Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի զարմիկը պատմում է՝ 73-ամյա հոր տունը 2008-ին խուզարկել են, կալանավորել ու ԱԱԾ մեկուսարանում պահել՝ ընտրություններին կեղծիքներ թույլ չտալու համար

Հոկտեմբեր 18,2019 21:44

Վանո Սիրադեղյանի եղբոր որդին՝ Սասուն Սիրադեղյանը բոլոր նրանց, ովքեր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ աշխատակիցների այցը համարում են կարմիր գիծը հատել կամ 37 թիվը, հիշեցնում է հոր 2008-ին ձերբակալությունն ու կալանավորումը:

Սասուն Սիրադեղյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես էին հորը՝ Սերյոժա Սիրադեղյանին կալանավորել 2008 թվականի փետրվարին, եւ պահել ԱԱԾ-ի մեկուսարանում: Սիրադեղյանն ասաց, որ հոր դեմ գործն ուղղակի «սարքած էր»:

«2008-ին փետրվարի 26-ին է եղել: Ընտրություններին հորաքրոջս տղան՝ Յուրա Մամյանը Նոյեմբերյանում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր, երկուսով էինք համակարգում աշխատանքները: Հորս եւ Յուրա Մամյանի ձերբակալության պատճառն այն էր, որ այդ ընտրատարածքում թույլ չէինք տվել որեւէ անօրինականություն: ՀՀԿ-ի համար դա մեծ «մինուս էր»: Նույն օրը ձերբակալել են հորս եւ հորաքրոջս ամուսնուն: Հայրս ապրում էր Կոթիում, ես դեռ 1983 թվականից այդ տան գրանցումից դուրս էի եկել: Հորս տան խուզարկության սանկցիան տվել էին իմ անունով: Հորաքրոջս ամուսինն էլ Նոյեմբերյանում էր բնակվում, նույն օրը առավոտ ժամը 5:30-6:00-ի սահմաններում, ինչի իրավունքը չունեին, մտել էին երկուսի տները ու երկուսին էլ նույն օրը ձերբակալել, հետո կալանավորել: Մտել էին իմ հայրական տուն, խուզարկել, առգրավել էին զենք՝ «ՏՈԶ», առանց պատրոնի: Բայց սկզբում պետական հեղաշրջման փորձ էին գրել հորս վրա: Հետո փոխեցին, դարձրեցին անօրինական զենք-զինամթերք պահել: Մենք բոլորս էլ պատերազմական գործողություններին մասնակցել ենք, չորս ախպեր էինք, չորսս էլ մասնակցել ենք կռվին: Սահմանամերձ գյուղ է, էդ կարգի զենք ում տանն ասես՝ որ չէր լինի, բա ինքնապաշտպանական գործողություններ էին»,-պատմեց Սասուն Սիրադեղյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2008-ին հայրը 73 տարեկան էր, 2 ամսից ավելի կալանավորված է եղել, սկզբում՝ ԱԱԾ-ում, հետո տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ. «Դատարանի վճռով հայրս պայմանական վաղաժամկետով ազատվեց, բայց դատարանը վճռել էր 2 տարվա ազատազրկում: Հորաքրոջս ամուսնու՝ Յուրա Մամյանի տանից էլ ավտոմատի պատրոն էին գտել՝ առանց զենքի: 4 տարվա ազատազրկում էլ Յուրիկին էին տվել, էն ժամանակ նա 62 տարեկան էր: 2 տարի, թե՝ 2 տարի 6 ամիս էլ Յուրիկը նստեց, հետո 1/3-րդով ազատվեց»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Բա մի քիչել 1996-ից պատմի ոնց էիք կեղծում, ոնց էր հոպարդ ասում մեր դեմ խաղ չկա։
    2008-ինել եք ձեր գյուղում կեղծել Լևոնի օգտին ոչ թե իբր թույլ չեք տվել որ կեղծեն։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031