշխատանքի մասին նման տպավորություն ստացել մարդն, ով ի սկզբանե պատրաստակամություն էր հայտնել աջակցել հանձնաժողովի աշխատանքներին, Վարդան Վարդանյանն ասաց, որ չի կարդացել գեներալ-լեյտենանտի մտահոգությունները, դրանց տեղյակ չէ, հետեւություններ անել չի կարող, բայց չի կիսում նրա կարծիքը՝ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված:
Այլ բարձրաստիճան զինվորականներ եւս պատրաստակամություն էին հայտնել հանձնաժողովի հետ աշխատելու: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, կան էլի մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետագայում հրաժարվել են աջակցել հանձնաժողովի աշխատանքներին: Վարդան Վարդանյանն ասաց, որ տեղյակ չէ. «Բայց չեմ կարծում, որ հրաժարվեն, որովհետեւ մեր նպատակը այն, ինչ-որ Տեր-Գրիգորյանցն է ներկայացնում, հաստատ դա չէ»: Մեր զրուցակիցը վաղ է համարում պատասխանել հարցին, թե այսքան ամիսների աշխատանքից հետո հանձնաժողովն ի՞նչ արդյունքներ է գրանցել. «Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է, աշխատում է: Օր-օրի բաներ են պարզվում, ի հայտ գալիս, երեւի մինչեւ տարեվերջ արդեն մենք ընդհանուր հայտարարի կգանք եւ մեր կարծիքը կներկայացնենք: Հիմա կոնկրետ ինչ-որ բան ասելը, կարծում եմ, ճիշտ չէ: Գործը վերջացնելուց հետո, նոր կարող ենք կարծիք հայտնել»: Թե ի՞նչ նոր բաներ են օր-օրի ի հայտ գալիս, Վարդան Վարդանյանը նորից չմանրամասնեց: Հետաքրքրվեցինք՝ գոնե իր համար, մեր զրուցակիցն արդեն եզրահանգումներ արե՞լ է՝ այն բացթողումներն ու թերությունները, որ եղել են, ճակատագրակա՞ն ազդեցություն են թողել ապրիլյան դեպքերի վրա, անկյունաքարայի՞ն բացթողումներ են եղել: «Գիտեք, բոլորին պետք է լսենք, հետո՝ վերլուծենք, որ կարողանանք կարծիք կազմել: Հիմա՝ մեկ-երկուսին լսելով, գործը կիսատ թողած կարծիք կազմելը՝ ճիշտ չէ: Իսկ որ ապրիլյանում եղել են բացթողումներ, խնդիրներ են եղել՝ բոլորիս համար էլ պարզ է: Բայց ժամանակից շուտ գնահատական չտանք, որովհետեւ ես չեմ բացառում, որ նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետն էլ երկարացնենք, քանի որ ամեն աշխատանքային քննարկումից հետո, նոր բաներ են ի հայտ գալիս»:
Վերջերս մի հարցազրույցում, ներկայումս ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն անդրադառնալով ապրիլյան պատերազմին եւ հայկական կողմի կորցրած 800 հա տարածքին, ասել է, որ ինքը 1993-ին մասնակցել է Թալիշի, Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել է այնտեղ, եւ «կարող է ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի»: Ժամանակին համանման հայտարարություն արեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց:
Կարդացեք նաև
Վարդան Վարդանյանն անդրադառնալով Էնրիկո Ապրիամովի այս տեսակետին՝ ասաց. «Միայն մի մասով կարող եմ համակարծիք լինել իր հետ. ոչ թե 150, այլ մեկ զինվորի կյանքն էլ մեզ համար թանկ է, ինչի՞ մասին է խոսքը: Մենք պետք է առաջնորդվենք՝ որքան քիչ զոհ, այնքան լավ: Իսկ մնացածը՝ կքննարկենք՝ կասենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2019
Չիմացողներին տեղյակ պահեմ, որ Թալիշ գյուղը ունի շատ մեծ ռազմավարական նշանակություն ամբողջ Արցախի հետագա ճակատագրի համար: Այդ տարածքները պետք է հետ բերվեն հենց առաջին հնարավորության դեպքում: Դրանք սոսկ հասարակ հեկտարներ չեն: Գնացեք ու տեսեք ձեր աչքերով և ամեն ինչ պարզ կլինի: Իսկ նախկին ղեկավարության այն պնդումը, որ այդ տարածքները չունեն ռազմավարական նշանակություն միայն խաբեություն է: