Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ասեց՝ կարո՞ղ ա վաղը խորհրդականիս տեղն էլ ուզեք, այդքան անսպասելի էր». Սերգեյ Բագրատյան

Հոկտեմբեր 18,2019 21:33

Այսօր «Կուսակցությունների մասին» օրենքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, որը մասնակցել էր օրենքի մշակման աշխատանքներին, ներկայացրեց հայեցակարգը, որի հիման վրա էլ պիտի պատրաստվի սահմանադրական օրենքը:

Մազմանյանը խոսեց կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության բարձրացման մասին: Աշխատանքային խումբը եկել է եզրակացության, որ, օրինակ, կուսակցություններից չպետք է պահանջել այլեւս գրանցված ստորաբաժանումներ ունենալ Երեւանում եւ մարզերի առնվազն մեկ երրորդում։ Ժամանակակից հաղորդակցության միջոցները դա անիմաստ են դարձնում:

Մեր Սահմանադրությունը նախատեսում է կուսակցությունների գործունեությունը կասեցնել միայն ՍԴ որոշմամբ՝ երկու հիմքով՝ օրենքի կոպիտ խախտման կամ համապետական երկու եւ ավելի ընտրություններին չմասնակցելու դեպքում։ Աշխատանքային խումբը որոշել է օրենքի կոպիտ խախտման հիմքը հանել, քանի որ դա կարող է որպես մահակ օգտագործվել ու կամայականությունների տեղ տալ: Կարեւորվեց կուսակցություններին պետական աջակցություն տրամադրելու հարցը. «Ներկայում նախատեսված պետական աջակցությունը բավարար չէ, առաջարկում ենք ավելացնել կուսակցություններին տրվող պետական աջակցության ծավալը՝ գուցե 5 կամ 10 անգամ»:

Կուսակցությունները նվիրատվություն անելիս պետք է զգուշավոր լինեն, կանխիկ նվիրատվությունները պիտի բացառվեն: Կուսակցությունները նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն պիտի չունենան, բացի հրատարակչական գործունեությունից:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց, որ եթե կուսակցությունը 2 համապետական ընտրություններին չի մասնակցում, առնվազն նորից գրանցվի՝ որպես կուսակցություն, որ հասկանանք՝ դեռ կենսունակ է: Առաջարկվում է նաեւ, որ ոչ թե 100, այլ 50 հիմնադիր անդամով հնարավոր լինի գրանցել կուսակցություն, որովհետեւ եվրոպական երկրներում 3 հոգով էլ են կուսակցություն գրանցում, կարեւորը՝ գաղափարներ ունենան ու պայքարեն դրանք իրականացնելու համար. «Գաղափարի շուրջ պետք է հավաքվեն, ոչ թե կուսակցություն ստեղծեն, հետո գաղափար փորձեն լցնել»,- ասաց ԲՀԿ-ականը:

Բագրատյանը գոհ էր ՀԱԿ-ի առաջարկած մոտեցումից՝ կուսակցություններին ֆինանսավորելու հարցում, ըստ այդ առաջարկի, գործարարները կարող են իրենց ԱԱՀ-ի 0,25%-ն ուղղել այն քաղաքական միավորին, ով սպասարկում է իրենց հոգեհարազատ քաղաքական ուղղությունը:

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պետք է լավ մշակույթ բերել, որ այլեւս չքարկոծեն, երբ գործարարն ուզի ֆինանսավորել կուսակցությանը. «Այսօր լավ քայլեր է արել իշխանությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ՀԾԿՀ-ում, Հաշվեքննիչ պալատում, ընդդիմությանը տեղեր է հատկացրել: Սա մշակույթ է, որ այլեւս քաղաքացին չի վախենալու՝ գիտեք, ես ընդդիմության հետ գործ չունենամ, գործս չտուժի, փաստացի կառավարման համակարգում ընդդիմությունը տեղ է ունենում: Առաջ տան մի անդամը ընդդիմություն էր լինում, սաղ տնով փախնում էին: Սեւակը լավ էր ասում՝ կան խայտառակ ժամանակներ, մենք այդ խայտառակ ժամանակներն անցանք: Որեւէ իշխանություն առանց ընդդիմության ճնշման քիչ հնարավոր է, որ լավ բան անի: Երբ ես առաջին անգամ առաջարկեցի, որ տեղեր տան մեզ, վարչապետն ասեց՝ կարո՞ղ ա վաղը խորհրդականիս տեղն էլ ուզեք, այսինքն, այդքան անսպասելի էր, որ մենք ցանկություն ենք հայտնել, որ մեզ տան: Ես ասեցի ՊՎԾ-ն տվեք ընդդիմությանը, վարչապետը հակադարձեց, հասկացա, որ պատրաստ չեն դրան, բայց պետք է էդ օրն էլ գա, որ որեւէ իշխանություն անսահման իշխանություն չունենա: Եթե մեր տան մեջ էլ մեզ չասեն տուն արի, տղամարդը կարող է տարիներով տուն չգա, բայց որպեսզի տան անդամները չխոսեն, ինքը, հարգելով կնոջը, ընտանիքի անդամներին, փորձում է հարմոնիան պահել: Նույնը իշխանության վերաբերյալ է, իշխանությունը անսահմանափակ ձգտումների մեջ է, եթե սա վերցրեց՝ հաջորդ քայլն է անելու: Պետք է ընդդիմությունը պահի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031