«Հաջողության կարելի է հասնել ամեն տեղ: Պետք է ուղղակի շատ աշխատես, զարգանաս ամեն օր ու առաջ գնաս, կարևոր չի թե որտեղ ես»:
Հոկտեմբերի 18-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ հայ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովի առաջին՝ «Պաստելային պոեզիա», առաջին ֆոտոգրքի շնորհանդեսը:
Կարեն Խաչատուրովը ինքնուսուց լուսանկարիչ է, որը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 2014 թվականից: 5 տարիների ընթացքում նա հասել է բազմաթիվ հաջողությունների: Ունեցել է ցուցահանդեսներ տարբեր երկրներում: Այս պահին Խաչատուրովը ցուցադրվում է Իսրայելում, Վրաստանում և Չինաստանում:
Մեկնաբանելով ֆոտոգրքի շնորհանդեսը՝ Կարեն Խաչատուրովը նշեց. «Ֆոտոգրքում ես փորձել եմ խառնել ուտոպիայի գաղափարը դիստոպիայի գաղափարի հետ: Այսինքն` կերպարները, որոնք առաջին հայացքից վախենալու են թվում՝ դիստոպիայի մաս են կազմում, իսկ գույները, երանգները՝ ուտոպիայի մաս, ամբողջական աշխարհի մեջ փորձել եմ այդ երկու աշխարհը միացնել իրար»։
Մեզ հետ զրույցում Խաչատուրովն ասաց. «Սիրում եմ շատ ճանապարհորդել, բայց դեռ մշտական տեղափոխվելու կարիք չեմ տեսնում: Եթե գնամ՝ ամեն բան կարող է փոխվել՝ լավ, թե վատ չգիտեմ: Ամեն ինչ՝ ներշնչանք, ոգեշնչում առաջին հերթին գալիս է այնտեղից, որտեղ դու ծնվել ես ու ապրում ես: Այն ինչ կա հիմա՝ այստեղի էմոցիաներն են ու այստեղի կյանքը, եթե գնամ շատ բան կփոխվի»:
Կարեն Խաչատուրովը պատմեց իր հետագա քայլերի մասին. «Մյուս ամիս Հայ-Արտ մշակույթի կենտրոնում ունենալու եմ անհատական ցուցահանդես՝ Հայաստանում երրորդ սոլո ցուցահանդեսս: Ու դրսում էլ պարբերաբար ցուցադրվում եմ»:
Այն երիտասարդ արվեստագետներին, որոնք ինչ-ինչ վախեր ունեն կամ ցանկանում եմ Հայաստանից գնալ հաջողության հասնելու համար Խաչատուրովն ասաց. «Վախենալ միանշանակ պետք չի, գնալն էլ հարցի լուծում չի: Ճանապարհորդել, շփվել դրսի մարդկանց հետ միանշանակ պետք է, բայց այնպես չի, որ դու քո երկրում չես կարող հաջողության հասնել, չեմ հավատում»:
Սոնա Քաբաբյան