«Լազարևյան ակումբի» խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախ այցելած Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների հետ կապված:
Հայտարարության մեջ նշվում է, որ Պետդումայի պատգամավոր Զատուլինի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը և հարձակումները, որոնք օգտագործում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայում են այդ հոդվածների հեղինակների ցածր մակարդակի մասին: Բացի այդ հրապարակված հոդվածներում ճշմարիտ ոչ մի խոսք չկա, ինչը վկայում է այդ նյութերի պատվիրված լինելու մասին: «Այս ֆոնին օրինաչափ հարց է ծագում՝ ինչու ադրբեջանական կողմը համանման արձագանք չի ցուցաբերում Ֆրանսիայի, Գերմանիայի կամ ԱՄՆ-ի ներկայացուցիչների Արցախ այցի պատճառով: Պատասխանն ակնհայտ է. գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության և արևմուտքի գործընկերներին հաճոյանալու հետ… Զատուլինը միշտ հանդես է եկել հօգուտ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծման»:
«Լազարևյան ակումբ»-ն անդրադարձել է նաև ՌԴ Պետդումայի որոշ ընդդիմադիր պատգամավորների պահվածքին, որոնք կարծում են, որ Զատուլինն իրավունք չունի հանդես գալ ղարաբաղյան կարգավորման թեմայով՝ պնդելով, որ Պետդուման և առհասարակ պետությունը չի կիսում նրա դիրքորոշումը: «Նրանց չի՞ գոհացնում Զատուլինի խաղաղությանը կամ ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանն ուղղված կոչը, որի մասին Զատուլինը խոսել է Ստեփանակերտում: Որտեղ են նրանք տեսել, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, ժխտում է այդ դիրքորոշումը: Եվ ե՞րբ և ո՞վ է Պետդումայում քվեարկել ղարաբաղյան հակամարտության այս կամ այն նախաձեռնության օգտին»,-ասվում է հայտարարության մեջ:
Ակումբի խորհուրդն ընդգծում է, որ մտադիր չէ սեպ խրել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: «Մեր ընդհանուր խնդիրն է հանրային լայն քննարկման միջոցով գտնել ցավոտ և ձգձգված ճգնաժամից դուրս գալու ուղիներ, որպեսզի Կովկասի ժողովուրդները խաղաղություն, կայունություն ձեռք բերեն»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ